ԱՊԱՐԱՆՈՒՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՊԱՐԵՑ, ՆԿԱՐՎԵՑ ՈՒ ՏՈՐԹ ԿՏՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ապարանի հերոսամարտի 96-ամյակն էր, ինչի առիթով Ապարանում մեծ միջոցառում էր կազմակերպվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ: «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ա. Հովսեփյանը շուրջպար բռնեց ապարանցիների հետ, տորթ կտրեց, բոլորի հետ լուսանկարվեց ու հեռացավ:

Ավանդական դարձած տոնակատարությունը մեկնարկեց Ապարան քաղաքի հրապարակից, մասնակիցները քայլերթով բարձրացան դեպի «Վերածնունդ» հուշահամալիր, որից հետո ծաղկեպսակ դրեցին ինչպես հուշահամալիրի մոտ, այնպես էլ՝ Դրոյի եւ Արցախյան հերոսամարտում զոհվածների հուշակոթողներին: Աղվան Հովսեփյանին այս ընթացքում ուղեկցում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Ալեքսանյանը, Գարեգին Նուշիկյանը, Ա. Հովսեփյանի պատգամավոր եղբայրը` Ռուբեն Հովսեփյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը: Առանձնահատուկ ոգեւորվածությամբ Ա. Հովսեփյանի ուղեկցողի դերում էր նաեւ «X գրուպի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը` Ձվերի Խաչիկը, ով վերջին ժամանակահատվածում յուրաքանչյուր քայլափոխի հայտնվում է նախկին գլխավոր դատախազի կողքին:
Մեկնարկից որոշ ժամանակ հետո միջոցառմանը միացան նաեւ դաշնակցականներ Դավիթ Լոքյանն ու Լեւոն Մկրտչյանը` մշակույթի նախկին նախարար, գրող Հովիկ Հովեյանի ուղեկցությամբ: Վերջիններս կտրականապես հրաժարվեցին պատասխանել «Ժողովուրդ»-ի հարցերին: Նրանք Դրոյի եւ Արցախյան հերոսամարտում զոհվածների հուշակոթողներին ծաղիկներ դրեցին, մոտեցան, ողջագուրվեցին Ա. Հովսեփյանի հետ ու հեռացան:
Ապարանում էին նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցկության անդամ Տաճատ Վարդապետյանը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գեւորգ Դանիելյանն ու Ա. Հովսեփյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը եւս ներկա էին միջոցառմանը:
Հուշահամալիրի մոտ ծաղկեպսակներ դնելուց հետո Ա. Հովսեփյանի գլխավորությամբ բոլորը միասին շուրջպար բռնեցին, երգեցին, որից հետո Ա. Հովսեփյանը կտրեց տոնական տորթը: Ուշագրավ էր, որ միջոցառման բոլոր մասնակիցները ձգտում էին մոտենալ նախկին գլխավոր դատախազին եւ նրա հետ լուսանկարվել, իսկ պաշտոնյաները պարտադիր կերպով ներկայանում էին Աղվան Գառնիկիչին, նոր հեռանում: Եվ միայն պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր բոլորից հեռու` վրանի տակ, ժողովրդի հետ երգում ու պարում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս