ԺՈՂՈՎՐԴԻՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԵՆ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՈՉԽԱՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեքշաբթի օրը Բաքվում Հանրապետության օրվա առթիվ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է. «Հայաստանը պետք է շարունակի մնալ շրջափակման մեջ»: «Մենք պետք է հնարավորինս աշխատենք Հայաստանն այսուհետ եւս մեկուսացման մեջ պահել: Թեեւ ներկայում այն լիովին մեկուսացված չէ, այլ երկրների հետ նրա դռները բաց են: Սակայն մենք մեկուսացրել ենք Հայաստանը բոլոր տարածաշրջանային ծրագրերից, ինչի արդյունքում Հայաստանից նկատվում է զանգվածային արտահոսք»,-գոհունակությամբ արձանագրել է Ալիեւը` նշելով, որ վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանից տարեկան արտագաղթում է 80-90 հազար մարդ:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի եւ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի հետ` պարզելու նրանց տեսակետը Ալիեւի հայտարարության շուրջ:

ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Պարոն Հարությունյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իրենք մեկուսացրել են Հայաստանը բոլոր տարածաշրջանային ծրագրերից, ինչի արդյունքում նկատվում է երկրից զանգվածային արտահոսք: Որպես իշխանության ներկայացուցիչ` ինչպիսին է Ձեր գնահատականն ասվածին:
-Նրանք նպաստում են շրջափակմանը, դա անկասկած է: Բնականաբար, իրենք շրջափակում են եւ հրահրում Թուրքիային ու պահանջում, որ սահմանները չբացի: Բոլորին պարզ է, որ Թուրքիան սահմանները չի բացում հենց Ադրբեջանի պատճառով, բնականաբար նրա ասածի մի մասը ճշմարտություն է, բայց ոչ բոլորը: Թուրքիան այն գերտերությունը չէ, որ կարողանա ՀՀ-ին զրկել տարածաշրջանային զարգացման բոլոր հնարավորություններից: Դա ցույց է տալիս իր եւ իր պետության հայատյացությունը, որը ժողովրդավարական այս էտապում, ուղղակի բարբարոս, խանական, խալիֆական կամ սուլթանական հայտարարություն է:
-Այն, որ Հայաստանում մեծ չափերի արտագաղթ կա, հայտնի է բոլորին: Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը դա որակում է որպես իրենց ջանքերի շնորհիվ իրագործվող ծրագիր: Չե՞ք կարծում, որ…
-Իսկ Ադրբեջանում ատրագաղթ չկա՞, Ռուսաստանում ապրում են կրկնակի, եռակի թվով ավելի շատ ադրբեջանցիներ, քան հայեր, ինչ է, իրենք գործուղմա՞ն են ուղարկել: Սովետական բոլոր երկրներում արտագաղթ կա, ես դա ձեզ հավատացնում եմ` սկսած Ղազախստանից, վերջացրած Մերձբալթիկայով: Գիտեք ինչ կա, Ալիեւը մի մարդ է, մի քաղաքական գործիչ, ով աշխատում է միայն ներքին շուկայի համար, որովհետեւ նրա բոլոր քայլերն ուղղված են Ալիեւների գերդաստանի ժառանգական միապետության ստեղծմանը: Եվ այդպես իրենք ոչ թե գերագնահատում են, այլ ուղղակի ինքը գիտի, թե իր ներքին լսարանն ինչ է ուզում լսել ու դա էլ ասում է: Ես ձեզ հավատացնում եմ` ծանոթ լինելով ադրբեջանական ժողովրդի հետ, ես մի քիչ մոտիկ եմ կանգնած եղել ԼՂՀ-ում, հաճախ ենք շփվել, նրանց գիտակցության վրա, պատկերացրեք, նման բաները շատ հեշտ են ազդում, ինչը չեմ կարող ասել մեր ժողովրդի մասին: Դրա համար իրենց մոտ այդ ոչխարաբուծությունը շատ բարձր մակարդակի է: Իրենք իրենց ժողովրդին ղեկավարում են այնպես, ինչպես ոչխարներին: Իսկ դուք գիտե՞ք, որ ոչխարները ենթարկվում են նաեւ այծին: Էդ Ադրբեջանը ի՞նչ է դարձել, որ կարողանա ՀՀ-ին մեկուսացնել տարածաշրջանային ծրագրերից: Էդ Ալիեւի տեղը որ մի հատ չոբան թուրք էլ լինի, կարա էդ նույն բանն անի, սահմանները փակի: Վրաստանի հետ ունենք բարիդրացիական, եղբայրական հարաբերություններ` սահմանը բաց է: Հիմա դուք պատկերացրեք, որ Վրաստանի տեղն էլ լիներ մի մուսուլմանական երկիր… ինչ անենք, մեր բախտն էլ այսպես չի բերել:
-Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունից, ինչպես նաեւ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակից որոշ փորձագետների գնահատմամբ` պատերազմի «հոտ» է գալիս: Հնարավոր համարո՞ւմ եք պատերազմի վերսկսումը:
-Այ մարդ, Ալիեւից պատերազմ անող չի լինելու, պատերազմ անող մարդը հիմա 100 անգամ սկսել էր, դե դա արդեն զզվացրել է իր անիմաստ հայտարարություններով: Ինչքան ես ծանոթ եմ իրենց մարտական ոգուն` էդ տանկերով, ինքնաթիռներով թող բոլորովին չվախեցնի: Ինչպես հայտարարել էր ՊՆախարարը, տանկ քշող էլ է պետք, պատերազմի տարիներին մի հատ ադրբեջանցի չեղավ, ում բռնում էինք՝ կա՛մ ուկրաինացի էր, կա՛մ ռուս էր, կա՛մ չգիտեմ ինչ ազգ էր: Այդ հոխորտանքներն արդեն բազմաթիվ անգամ ենք լսել, իսկ Արցախի ժողովուրդն այդ հոխորտանքներից մի գրամ անգամ չի վախենում: Իսկ եթե անգամ կռիվ լինի, մենք պատրաստ ենք գնալու ու կռվելու:

ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ
-Պարոն Արսենյան, ինչպես եք գնահատում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ իրենց ջանքերի շնորհիվ հաջողվել է ՀՀ-ն մեկուսացնել բոլոր տարածաշրջանային նախագծերից եւ աստիճանաբար հայաթափել:
-Իսկ իրենք ի՞նչ են անում դրա համար, տոմս են առնո՞ւմ հայերի համար: Դա իրենց ապուշություններն են, մենք ի՞նչ կապ ունենք դրանց հետ:
-Բայց, ըստ Ալիեւի, իրենք շրջափակման մեջ են պահում ՀՀ-ն:
-ՀՀ բնակչության արտահոսքի, արտագաղթի համար կա մեկ պատասխանատու, իսկ դա ՀՀ իշխանություններն են: Մնացածը հերթական անիմաստ հայտարարություններ են:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս