«Աստանան կլինի՝ կտեսնեք»:
Էդուարդ Նալբանդյան tert.am
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն իր այս նախադասությամբ ի ցույց է դնում մեր երկրի արտաքին քաղաքական անկանխատեսելիության մակարդակը: Հենց այս քաղաքականության հետեւանքն է այսօրվա իրավիճակը, երբ անգամ երկրի բարձրագույն իշխանությունները չգիտեն իրենց վաղվա ծրագրերի իրականացման հաջորդականությունը: Դրա համար էլ մեր երկրում ամեն ինչ առաջ է ընթանում իներցիայի ուժով: Տպավորություն է, որ իշխանության ներկայացուցիչները անկարող են ազդել գործընթացների վրա: Իրադարձություններն իրենք են տանում մեր երկիրը, ու անհայտ է, թե որ ուղղությամբ:
«Ոմանց կարող է թվալ, թե դիվանագիտությունն ազնվության հետ կապ չունի, բայց հենց ազնվությունն է հաջող դիվանագիտական աշխատանքի հիմնական նախապայմանը»:
Ավետ Ադոնց «Մեդիամաքս»
Ազնվություն` մեր իշխանական շրջանակներում հայտնվելու, այնտեղ պաշտոններ զբաղեցնելու եւ քաղաքական տարբեր խաղերի մասնակցելու համա՞ր: Եթե Բելգիայում ՀՀ դեսպանը նման մոտեցում ունի քաղաքականությանը եւ դիվանագիտությանը, ուրեմն առնվազն չի հասկանում ոչ մեկից, ոչ էլ՝ մյուսից: Կարծես թե նույն դեսպանն էր, որ մի կողմից՝ իշխանական թիմի շահերն էր սպասարկում, մյուս կողմից էլ, ըստ շրջանառվող լուրերի, երբ վերջին նախագահական ընտրություններից առաջ Ծառուկյանը Բրյուսել էր մեկնել բողոքելու Հայաստանի կոռումպացված իշխանություններից, Ադոնցն էր այնտեղ դիմավորել նրան եւ կազմակերպել հանդիպումները:
«Դա կոմերցիոն հարց է, այստեղ քաղաքականություն չկա, եւ պետք չէ այս հարցերի վրա կանգ առնել, ես այստեղ որեւէ կրիմինալ չեմ տեսնում, սարսափելի ոչինչ չկա։ Հայաստանի հետ նույնպես մենք ունենք ռազմատեխնիկական հարաբերություններ, առեւտուր»:
Իվան Վոլինկին Armlur.am
Լավ, ընդունելի է, որ Ռուսաստանի՝ Ադրբեջանին տանկեր վաճառելը կարող է լինել զուտ կոմերցիոն գործարք, սակայն այդ դեպքում ի՞նչ կարիք կա ՌԴ-ՀՀ հարաբերությունները ձեւակերպել որպես ռազմավարական դաշնակիցների հարաբերություններ: Միգուցե ավելի ճիշտ կլինի, որ երկու երկրները միմյանց համարեն պարզապես տնտեսական եւ մի քանի այլ ոլորտներում համագործակցողնե՞ր, եւ այդ դեպքում թշնամուն զենք վաճառելը զարմանք չի հարուցի, սովորական բիզնես է, ուրիշ ոչինչ: Եվ այդ դեպքում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն էլ այլեւս կարիք չի ունենա Ռուսաստանի՝ ամեն մի նման քայլի համար իր անհեթեթ մեկնաբանությունները տալու:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ