ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵՑԻՆ

Այս տարվա մայիսի 10-ին Իջեւանի զորամասում մահացած Ներսես Կարապետյանի գործով դեպքից հետո առաջին անգամ հարցաքննել են նրա ընտանիքի անդամներին: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց զինվորի քեռին` Աիդին Հարոյանը: Հիշեցնենք, որ զինվորի հարազատները հայտարարել էին, որ Ներսեսը դեպքից մեկ օր առաջ զանգահարել է ծնողներին եւ տեղյակ պահել, որ իր վաշտի հրամանատարն իրեն հանգիստ չի տալիս եւ բենզինի գումար է պահանջում: Նշենք, որ այդ գործով մինչ օրս որեւէ ձերբակալված անձ չկա:

ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՉԲՈՂՈՔԵԼ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած քաղաքացիներին խոստացել են, որ մոտ մեկ ամսից կսկսվեն իրենց բնակարանների կառուցման աշխատանքները: Բանն այն է, որ «Արցախբանկ»-ի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլեր» եւ «Ավի» ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը, ով վերջերս է ԱՄՆ-ից ժամանել, բնակիչների հետ հանդիպմանը խոստացել է, որ այս հարցին լուծում կտրվի: Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ քաղաքացիները կարող են ընտրություն անել՝ կա՛մ բնակարանը, կա՛մ գումարը: «Ժողովուրդ»-ը քաղաքացիներից տեղեկացավ, որ բանկում այս հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել: Նրանք մտադիր են շենքը հանել գրավադրումից, ինչի արդյունքում գործը նորից մտնելու է դատարան: Իսկ «Տոնուս»-ից տուժած բնակիչներին հրահանգված է այս ընթացքում չաղմկել եւ բողոքի ակցիաներ չանցկացնել, որպեսզի հարցն արագ լուծվի: Ի դեպ, բնակիչների մոտ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Աշոտ Տոնոյանին հրավիրել են բանկ եւ ներկայացրել ստեղծված պատկերը:

ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՆԴԻՊԵՆ

«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցներն առաջիկայում հնարավոր է հանդիպեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ավիաընկերության նախկին աշխատակիցներից: Նրանք տեւական ժամանակ է, ինչ չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձերը եւ հիմա հայտնվել են անելանելի վիճակում: «Ժողովուրդ»-ը «Արմավիա»-ի ինժեներներից տեղեկացավ նաեւ, որ իրենց կողմից կազմակերպվող բողոքի ակցիաների պատճառով այս օրերին ընկերության հաշվապահը, ֆինանսների գծով տնօրենը աշխատանքի չեն գնում:

ՀԱՄԱՄԻՏ Է ՆԿԱՏՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարներ ստացել են կարգապահական տույժ` «նկատողություն»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Արագածի արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրեն Վարդգես Կիրակոսյանն անդրադառնալով նախարարի կողմից նաեւ իրեն արված նկատողությանը, ասաց. «Տեխնիկական խնդիրների հետ կապված է եղել, մենք որոշ թղթեր ուշ ենք ներկայացրել նախարարություն, այդ պատճառով է եղել»: Հարցին, թե ինչ փաստաթղթեր են եղել, որոնք հասցրել են այն աստիճանի, որ նախարարը նկատողություններ է հայտարարել, ուսումնարարանի տնօրենը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, թե չի կարող ասել:




Լրահոս