ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մարտի 17-ին Արա Ավետիսյանն ազատվեց Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի կամ նախկին Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնից, որին հաջորդեցին վերջինիս կատարած չարաշահումների ու կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումները: Արդյունքում այդ հրապարակումների հիման վրա ոստիկանության քննչական մարմնում նյութեր էին նախապատրաստվել: Սակայն Արա Ավետիսյանի դեմ քրեական գործ չհարուցվեց` հանցակազմի բացակայության հիմքով։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Ավետիսյանն անդրադառնալով իր, ինչպես նաեւ համալսարանի դեմ հարուցված քրեական գործերին որոշեց սպառնալիքով պատասխանել. «Ուրեմն հարուցողին հարցրեք, կասեցնողին հարցրեք, խուտուտ տվողին հարցրեք, ինչ ասեմ: Ինչի եք ուզում, որ ես էլ Շուշանի նման ասեմ»:

Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանն, իհարկե, կարող է իրեն այդպես անվայել պահվածք թույլ տալ, քանի որ արդեն երկրորդ անգամ է փրկում իր կաշին: Նկատենք, որ վերջին մի քանի տարիներին զարմանալի միտում է նկատվում, երբ որեւէ գերատեսչությունում անօրինականությունների հետ կապված քրեական գործ է հարուցվում, ապա այն կասեցվում է կամ էլ մեր իշխանությունները սահմանափակվում են միայն ղեկավարներին պաշտոնանկ անելով: Իսկ մինչ այդ անդրադառնանք Արա Ավետիսյանի գործունեության հետեւանքներին:

Որտեղից սկսվեց կռիվը
Դեռեւս 2013թ. հունիսի 25-ին, Պոլիտեխնիկում ապօրինաբար պետական գույք օտարելու դեպք էր բացահայտվել: ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) պետական ոչ առեւտրային կազմակերպության պաշտոնատար անձինք, օգտվելով ՀՀ պետական կառավարման մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքից, վատնել են ՀՀ Կառավարության 2010թ. մայիսի 13-ի թիվ 654-Ն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի` 18.286.607 ՀՀ դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը` 2012թ. մարտի 28-ին «Երեւանի Ադամանդ» ապրանքա-հումքային բորսա» ՓԲ ընկերության միջոցով 2.251.605 ՀՀ դրամով ապօրինի օտարել` վաճառել են այլ անձի:
Արդյունքում ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Եվ ահա շուրջ մեկ տարի անց ընթացող քննությունը վերջերս կասեցվել է: «Ժողովուրդ»-ը հատուկ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» (Պոլիտեխնիկ) պետական ոչ առեւտրային կազմակերպությունում ենթադրաբար կատարված յուրացման եւ անփութության հատկանիշներով հարուցված քրեական գործով անհրաժեշտ փորձաքննություն կատարելու նպատակով ՀՔԾ-ն գրավոր դիմել է օտարերկրյա մի շարք կազմակերպությունների` ՀՀ բացակայող փորձագիտական ուսումնասիրման մեթոդների, սարքերի տրամադրման հարցում աջակցության ակնկալիքով:
Ուստի մինչ վերը նշված միջնորդությունների պատասխանները ստանալը հարուցված քրեկան գործի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
Հ. Գ. Ամեն դեպքում զարմանալի էր Արա Ավետիսյանի այդօրինակ պահվածքը: Վերջինս իրեն արդարացնելու կամ պետական մարմինների գործողությունները պարզաբանելու փոխարեն լավագույն տարբերակը համարեց լրագրողին սպառնալ` հոխորտալով. «Շուշանի նման ասեմ»: Արա Ավետիսյանը հավանաբար մոռացել է, որ Շուշանը կին է եւ այն, ինչ կարելի է կնոջը, չի կարելի տղամարդուն: Եվ եթե այդքան սպառնացող է նախկին ռեկտորը, թող սպառնա այն պետական մարմիններին, ովքեր հարուցել են այդ գործերը, եւ ոչ թե լրագրողին, ով իրեն հարց է ուղղում պետական մարմինների կատարած գործողությունների մասին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս