Ժամանակ տալը լավ բան չէ. Շարմազանովը` ընդդիմությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը դեռևս չի հասցրել ամբողջապես ծանոթանալ ոչ իշխանական չորս ուժերի կողմից ներկայացված 12 պահանջներին: Այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցի ընթացքում:

Հիշեցնենք, որ ոչ իշխանական ուժերը ներկայացրել են 12 կետանոց պահանջներ և իշխանություններին ժամանակ տվել մինչև սեպտեմբերի վերջ` նշված խնդիրները լուծելու համար:

«Կարող եմ ասել, որ առաջին հերթին աչքի զարնեց, որ ռադիկալ կոչեր չկան, և այդ բոլոր առաջարկները քննարկման արժանի են: Այս 12 կետերի լուծումը մեծ մասամբ կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Կոնկրետ ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիա օժտելը կարելի է քննարկել, բայց դա պետք է օրենքով ամրագրվի», – նշեց նա՝ հավելելով, թե իշխանությունների օրակարգն ավելի լայն  է, բայց իրենք պատրաստ են քննարկել այս կետերը:

Նրա խոսքով,  իշխանությունը նախևառաջ  իր օրակարագով է առաջնորդվում, իսկ այս կետերում ամբողջական օրակարգը ներառված չէ: «Մի բանում մենք միասնական ենք. այնտեղ Լեռնային Ղարաբաղի հետ կապված կետ կար և այստեղ միասնական կարծիք կա: Կուտակայինի հետ կապված իշխանությունը, կառավարությունն իր կարծիքն արտահայտել է, կա աշխատանքային խումբ, 100 % համամասնականի շուրջ մենք մեր կարծիքն ունենք, իրենք՝ իրենց, բայց դա չի նշանակում, որ այս հարցը չի կարող էլի քննարկվել, – ընդգծեց նա:

Շարմազանովը զարմանք հայտնեց, որ այս կետերի մեջ իրենք չեն ներառել կամ միգուցե դեռևս չեն հստակեցրել օրվա ամենակարևոր խնդիրներից մեկը` սահմանադրական փոփոխությունները, առանց որոնց հնարավոր չէ:

Մեր այն հարցին, թե ոչ իշխանական ուժերը մինչև սեպտեմբերի վերջն են ժամանակ տվել. արդյոք  կկարողանան մինչ այդ կատարել բոլոր պահանջները նա նշեց.«Առհասարակ ժամանակ տալը լավ բան չէ»:

Իսկ ճշտող հարցին, թե մինչ այդ էական արդյունքներ կարող ենք տեսնել,  նա նշեց. «Ես համոզված եմ, որ դուք տեսել եք, որ իշխանությունները գնում են էական ֆունդամենտալ բարեփոխումների ճանապարհով: Դե կարողա մեկը տեսնում է, մյուսը չի տեսնում, մեկը ավելի շատ թերություններնա տեսնում, մյուսն ավելի շատ ձեռքբերումներնա տեսնում: Բայց այն որ այս բոլոր հարցերը իշխանության օրակարգում կան, դա փաստ է», – ընդգծեց նա:

Իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե կարող է այս 12 կետերի արդյունքում վարչապետ փոխվի, նա արձագանքեց. «Բայց ով է ասել, որ այս պահանջներից ելնելով ենք մենք վարչապետ փոխել: Մեր հարգարժան նախկին վարչապետի հրաժարականի դիմումը հարգել ենք և փոխել ենք վարչապետին»:




Լրահոս