«Մենք ամփոփել ենք և ներկայացնելու ենք մեր գնահատականը` որքան պետք է լինի սպասվող էլեկտրաէներգիայի թանկացումն առաջիկայում: Այս պահին արդեն ավելի ճշգրտված մոտեցում ունենք` 3.85 դրամ»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նշենք, որ նա խորհրդարանում էր ՀՅԴ խմբակցությանը հանդիպելու նպատակով:
«Մենք որպես պետական կառույց պարտավոր ենք ցանկացած խմբակցության հետ քննարկում անցկացնելու, եթե կա հետաքրքրվածություն տվյալ հարցի նկատմամբ: Ես որպես հրապարակային և թափանցիկ կառույց պարտավոր եմ ընդունել իրենց հրավերը: Իրենք են հրավիրել»,- հայտարարեց նա:
Նազարյանն, անդրադառնալով ՀԷՑ-ի հայտարարություններին նշեց. «ՀԷՑ-ի հայտարարությունը չգիտեմ` ինչպիսին է, ՀԷՑ-ը սուտ ինֆորմացիա է տվել, որ սպառումը նվազել է: Նախորդ տարվա նկատմամբ յոթ տոկոս սպառումն ավելացել է»:
Իսկ թե կոնկրետ, երբ կթանկա էլեկտրաէներգիան, հանձնաժողովի նախագահը չասեց. «Որոշված կլինի այն ժամանակ, երբ մեր կոլեգիալ մարմինը, կանենք հանձնաժողովի նիստ»: