«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ ՀԷՑ-ի շուրջ ծավալվող քրեական գործը նոր զարգացում է ստացել․ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ ընկերությանը պատճառվել է ավելի քան 64,5 միլիարդ դրամի վնաս, իսկ ենթադրյալ հափշտակության և փողերի լվացման գործով քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ։
Նրանց թվում է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը նոյեմբերի 5-ին դատարանի որոշմամբ կալանավորվել է մեկ ամսով։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔԿ-ի վարկածով՝ 2016-2024 թվականներին ՀԷՑ-ում գործել է սխեմա, որի շրջանակում ընկերությունը ներգրավել է անհրաժեշտից ավելի մեծ վարկային միջոցներ, ապա այդ գումարները տարբեր մեխանիզմներով փոխանցել բաժնետերերին և փոխկապակցված կազմակերպություններին։
Քննիչների պնդմամբ՝ գործարքների մի մասը ներկայացվել է որպես շահաբաժիններ, փոխառություններ և կանխավճարներ, իսկ ավելի քան տասը փոխկապակցված ընկերությունների միջոցով փորձ է արվել քողարկել գումարների իրական շարժը։
Քննչական կոմիտեի ներկայացրած հաշվարկով՝ վնասը կազմում է 64 մլրդ 585 մլն 780 հազար դրամ։ Դրանից շուրջ 23,1 միլիարդ դրամը, ըստ քննության, 2024-2025 թվականներին ՀԷՑ-ից փոխանցվել է բաժնետերերին՝ «Լիորմանդ Հոլդինգս Լիմիտեդ»-ին և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին՝ որպես շահաբաժին։
Գործի առնչությամբ խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարել է, որ եթե 64 միլիարդ դրամի չարաշահում է տեղի ունեցել, իրավապահները պարտավոր են գործողություններ ձեռնարկել։ Վարչապետը նաև ներկայացրել է ՀԷՑ-ի գնումների համակարգում հնարավոր չարաշահումների իր վարկածը՝ նշելով, որ փոխկապակցված ընկերությունները կարող էին մրցույթներում հաղթել և գերշահույթ ստանալ։
Մինչդեռ Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմն ու նրա քաղաքական թիմը տեղի ունեցողը համարում են քաղաքական հետապնդում։ ՀԷՑ-ի կողմից ՔԿ-ի ներկայացրած 64,5 միլիարդ դրամի հաշվարկի վերաբերյալ առանձին բովանդակային պարզաբանում այս պահին հրապարակված չէ։
Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում ՀԷՑ-ի պետականացման գործընթացի ֆոնին։ Կառավարությունը նախաձեռնել է ընկերության բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացը, իսկ Փաշինյանը հայտարարել է ընկերությունը պետական սեփականություն դարձնելու և միջազգային կառավարչի հանձնելու մտադրության մասին։
Այսպիսով՝ առայժմ հանրությանը ներկայացված է ՔԿ-ի վարկածը, սակայն մի շարք հարցեր մնում են անպատասխան․ ինչպե՞ս է հաշվարկվել 64,5 միլիարդ դրամի վնասը, ո՞ւր են ուղղվել վարկային միջոցները, և ի՞նչ փաստաթղթերով է հիմնավորվում Սամվել Կարապետյանի՝ ենթադրյալ սխեման ղեկավարելու մեղադրանքը։ Վերջնական պատասխանը պետք է տա քննությունը և դատարանը։
Սոնա Գրիգորյան




























