Բուենոս Այրեսի իշխանությունները պաշտոնապես տեղ են հատկացրել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար. գրում է գրում է Asbarez-ը:
Արարողությանը մասնակցել են քաղխորհրդի ղեկավար Օրասիո Ռոդրիգես Լարետտան, մարդու իրավունքների և մշակութային բազմազանության գծով տեղակալ Կլաուդիո Ավրուժը, հայ համայնքի ներկայացուցիչներ և Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը:
Ռոդրիգես Լարետտան նշել է, որ թանգարանը կհիշեցնի մարդկությանը ոճրագործության անթույլատրելիության մասին, ոճրագործության, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ: Նա նշել է նաև հայ ժողովրդի հպարտությունը, որն «առավել ուժեղ դարձավ Ցեղասպանությունից հետո»: «Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Հոլոքոսթը կամ Ռուանդայի ցեղասպանությունը բացարձակ չարիք են: Այդ փաստերի իրողության ճանաչումը թույլ է տալիս մեզ և ապագա սերունդներին առավել լավ հասարակություն ունենալ»,-ասել է Ավրուժը:
Շինարարության համար միջոցները փոխանցվել են Հայոց ցեղասպանության հիմնադրամին, որը ղեկավարում են պրոֆեսոր Նելիդա Բուլղուրջյանը և ճարտարապետ Խուան Կառլոս Թուֆեկսյանը:
Ըստ Թուֆեկսյանի, առաջին հարկում կլինի Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցադրություն, երկրոդ հարկում ցուցադրությունը կներկայացնի Արգենտինայի հայերի մշակութային ժառանգությունը: Այնտեղ կանցկացվեն նաև թեմատիկ ցուցահանդեսներ: Երրորդ հարկում գրադարան կլինի:
«Մոնտեվիդեոյում և Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարաններ ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ կարելի է և պետք է հաղթահարել այն պետությունների ճնշումը, որոնք շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը, այսինքն Թուրքիայի ու Ադրբեջանի»,-ասել է Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Ալֆոնսո Թաբաքյանը: