Armenian text to speach

Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքները, բռնությունը և վայրագությունները. Կանադայի վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարություն է տարածել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ զոհերի հիշատակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է Կանադայի վարչապետի պաշտոնական կայքում։

«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, որը հայտնի է նաև որպես Մեծ եղեռն։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերին և բոլոր նրանց, ովքեր անհավանական տառապանքներ են կրել պատմության այս մութ էջերում»,-հայտարարել է Կանադայի վարչապետը։

Նա հիշեցրել է, որ 2006 թվականին Կանադան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

«Ճանաչման հետ մեկտեղ գալիս է նաև այն խոստումը, որ մենք երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքները, բռնությունը և վայրագությունները»,-նշել է Մարկ Քարնին։

Նա հավելել է, որ Կանադայում ապրիլը նշվում է որպես Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս՝ ժամանակահատված, երբ պետք է մտորել անտեղյակության և հանցակցության հետևանքների մասին։

«Ատելությանը դիմակայելու պատասխանատվությունը պատկանում է մեզ բոլորիս, և այդ պատասխանատվությունը սկսվում է հիշողությունից։ Հիշողության միջոցով մենք պարտավորվում ենք զգոն լինել, որպեսզի այս վայրագությունները երբեք չկրկնվեն»,-ընդգծել է Կանադայի վարչապետը։

 




Լրահոս