Իշխանությունն այդպես էլ չի կողմնորոշվում՝ լիարժեքորեն հավաքի հարկերը, մեղմի դրույքաչափերը, թե պահպանի այն բարձիթողի վիճակը, որը եղել է ու կա մինչև հիմա:
Դեռ նշանակման թանաքը չչորացած՝ Հովիկ Աբրահամյանը աղմուկ-աղաղակով, պատգամավորներին աշխատանքից կտրելով, օրենք խախտելով՝ բոլոր օլիգարխներին հավաքեց ու հայտարարեց, թե հարկային դաշտը սպասում է վերջիններիս: Բեկում այս իմաստով դեռևս չի նկատվել: Փոքր տեղաշարժի մասին խոսակցություններ նույնպես դեռ չկան: Մեծ չեն նաև հույսերը, թե «տնավարի» աշխատող գործարարները մի օր արթնանալու են պարտաճանաչ հարկատուներ դարձած: Եվ քանի որ խոշորներին հարկային դաշտ բերելը անհուսալի լինելու չափ անհավանական է, նոր վարչապետը «թեմայի շուրջ» ինչ-որ բան արած լինելու համար հիմա էլ սկսել է փոքր և միջին բիզնեսի գործերով զբաղվել: Մասնավորապես՝ ՓՄՁ խնդիրներին նվիրված հերթական նիստում որոշվեց շրջանառության հարկը 3,5 տոկոսից հասցնել 1 տոկոսի:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը վերահաստատեց իր մտադրությունը: Կարևորը, սակայն, ոչ թե ապացուցելն է, որ այն, ինչը համառորեն չարեց Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանի կառավարությունում մեկ օրում կարող է իրականացվել, այլ այն, որ տվյալ դեպքում վիճահարույց է, թե փոքր ու միջին կոչված բիզնեսից ինչ է մնացել և ում համար են նոր վարչապետի բարեփոխումները: Առավել ևս, որ դրանք գոնե բոլորին չեն ուղղված, այլ՝ խիստ սահմանափակ կատեգորիաների: Դիցուք, հարկային բեռի տակ կքած լրատվամիջոցները շարունակելու են 3,5 տոկոս շրջանառության հարկ վճարել…
Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը, և կարելի է խոշոր բիզնեսին կարգի հրավիրելու հարցը ստվերում թողնել, ձև անել, թե փոքր ու միջին բիզնեսի վերակենդանացման ուղղությամբ գործնական քայլեր են արվում, իսկ ընդդիմությանն անակնկալի բերել հայտնի 12 կետից բաղկացած պահանջագրի դրույթները հնչեցնելուց ուղիղ 1 օր անց՝ ցույց տալով թե դրանցից մեկն արդեն իրագործվում է:
Դավիթ Վանեսյան