«ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը Հրազդանում կայացած ընտրություններում բազմաթիվ ընտրակեղծիքներ է արձանագրել:
-Պարո’ն Եղիազարյան, ինչպե՞ս կբնութագրեք փետրվարի 12-ին Հրազդանում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունները:
-Ընտրություն ասվածը Հրազդանում չի եղել: Ընտրությունն այն է, երբ քաղաքացին իր կամքով գալիս եւ ընտրում է իր նախընտրած թեկնածուին, իսկ այս դեպքում  կամքի մասին խոսելն անգամ ավելորդ եմ համարում: Միայն կամազուրկ մարդը կարող է 5000 դրամով գնալ ընտրության: Վարչապետը կես տարի առաջ իր հարցազրույցում ասել էր. «Հայաստանը պետք է մաքրենք, բա հո չե՞նք թողնի` մնան, հեղափոխություն անեն»: Հրազդան քաղաքն այսօր հայաթափված է, բնակիչների 50-60 տոկոսը չկա: Հիմա կարող եմ ասել, որ վարչապետին եւ Սերժ Սարգսյանին հաջողվեց իրագործել հայաթափման ծրագիրը:
-Լինելով վստահված անձ` ընտրակաշառքների եւ կեղծիքների ի՞նչ դեպքեր եք արձանագրել:
-Մի կին եկավ տեղամաս` հայտարարելով, որ ամբողջ շենքին փող տվել են,  իրեն` չէ: Մի փոքր ավելի ուշ արձանագրել եմ` ինչպես են քաղաքացուն տալիս արդեն իսկ լրացված քվեաթերթիկ: Եւ առհասարակ,  ես Հրազդանում տեսա շատ քաղցած մարդկանց, իշխանությունները միտումնավոր փակում են աշխատավայրերը, մարդիկ սոված են եւ  ստիպված լքում են իրենց բնակավայրերը: Ընտրատարածք եկած այդ կինը պատմեց, որ իր տանը երեխաները հացի են սպասում, նրան չի հետաքրքրում` հետագայում ինչ կլինի, կարեւորն այդ 5000 դրամով մի երկու օր գոնե երեխաները կշտանան:
-Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանի այցը Ծաղկաձոր հենց ընտրությունների օրը պատահականությո՞ւն էր, թե՞ ոչ:
-Իմ ունեցած տեղեկություններով` 15:00-ի սահմաններում Ս.Սարգսյանը հեռացել է: Մինչ 14:00-ը զանգահարել եմ պարոն Ջհանգիրյանին եւ ասել, որ սարսափելի բան է կատարվում ընտրատեղամասում: Գալիս են ընտրության, աչքերով ման գալիս իրենց տերերին, քվեախցիկից դուրս են գալիս թերթիկը բաց վիճակում, որպեսզի ցույց տան` ում են քվեարկել` փող ստանալու համար: Կեսօրին դադարեց սովյալ մարդկանց հոսքը, այդ պատճառով էլ գրեթե բոլոր ընտրատեղամասերում նախնական  արդյունքներով քվեաթերթիկները բացելուց հետո հաղթող էր Սասուն Միքայելյանը, դե Դանիելյանի թիմն ինչ արել` առավոտյան արել էր արդեն:
-Ամփոփելով Հրազդանի ղեկավարի ընտրությունները` ՀԱԿ-ն ի՞նչ դասեր քաղեց, ինչպե՞ս կարող եք մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ կանխել ընտրակաշառքի բաժանումը:
-Պետք է բնակչությանը փրկել քաղցից, անել այնպես, որ քաղաքացին 5000 դրամի համար չծախի իր ձայնը, 1 օր կուշտ լինելու համար չորոշի հազարավոր մարդկանց ապագան:
-ՀԱԿ-ը հետաձգել է փետրվարի 17-ի հանրահավաքը` հայտարարելով, որ պատճառը ցուրտ եղանակն է, իսկապե՞ս այդպես է, թե՞ տապալված ընտրություններն ինչ-որ  կապ ունեն:
-Պատճառը դա է, հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին, իսկ այն հարցին, թե հնարավոր չէ արդյոք մարտի 1-ին էլ հետաձգել հանրահավաքը` ցրտի պատճառով, կասեմ, որ նույնիսկ 50 աստիճան ցրտի պայմաններում դուրս ենք գալու Ազատության հրապարակ: Մարտի 1-ին սպանվել են մեր ընկերները, վիրավորվել մեր հարազատները, դա հիշատակի օր է, հանրահավաքը, միեւնույն է, կայանալու է:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս