«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ Կառավարության կազմած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում առաջարկվում է նախկին «կուտակային վճարի» փոխարեն կիրառել«սոցիալական վճար» տերմինը՝ պահպանելով պարտադիրի սկզբունքը:
Ըստ այդ նախագծի՝ պետական աշխատողների համար այդ վճարը կգործի օրենքի ընդունումից հետո, մասնավոր հատվածի համար՝ 2017 թվականից: Այս նախագծից արդեն պարզ է դառնում կառավարության ողջ մարտավարությունը, որը կայացավ պարզ խաբկանքում՝ ընդամենը նպատակ հետապնդելով մի կողմից՝ հանդարտեցնել կրքերը, մյուս կողմից՝ շարունակել կատարել Սերժ Սարգսյանի հրահանգը՝ անպայման կյանքի կոչելու պարտադիր կուտակային համակարգը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ նախագծում նաեւ նշված է, որ բարձրացումը տարածվելու է 1974թ. հետո ծնվածների վրա, այսինքն՝ նույն այն անձանց, որոնց վրա տարածվում էր պարտադիր 5 տոկոս կուտակային վճարային համակարգը: Կառավարության այս քայլը այլ կերպ, քան շարքային ժուլիկություն, դժվար է որակել, քանի որ գործադիրը պարզապես խաբում է հասարակությանը՝ նույն բանն այլ անունով ներկայացնելով: Պարտադիր կուտակային կենսաթոշակն այսուհետ կգանձվի սոցիալական վճարի անվան տակ:
Ու սրանից հետո, եթե Քառյակը եւ «Դեմ եմ» շարժման ակտիվիստները կտրուկ քայլերով չպահանջեն վերացնել համակարգը, ապա ստացվում է, որ ժուլիկությունը գերիշխում է նաեւ Քառյակում՝ առավելեւս, որ չորս ուժերից երկուսը՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, վարչապետի հետ քննարկում են այս նախագիծը՝ ի սկզբանե մերժելու փոխարեն»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: