ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ անցած տարվա նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած կառուցողական երկխոսությունը շարունակելու նպատակով շուտով երկու ղեկավարների նոր հանդիպում տեղի կունենա: Այս մասին Ուորլիքն ասել է ադրբեջանական Տրենդ գործակալությանը տրված հարցազրույցում:
«Մենք հույս ունենք, որ նախագահնմերը կընդունեն Ֆրանսիայի ղեկավար Ֆրանսուա Օլանդի` Փարիզում հանդիպելու առաջարկը», – ասել է Մինսկի խմբի համանախագահը:
Նրա խոսքով Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի կոչը «կառուցվածքային բանակցությունների» վերաբերյալ նույնպես երկրներին խաղաղ գործընթացի առաջխաղացման հնարավորություն է տալիս:
Ուորլիքը նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Ճակատային գծում նման դիվերսիաները արգելակում են հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչը հանդիսանում է մեր ընդհանուր նպատակը և կարող է բարօրություն և խաղաղություն բերել տարածաշրջանի բնակչությանը», – ասել է նա:
Անդրադառնալով համանախագահների տարածաշրջան կատարվելիք հերթական այցին՝ նա նշել է, որ անհամբեր սպասում է բանակցությունների շարունակմանը տարածաշրջանում կամ մեկ այլ վայրում: «Առայժմ մենք աշխատում ենք հաջորդ հանդիպման պլանավորման ուղղությամբ», -ասել է ամերիկացի համանախագահողը: