Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Դենիս Լեբեդևն իր երեխաների հետ միասին ավտովթարի է ենթարկվել: Ինքը՝ մարզիկը, դա «փոքրիկ պատահար» է անվանել և հավաստիացրել, որ իր և իր հարազատների հետ ոչինչ չի պատահել: Բռնցքամարտիկը խնդրել է իր երկրպագուներին չանհանգստանալ:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել «Դոն» մայրուղու վրա՝ Վորոնեժ տանող ճանապարհին: Լեբեդևը վարել է իր մեքենան, որի մեջ են եղել նրա երկու դուստրերը:
LifeNews հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ Լեբեդևի մեքենային է բախվել Hyundai Getz-ը: Այդ պահին բռնցքամարտիկի կրտսեր դուստրը քնած է եղել հետևի նստարանին, իսկ ավագը նստած է եղել հոր կողքին և կապված անվտանգության ամրագոտիներով:
Պատահարի հետ կապված՝ մարզիկը հիշեցրել է բոլորին անվտանգության ամրագոտիները կապելու անհրաժեշտության մասին:
2012-ից ի վեր՝ Դենիս Լեբեդևին է պատկանում Բռնցքամարտիկների համաշխարհային ասոցիացիայի վարկածով մինչև 90,71 քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա պրոֆեսիոնալ ռինգում 25 հաղթանակ է տարել և երկու պարտություն կրել: