Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ դատարանը կայացրել է սուտ մատնության մեջ մեղադրվող 23-ամյա Մերի Գաբրիելյանի վճիռը:
Տեղեկացնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Մ. Գաբրիելյանը 2013թ. ներկայացել է Եղեգնաձորի ոստիկանության բաժին և պատմել, թե իր երկու եղբայրները` Արման և Անդրանիկ Գալստյանները, իր կամքին հակառակ՝ խմբակային սեռական հարաբերություններ են ունեցել իր հետ:
Սակայն այս մեղադրանքն ավելի ուշ հենց կնոջ դեմ է շրջվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 333 հոդվածի չափանիշներով (սուտ մատնություն):
Իրականում քննությամբ պարզ է դարձել, որ կինը կենակցել է եղբայրների հետ իր կամքով և առանձին-առանձին:
Տևական ժամանակ հանդիպելուց և սեռական հարաբերություններ ունենալուց Արման Գալստյանի հետ, Մերին չի կարողացել համակերպվել այն փաստի հետ, որ տղամարդը որոշել է խզել իր հետ կապերը` ընտանեկան խնդիրներից խուսափելու համար:
Նրա հետ հարաբերությունները շարունակելու նպատակով կինը դիմել է նրա հորեղբոր որդուն` Անդրանիկ Գալստյանին` խնդրելով միջնորդել ու հաշտեցնել իրենց, բայց վերջինը հրաժարվել է:
Դրանից հետո Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող, Օնիկ Մկրտչյանին պատկանող տնակում Մերի Գաբրիելյանն իր կամքով Անդրանիկ և Արման Գալստյանների հետ մեկական անգամ սեռական հարաբերություն ունենալու պարագայում, վրեժխնդրության շարժառիթից ելնելով, հաջորդ օրը կատարել է սուտ մատնություն, թե Գալստյանները սպառնալիքների ազդեցության տակ խմբով իրեն բռնաբարել և իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կիրառել:
Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, Մերի Գաբրիելյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 1 տարվա ազատազրկման, սակայն պատիժը նրա նկատմամբ պայմանականորեն չի կիրառվել. դատարանը սահմանել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով։