Ինչու հայկական պատվիրակությունը հարց չուղղեց Ալիևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը հայտարարության տեսքով բացատրել է, թե ինչու հայկական պատվիրակությունը հարց չի ուղղել Իլհամ Ալիևին.

«Հայաստանում քննադատական մի քանի ձայն հնչեց՝ Իլհամ Ալիևին մեր պատվիրակության հարց չտալու կապակցությամբ: Փորձեմ առավել հստակ և մատչելի պարզաբանել. ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամությունը ենթադրում է նաև դիվանագիտական բնույթի աշխատանք, հետևաբար և՝ դիվանագիտական մոտեցումներ:   Եթե ունես մի քանի վայրկյան տևողությամբ հարցի իրավունք միայն, իսկ պատասխանողն՝ անսահմանափակ ժամանակ՝ իր «հակափաստարկներն» առանց պատասխանի ակնկալիքի հնչեցնելու՝ անհրաժեշտ է հաշվարկել նման հարցի օգտակարության կամ վնասակարության գործակիցը:

Եվ դա՝ անկախ հարցի արդարացիությունից կամ որակից:   Հարցն ինքնանպատակ չի կարող և չպետք է լինի: Եվ եթե ինքնանպատակ է, ապա դատապարտված է ձախողման, դարձյալ՝ անկախ իր արդարացիությունից կամ որակից: Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված և ինչպես դեպքը ցույց տվեց՝ արդարացված լռություն էր:   Լռություն, որ անսպասելի էր նախագահ Ալիևի համար և հիմք հանդիսացավ՝ մեր եվրոպացի գործընկերների կողմից հնչեցված հարցերին նրա խիստ անհավասարակշիռ և ռեակցիոն պատասխանի և վարքագծի, որն իր հերթին ԵԽԽՎ միջանցքներում խիստ բացասական տպավորություն գործեց՝ հենց ամենասկզբից փաստացի վարկաբեկելով Ադրբեջանի նախագահությունը:

Լռություն կա, որ բազում խոսքերից առավել զորեղ է:   Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված, արդարացված և արդյունավետ լռություն էր: Եվ այդ լռությունը գնահատել է պետք: Հայաստանյան մեր ընդդիմախոսներին նույնպես գոնե այս պարագայում՝ լռությունը չէր խանգարի», – հայտարարել է նա:




Լրահոս