ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամներն այդպես էլ չարձագանքեցին Իլհամ Ալիևի խայտառակ ելույթին: Նրանք լուռ լսում էին, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը հայերին մեղադրում մշակութային վանդալիզմի մեջ, կոչում ընդամենը 200 տարվա պատմություն ունեցող քոչվորներ և այլն: Եվ բարբաջանքների այդ երկարաշունչ տարափն այդպես էլ որևէ ձևով չխաթարվեց մեր պատվիրակության անդամների ելույթով:
Հայկական պատվիրակության անդամների պահվածքը շատ քննադատությունների արժանացավ: Նրանց պահվածքի մասին armlur.am-ը զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ: Նա նշեց, որ նախ պետք է արդար լինել և հասկանալ, թե վեհաժողովի աշխատանքներն արդյոք թույլատրում են հարցեր տալ և ինչ ֆորմատով են ընթանում դրանք:
«Պետք է փաստորեն նախօրոք գրանցվել հարցի համար: Այլ խնդիր է, թե մենք ընդունում ենք այն բացատրությունը, որ եթե հարց տայինք, նրան հնարավորություն կտայինք ավելի տարածվելու: Պետք է ասել, որ մեր պատվիրակության անդամներին ընդամենը 30 վայրկյան ժամանակ է տրվում: Եվ այս առումով միգուցե կարող ենք տրամաբանական համարել նրանց բացատրությունը», – նկատեց նա:
Պողոսյանը նշեց, որ հետևելով մամուլի և տարբեր հանձնաժողովների հայտարարություններին` պարզ է դառնում, որ մարդիկ բողոքում են: Միաժամանակ Պողոսյանի խոսքով` այլ երկրների պատվիրակները հնչեցրել են այնպիսի հարցեր, որ միգուցե և ցանկանային՝ մեր պատվիրակները բարձրացնեին:
Պատասխանելով այն հարցին, թե չէր կարելի արդյոք կանխագուշակել Ալիևի ելույթը և գրանցվել, նա նշեց.
«Խնդիրն այն է, որ միգուցե իսկապես կարելի էր նախօրոք գրանցվել և շատ հետաքրքիր հարց մտածել: Բնականաբար Ալիևն առաջին անգամ չէ այնտեղ ելույթ ունենում, իր վերջին ելույթներն իմանալով, իրականում կարելի էր այնպիսի հարց մտածել, որ նա հայտնվեր վատ իրավիճակում», – նկատեց նա:
Համեմատելով Բաքվում սեմինարի ընթացքում իր և ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանի պահվածքը, երբ նրանք մշտապես հայտարարություններով էին հանդես գալիս, նա կրկին որպես տարբերություն մատնանշեց ֆորմատը, քանի որ Բաքվում նրանք մշտապես արձագանքելու հնարավորություն էին ունենում: