«Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը ՀՀԿ-ին չի մտահոգում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները և քառյակի հետ նրա հնարավոր համագործակցությունը Հանրապետական կուսակցությանը չի մտահոգում: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիսիտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Հնչում են տարբեր մեկնաբանություններ. դա բացառապես երկրորդ նախագահի և այդ ուժերի որոշելու խնդիրն է: ՀՀԿ-ն ո՛չ խառնվել է, ո՛չ էլ միջամտելու է, մենք ունենք մեր քաղաքական ծրագիրը, պլատֆորմը, մեր առաջնորդը, որը Հանրապետության նախագահն է: ՀՀԿ-ն իր ծրագրով է առաջ շարժվում»,- ասաց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր ուժ կամ անհատ, ներկա կամ նախկին պաշտոնյա ունի այս կամ այն հարցի լուծման իր տարբերակը: «Մեր խնդիրը ոչ թե գեղեցիկ և պուպուշ խոսելն է, այլ օր առաջ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելը», – հայտարարեց Շարմազանովը:

Լրագրողները նաև հետաքրքվեցին, թե ինչ սկզբունքով է Սերժ Սարգսյանը Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակել սպորտի նախկին նախարար Յուրի Վարդանյանին: Նա էլ պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի որոշումները չի մեկնաբանում:

«Ընտրվել է նա, որովհետև գտնում են, որ նա կարող է լավագույնս ծառայել հայ-վրացական հարաբերությունների լավացմանը», – հայտարարեց նա:




Լրահոս