Հորս կողքին եմ լինելու մինչև վերջ. Շահեն Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շանթ Հարությունյանի գործով դատական նիստին մեղադրող կողմը ներկայացրեց ամբաստանյալ Շահեն Հարությունյանի մեղադրական եզրակացությունը: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հարցրեց Շահեն Հարությունյանին՝ իրեն մեղավոր ճանաչում է, թե՝ ոչ, ինչին ի պատասխան՝ անչափահաս ամբաստանյալը պատասխանեց. «Հայրս իր ողջ կյանքը նվիրեց հայրենիքին, և ես նրա կողքին եմ լինելու մինչև վերջ: Չեմ փոշմանում արածներիս համար և մնալու եմ հորս կողքին:

Հաջորդ ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը ներկայացնելուց հետո վերջինս ասաց. «Նախ՝ ինձ հասկանալի չէ մեղադրանքը, համոզված եմ՝ մեղադրողին նույնպես: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում:

Հաջորդ ամբաստանյալը Վահե Մկրտչյանն էր, ով ասաց. «Ես 88 թվից պայքարել եմ Շանթ Հարությունյանի ու մյուս ընկերներիս հետ՝ ազատությունն ու կիսատ անկախությունը պահպանելու համար: Էն ժամանակ կապ չի ունեցել՝ ինչ միջոցներով կհասնես դրան ու ոնց կպահպանես: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում և հայտարարում եմ, որ յուրաքանչյուրս զրկված է սեփական կարծիքն արտահայտելու իրավունքից:

Ամբաստանյալ Վարդան Վարդանյանն էլ ասաց. «Ես ինքս հումոր սիրում եմ, բայց սա արդեն ծիծաղելու չէ: Փա՛ռք Աստծո, որ ես բարձրագույն կրթություն ունեմ և ի տարբերություն ոստիկանների՝ կարողացեել եմ պլակատի վրայի գրածը կարդալ. «Ես գնում եմ հեղափոխության. Շանթ Հարությունյան». այդպես է գրված եղել, որպեսզի ուրիշների հետ չշփոթեն: Ես խիստ վիրավորված եմ անհարգալից վերաբերմունքի համար: Հազար զինվորի եմ դաստիարակել, հայկական բանակի փոխգնդապետ եմ եղել, ո՞նց կարող են իմ նման մարդու արարքը խուլիգանություն որակել: Նախագահի կողմից 10 մեդալ եմ ստացել, ու հիմա ի՞նչ է ստացվում, խուլիգանը խուլիգանին պարգևատրո՞ւմ է: Ինչքան էլ էս ամեն ինչը զակազ լինի, գոնե մի բան արե՛ք, որ ամոթ չլնի:

Ժամանակին, երբ ռուս զինվոր էին խփում ու զենք գողանում, դա հերոսություն էր, իսկ հիմա մեր արածը խուլիգանություն եք որակում: Սա քաղաքական հաշվեհարդար է մեր նկատմամբ»:

Սահմանելով ապացույցների հաջորդականությունը՝ դատարանը նիստը հետաձգեց, և այն նշանակվեց հուլիսի 4-ին:




Լրահոս