«Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքողների հետեւում թաքնված են գաղտագողի գործող քաղաքական ուժեր, հիմա էլ որպես թիրախ ընտրել են երեխաներին եւ նրանց միջոցով բողոքի ակցիաներ են կազմակերպում»:
Մանվել Բադեյան Yerkir.am
Եվ ո՞վ է խոսում թիրախ ընտրելուց, մարդկանց օգտագործելուց եւ նրանց միջոցով միջոցառումներ կազմակերպելուց. ՀՀկ անդամը, որի կուսակցությունը նույն այդ հարցում վաղուց արդեն պրոֆեսիոնալ է դարձել, տարիներ շարունակ քաղաքացիներին, այդ թվում` դպրոցականներին ստիպողաբար տանում է նախընտրական հանրահավաքներին եւ իրենց տաղտկալի միջոցառումներին մասնակցելու: Այդ ամենը թողած` փորձում են ստվեր նետել իրենց դեմ կազմակերպվող բողոքի ակցիաների վրա` առանց հասկանալու, որ դրանք, միեւնույն է, լինելու են, քանի դեռ իրենք իշխանություն են:
«Ես հակապուտինյան ոչինչ չեմ արել: Ես եղել եմ ԱԺ նիստի, որից հետո գնացել եմ մեր տուն»:
Վլադիմիր Բադալյան 1in.am
Լավ, հասկացանք, մարդը Ռոբերտ Քոչարյանի խնամին է, համատեղության կարգով նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ եւ, հետեւաբար, Ռ. Քոչարյանի, նաեւ հանրապետականների նման ռուսասեր է, «մաքսասեր», բայց այդ աստիճան վախեցա՞ծ… Այսինքն՝ ստացվում է, որ հակապուտինյան ակցիային մասնակցելը ծանր հանցագործություն է: Մինչդեռ Վլ. Բադալյանը պետք է առաջին հերթին մտածեր, որ երկրի ինքնիշխանության կողմնակից լինելը երբեք չի կարող ծանր հանցագործություն դիտարկվել: Այս տրամաբանությամբ, իհարկե, կարող էին շարժվել 1937թ. ԽՍՀՄ-ում ապրողները, երբ մարդիկ վախենում էին նույնիսկ կարծիք հայտնել:
«Հանգի՛ստ պահեք Ձեզ, պարո՛ն Փաշինյան»:
Հերմինե Նաղդալյան
Որքան էլ ՀՀԿ-ականները խոսեն առողջ բանավեճերի, քննարկումների, իշխանություն-ընդդիմություն համագործակցության եւ նման այլ բաների մասին, ակնհայտ է` նրանք նույնիսկ սովորական քննադատություններին չեն դիմանում եւ միանգամից ընկնում են ջղաձգումների մեջ: Եվ սա բնական է, քանի որ ՀՀԿ-ն մի ուժ է, որի առաքելությունն է` գործել ընդդեմ ժողովրդի մեծամասնության եւ իր գործողությունների համար չունի որեւէ հիմնավորում, հետեւաբար եւ չի կարողանում լսել հակադարձ հիմնավորումները: Այդ իսկ պատճառով էլ ԱԺ փոխնախագահն ընդդիմադիր պատգամավորին լսելու փոխարեն անջատում է նրա խոսափողը:
Կ. ՎԱՐԴԱՆՅԱՆ