Նոր ավիաընկերություն՝ հայաստանյան շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից սկսած՝ շաբաթը 4 անգամ Երևանից Աբու Դաբի եւ հակառակ ուղղությամբ թռիչքներ է իրականացնում «Էթիհադ Էյրվեյզ» ընկերությունը: Թռիչքները կիրականացվեն «A320 Էյրբաս» օդանավով՝ նախատեսված 136 ուղևորի, այդ թվում բիզնես-դասի 16 ուղևորի համար:

Այսօր կայացած ասուլիսում «Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերության վաճառքի գծով ավագ փոխնախագահ Ջեյմս Մյուլերն ասաց, որ իրենց ավիաընկերության միջոցով ոչ միայն հայաստանցիները կարող են մեկնել Ասիա, Օվկիանիա, Ավստրալիա, Հարավային Ամերիկա և ԱՄՆ, այլև այդ երկրներից ուղևորներ կգան Հայաստան, մասնավորապես՝ ԱՄՆ-ում բնակվող 1,5 մլն հայերը:

«Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերությունը ներկայումս ամենօրյա թռիչքներ է իրականացնում դեպի Լոս Անջելես, Չիկագո եւ Վաշինգտոն, իսկ դեպի Նյու Յորք Աբու Դաբիից օրվա ընթացքում երկու անգամ է թռիչք իրականացվում:

Ավիաընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին. այն հասցրել է կարճ ժամանակահատվածում դառնալ ամենահաջողակ ավիաընկերություններից մեկը: 2013 թվականին ընկերությունը փոխադրել է 11,5 միլիոն ուղևորի` 103 ուղղություններով: Ավիաընկերություն ունի «Էյրբաս» և «Բոինգ» մակնիշի 102 օդանավ: Պատվիրված է ավելի քան 220 լրացուցիչ օդանավ:

 




Լրահոս