Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ձերբակալությունն արդեն իսկ ռուս շատ վերլուծաբաններ գնահատել են որպես քաղաքական գործընթաց, որի նպատակը Սարկոզիին 2017թ. նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելն է: Բնականաբար` դա պնդում է նաև ինքը` Սարկոզին, ով նախօրեին հեռուստաեթերից իր դեմ առաջադրված մեղադրանքը որակել է գրոտեսկային քաղաքական պատվեր: Այս տեսակետը, սակայն, ամենևին էլ գերիշխող չէ ինչպես ֆրանսիական մամուլում, այնպես էլ շարքային ֆրանսիացիների մոտ: Միջին վիճակագրական եվրոպացու համար իր երկրի նախկին նախագահը սովորական քաղաքացի է` նույնպիսի իրավունքներով, ինչպես մնացած բոլորը:
Նկատենք, որ հենց այսպիսի ընկալում է առկա ցանկացած կայացած կառավարման համակարգ ունեցող երկրում, ընդ որում` ոչ միայն Եվրոպայում: Հիշենք, թեկուզ, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի նկատմամբ առաջադրված մեղադրանքները, կամ էլ Իսրայելի` ներկայումս իր յոթամյա ազատազրկումը կրող նախկին նախագահի` Մոշե Կացավի «սեքսուալ արկածները»: Միով բանիվ` նորմալ երկրներում կապ չունի, թե դու ինչ պաշտոն ես զբաղեցրել, եթե օրենքի հետ խնդիր ես ունեցել, ապա վաղ թե ուշ` պատասխանատվությունն անխուսափելի է դառնում:
Իհարկե, ամենևին էլ չի բացառվում, որ վերը նշված դեպքերում առկա է եղել գործընթացի քաղաքական բաղադրիչը, սակայն սխալվելու շատ փոքր հավանականությամբ կարելի է պնդել, որ այն որոշիչ չի եղել, և առաջնային պատճառը հենց այս կամ այն պաշտոնյայի կատարած հանցանքն է եղել: Ընդ որում, այստեղ շատ կարևոր է, օրինակ, Ֆրանսիայի քաղաքացիների վերաբերմունքը Սարկոզիի ձերբակալությանը: Որքան այդ հարցը քիչ է հուզում ֆրանսիացիներին, այդքան փոքրանում է Սարկոզիին հերոսացնելու հեռանկարը, ինչը գործընթացն առավելագույնս ապաքաղաքականացնելու հնարավորություն է տալիս գործող իշխանությանը:
Դառնալով Հայաստանին` փորձենք մի պահ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե, օրինակ, վաղը կամ մյուս օրը հայտնի դառնար, որ «օֆշորային սկանդալի շրջանակներում ձերբակալվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վստահաբար` թողնելով Տ. Սարգսյանի իրական մասնակցությունն օֆշորային այդ մախինացիային, հանրությունն անմիջապես կսկսեր այդ ձերբակալության հետևում փնտրել Տ. Սարգսյանին մինչ օրս իրեն մրցակից համարողների ականջները` այդ ընթացքում արդեն սկսելով հերոսացնել նախկին վարչապետին, ում հրաժարականը պահանջում էր տակավին վերջերս: Եվ նաև հենց սա հաշվի առնելով է, որ մեր երկրում նման աղմկահարույց ձերբակալություններ չեն լինում: Ժողովուրդը չի վստահում իշխանություններին, իշխանություններն էլ` ժողովրդին: