Վարկային մասնագետը գործադիր տնօրենին չէ՞ր առևանգել. դատավճիռը կայացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավճռով ճանաչվել է Վարդենիսի 31-ամյա բնակիչ ամբաստանյալ Էդգար Խլոյանի անմեղությունը՝ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ մարդուն առևանգելու մեղադրանքում, Էդգար Խլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ու նա արդարացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Արթուր Ադամյանի, վճռել է Էդգար Խլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ու վերջինիս արդարացնել` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

Ապօրինի կերպով գազային զենք կրելու մեղադրանքի մասով Էդգար Խլոյանի նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի՝ 03.10.2013թ. որոշումը: Այս մասով քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել։

Նախաքննական մարմինն Էդգար Խլոյանին մեղադրանք էր առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարդուն առևանգելը՝ զենքի գործադրմամբ) և 235-րդ  հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրելը):

Ըստ մեղադրանքի՝ Էդգար Խլոյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 2012թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, որպես զենք օգտագործվող, իր մոտ ապօրինի կրած «ՌԵՔ» տեսակի 9մմ տրամաչափի գազային ատրճանակի գործադրմամբ Էջմիածին քաղաքի Բաղրամյան 2 հասցեում գտնվող շենքի դիմացից իր կողմից վարած «ՎԱԶ-210124» մակնիշի ավտոմեքենայով, բռնություն գործադրելով, բացահայտ առևանգել է «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Արայիկ Պապիկյանին։

Դատաքննությամբ հիմնավորվել է, որ քրեական գործով տուժող Արայիկ Պապիկյանը և ամբաստանյալ Էդգար Խլոյանն աշխատել են միասին մի քանի տարի շարունակ «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպության Էջմիածնի գրասենյակում:

Տուժող Արայիկ Պապիկյանն աշխատել է «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպության Էջմիածնի գրասենյակում՝ որպես վարկային կազմակերպության գործադիր տնօրեն, իսկ Էդգար Խլոյանը՝ որպես վարկային մասնագետ: Էդգար Խլոյանը 2012թ. ամռանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

Տուժող Արայիկ Պապիկյանի և ամբաստանյալ Էդգար Խլոյանի փոխհարաբերությունները եղել են նորմալ, իրար նկատմամբ թշնամանք չեն ունեցել, լարված հարաբերություններ նրանց միջև չեն եղել, միմյանց հետ պարտք ու պահանջ չեն ունեցել։

2012թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-17:00-ի սահմաններում, Էդգար Խլոյանը զանգահարել է «Էկլոֆ» վարկային կազմակերպության աշխատակից իր նախկին աշխատանքային ընկերներին և հրավիրել իր որդու ծնվելը նշելու: Էդգար Խլոյանը զանգահարել է նաև «Էկլոֆ» վարկային կազմակերպության հեռախոսահամարին, որպեսզի տնօրեն Արայիկ Պապիկյանին նույնպես հրավիրի խմելու, սակայն հեռախոսազանգին պատասխանող չի եղել:

Դրանից հետո Էդգար Խլոյանը երկու գարեջուր է գնել եւ խմել վարկային կազմակերպության շենքի մոտ՝ մեքենայի մեջ նստած: Ապա բռնել է «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր մուտքից դուրս եկած Արայիկ Պապիկյանի ձախ ձեռքից, քաշել է և ասել, որ պիտի միասին գնան խմելու, թե ինչ-որ այլ տեղ, և Արայիկ Պապիկյանը հարված է զգացել դեմքի շրջանում:

Արայիկ Պապիկյանն այդ ժամանակ Էդգարի ձեռքում որևէ առարկա չի տեսել: Նկատել է, որ Էդգար Խլոյանը գտնվել է ոչ սթափ վիճակում, և դա նրան դուր չի եկել, դուր չի եկել նաև Էդգար Խլոյանի պահվածքը, չի հասկացել նրա խոսքերը, թե արդյոք պիտի գնան խմելու, թե՝ այլ տեղ:

Այդ իսկ պատճառով Արայիկ Պապիկյանն Էդգար Խլոյանին առաջարկել է նստել մեքենան, որպեսզի գնան ճշտեն, թե ինչ է եղել: Նրանք նստել են մեքենան, ու Էդգարը մեքենան վարել է Էջմիածին քաղաքով: Էդգարը մեքենայի սրահի պահախցիկում փնտրել է իր հեռախոսը, այն փնտրելու ընթացքում պահախցիկում բազմաթիվ թղթեր են եղել, որոնք պահախցիկից հանելիս թափվել են մեքենայի մեջ, պահախցիկից Էդգարը դուրս է հանել նաև ատրճանակ:

Էդգարը, պահելով ատրճանակը ձեռքում և օգտվելով Ա.Պապիկյանի հեռախոսի լույսից, փնտրել է կորած հեռախոսը, այնուհետև նա ատրճանակը դրել է մեքենայի նստատեղի աջ կողքը: Արայիկ Պապիկյանն Էդգարի Խլոյանի՝ խմած վիճակում մեքենան վարելուց վախ է զգացել ու երբ հասել են իրենց շենքի մոտ, Էդգարին առաջարկել է բարձրանալ իրենց տուն սուրճ խմելու:

Էդգարն Արայիկ Պապիկյանին պատասխանել է, որ խմած վիճակում չի ցանկանում բարձրանալ իրենց տուն և առաջարկել է դրա փոխարեն միասին գնալ գարեջուր խմելու: Էդգարը կանգնել է ինչ-որ խանութի մոտ ու իջնելով մեքենայից՝ ցանկացել է գնալ, գարեջուր գնել, սակայն Արայիկ Պապիկյանը հրաժարվել է գարեջուր խմելու առաջարկից և առաջարկել է Էդգարին իրեն հետ տանել գրասենյակ, քանի որ, իր հիշելով, գրասենյակի դուռը բաց է թողել:

Դրանից հետո Էդգար Խլոյանն Արայիկ Պապիկյանին տարել է աշխատանքի վայր, որտեղ տեսնելով վարկային կազմակերպության դիմաց, փողոցում կանգնած, փարոսիկները միացրած ոստիկանության մեքենան՝ կանգնել է մեքենայի հետևի մասում, որտեղ Պապիկյանն իջել է մեքենայից ու արագ քայլելով մտել է շենք: Շենքի մուտքի մոտ կանգնած ոստիկանները մոտենալով Էդգար Խլոյանի մեքենային՝ վերջինիս դուրս են հրավիրել մեքենայից, որից հետո բերման են ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ մեքենան էլ տեղափոխել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

Դատարանը գտել է, որ նախաքննական մարմնի կողմից Էդգար Խլոյանի մտադրության մասին որևէ փաստական հանգամանք կամ ապացույց ձեռք չի բերվել, իսկ դատաքննությամբ հաստատվել է, որ Էդգար Խլոյանն Արայիկ Պապիկյանին առևանգելու մտադրություն չի ունեցել: Գործի նյութերով էլ առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Էդգար Խլոյանը դիտավորություն է ունեցել կամ նրա դիտավորությունն ուղղված է եղել Արայիկ Պապիկյանին իր գտնվելու մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելուն և այնտեղ պահելուն:

Դրան հակառակ՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ Էդգար Խլոյանը նպատակ է ունեցել իր նախկին աշխատանքային ընկերներին և տնօրեն Արայիկ Պապիկյանին հրավիրել ինչ-որ մի տեղ խմելու և նշելու իր որդու ծնվելը:

Նախաքննական մարմնի կողմից, ըստ դատարանի իրավական վերլուծության, հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ հանցավորի մոտ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների միայն առկայությունը բավարար չէ՝ արարքը ՀՀ քրեական օրենսգքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որակելու համար: Նման որակման համար անհրաժեշտ է, որպեսզի հանցավորը տվյալ զենքով կամ առարկայով տուժողին սպառնում կամ նրա առողջությանը վնաս է պատճառում, տուժողի նկատմամբ սպանության կամ վնաս պատճառելու փորձ է կատարում, սպառնում է տուժողին սպանել կամ նրա առողջությանը վնաս պատճառել և այլն:

Տվյալ դեպքում Էդգար Խլոյանի կողմից գործով տուժող ճանաչված Արայիկ Պապիկյանին զենքով չսպառնալու, նրա նկատմամբ զենք չկիրառելու և զենքի գործադրմամբ նրան չառևանգելու հանգամանքը հիմնավորված է հենց իր՝ տուժող Արայիկ Պապիկյանի՝ գործում առկա մասնավոր հարցման, որպես տուժողի հարցաքննության, առերես հարցաքննության արձանագրություններով և նախաքննության մարմնին ուղղված դիմումով այն մասին, որ նրա և Էդգար Խլոյանի միջև տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է, իրականում առևանգում տեղի չի ունեցել և նա Էդգար Խլոյանի նկատմամբ որևէ բողոք չունի:

Այս  հանգամանքը տուժող Արայիկ Պապիկյանը պնդել է նաև դատարանում՝ դատաքննության ժամանակ՝ հայտնելով դատարանին, որ Էդգար Խլոյանի ավտոմեքենան նա իր կամքով է նստել և Էդգար Խլոյանն նրա նկատմամբ որևէ բռնություն, առավել ևս զենքի գործադրմամբ բռնություն չի կիրառել:

Էդգար Խլոյանը ցանկացել է նրան գարեջուր հյուրասիրել, որից նա հրաժարվել է: Նա Էդգար Խլոյանին առաջարկել է գնալ իրենց տուն՝ սուրճ խմելու, որից վերջինս հրաժարվել է՝ ասելով, որ խմած վիճակում նրա տուն չի ցանկանում գնալ, ու եթե նա զգար, որ իրեն Էդգար Խլոյանն առևանգում է, նա ուներ հնարավորություն և կարող էր բացել մեքենայի դուռն ու հեռանալ:

Այսպիսով, Էդգար Խլոյանն Արայիկ Պապիկյանին առևանգելու նպատակ և դրդապատճառ չի ունեցել և վերջինիս իր կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս չի հանել և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր չի տեղափոխել ու այնտեղ չի պահել:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։




Լրահոս