Երբ համակարգային փոփոխությունների մասին խոսում է ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 5-ին` Սահմանադրության օրվա կապակցությամբ ՀՀ քաղաքացիներին հղած իր շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Այս ընթացքում հասունացել է նաեւ երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Առանց սահմանադրական նոր բարեփոխումների` դրանք չեն կարող լինել ամբողջական եւ համընդգրկուն»:

Ինքնին հասկանալի է, որ կոնկրետ Ս. Սարգսյանի համար այդ հասունացումը պայմանավորված է 2018թ. իրական իշխանությունը չփոխանցելու մեխանիզմները սահմանադրորեն ամրագրելու ցանկությամբ: Սակայն եթե համակարգային փոփոխությունների անհրաժեշտության հարցին մոտենանք հանրային տեսանկյունից, ապա պետք է արձանագրենք, որ դա տեսանելի էր արդեն 1996 թվականից: Իսկ հետագա տարիներին արդեն պարզապես ակնառու դարձավ, որ առանց կառավարման համակարգային փոփոխությունների` մեր երկիրը տեղում դոփելուց թեւակոխում է լճացման, ապաեւ` հետընթացի փուլ, ուստիեւ օր առաջ անհրաժեշտ են Ս. Սարգսյանի ասած` համընդգրկուն փոփոխություններ:

Բնականաբար` 2005-ին Ռոբերտ Քոչարյանի իրականացրած Սահմանադրության փոփոխությունն անգամ մեծ ցանկության դեպքում դժվար է որակել որպես համակարգային փոփոխություն, նախ եւ առաջ այն պատճառով, որ համակարգային փոփոխությունները մեկ մարդու քմահաճույքով եւ աննախադեպ ընտրակեղծարարությամբ չեն իրականացվում:

Եվ պատահական չէ, որ 2008-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջ քաշեց ավազակապետական բուրգը կազմաքանդելու, ասել է թե` համընդգրկուն համակարգային փոփոխություններ անելու հայեցակարգը, այն հաշված օրերի ընթացքում Ազատության հրապարակ բերեց տասնյակ հազարավոր քաղաքացիների: Թե ինչ եղավ հետո` հիշում ենք բոլորս: Համընդգրկուն փոփոխությունների պահանջից այսօր արդեն գրեթե ոչինչ չի մնացել, եւ առավելագույնը, որ ամիսների քննարկումներից հետո, ի վերջո, «երկնեց» չորս ընդդիմադիր ուժերից բաղկացած քառյակն` ընդամենը մուկ էր:

Եվ այսօր արդեն այնպիսի իրավիճակ է երկրում, որ համակարգային փոփոխությունների մասին խոսում է ոչ թե ընդդիմությունը` արմատական կամ անարմատ, այլ իշխանությունը: Իսկ համակարգային փոփոխությունների առաջնային եւ ամենակարեւոր բաղադրիչի` երկրի նախագահի հրաժարականի մասին եթե անգամ հատուկենտ հայտարարություններ էլ արվում են, ապա կեսբերան ու հպանցիկ` շուտասելուկի նման, զուտ նրա համար, որ հետագայում կարողանան նշել` այ տեսեք, այսինչ օրը, այսինչ ասուլիսում մենք պահանջել ենք իշխանափոխություն:




Լրահոս