Չնայած Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը համարվում է դեկտեմբերի 9-ը, սակայն Հայաստանում իշխանություններն այն որոշել էին «նշել» մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 5-ին: Այդ օրը կառավարության նիստում որոշում կայացվեց կառավարության աշխատակազմում հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժին ստեղծելու մասին: Ճիշտ է, կառավարության որոշման հիմնավորումների մեջ դրա ընդունման համար նշված էր բոլորովին այլ պատճառ. նոր մարմնի ստեղծման անհրաժեշտությունը բխում է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի 2011թ. արդյունքի մոնիթորինգի առաջին կիսամյակի հաշվետվությունից»:
Կոռուպցիայի դեմ պայքարի առաջին ծրագիրը ՀՀ-ում ընդունվեց դեռ 2003թ. նոյեմբերին կառավարության նիստում: Այնտեղ առաջին անգամ պաշտոնապես տրվել էր կոռուպցիա հասկացության ձեւակերպումը. «Կոռուպցիան անձնական կամ այլ շահադիտական նպատակներով, տարբեր ձեւերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է»:
Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշեց այս հարցում ավելի հեռուն գնալ եւ 2009թ. հաստատեց «Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագիրը»՝ 87 էջանոց մի փաստաթուղթ, որին կից 105 էջանոց հավելվածում էլ ներկայացված էր իրենց ծրագրած գործողությունների բուն ժամանակացույցը: «ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ 2012թ. գործառնական կոռուպցիայի մակարդակի կրճատման արդյունքում կբարձրանա կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն կարգավորման որակն ու կառավարման գործառույթները, եւ կբարձրանա տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետությունը: ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ 2012թ. քաղաքական կոռուպցիայի մակարդակի կրճատման արդյունքում կմեծանա քաղաքական կայունությունը, կբարձրանա քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների… աստիճանը, փոխվստահությունը հանրության շրջանում, կկատարելագործվեն ընտրական գործընթացները… էականորեն կբարելավվի շահերի խմբերի եւ շահերի բախումների կարգավորումը եւ կապահովվի արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը»,-կառավարության նպատակներն են՝ ամփոփված ռազմավարական ծրագրի մեջ:
Որպեսզի այս ծրագիրն արդյունավետ իրականացվեր, կառավարությունում ստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ՝ անձամբ Տ. Սարգսյանի գլխավորությամբ: Իսկ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիթորինգի հանձնաժողովը, որի նախագահը նախկինում Սերժ Սարգսյանի օգնական, իսկ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էր, պետք է դիտարկեր այդ ծրագրի իրականացման ընթացքն ու արդյունավետությունը: Բայց արի՛ ու տես, որ այդ խորհրդի եւ մոնիթորինգի հանձնաժողովի գործունեությունը դեռ չսկսված ավարտվեց. վերջին անգամ մոնիթորինգի հանձնաժողովը հաշվետվություն ներկայացրեց 2011թ. առաջին կիսամյակում: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերին, այն էլ բացառապես Տ. Սարգսյանի PR միջոցառումների շրջանակներում. այստեղ նույնիսկ հրաժարվել էին քննարկել ԱԺ ոչ կոալիցիոն ուժերի առաջարկները: Այսքանը եւ վերջ:
Ասել է թե՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ամեն անգամ սկսվել ու ավարտվել է տարբեր մարմիններ ու խորհուրդներ ստեղծելով, ռազմավարական ծրագրեր ու հայեցակարգեր ընդունելով, երբեմն էլ գանձագողերի ու բյուջեն թալանողների հասցեին լացակումած կամ սպառնալի հայտարարություններ անելով: Ու այդ ողջ ընթացքում կոռուպցիայի նվազեցման ոլորտում այդպես էլ որեւէ էական առաջընթաց չի գրանցվել. համենայնդեպս, միջազգային կառույցները շարունակում են ՀՀ-ն դիտել կոռումպացված երկրների ցանկում: Այդ տեսակետին են նաեւ հենց ՀՀ քաղաքացիները:
Ճիշտ է, բոլորովին վերջերս ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը փորձում էր համոզել, թե կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, եւ արդյունքում այսօր հեշտացել է բիզնես գրանցելը կամ վարորդական իրավունք ստանալը, ասել է թե՝ Հայաստանում նվազել է կոռուպցիայի մակարդակը: Սակայն ավելի լուրջ մակարդակներում կոռուպցիան կրում է պարզապես համատարած բնույթ: Չե՞ք հավատում, ընթերցե՛ք ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունները կամ հիշե՛ք թեկուզ Սերժ Սարգսյանի՝ կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ «ատկատների», գնումների ոլորտում չարաշահումների մասին հայտարարությունները:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ