ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիներին լավ բան չի սպասվում, դեռ ասֆալտը սեւ է, բայց որ ձյուն նստեց, չենք աշխատելու: Հիմնական խնդիրը ձմեռային անվադողեր չունենալն է, դրանք փոխել ցանկանում ենք, բայց փող չունենք»:

Հրանտ Եղիազարյան Yerkir.am
Փոխադրող ընկերությունների միության նախագահը, որը համատեղության կարգով նաեւ գծատեր է, պարզվում է` նաեւ հոգով ու կոչումով է «գծատեր». հիանալի տիրապետում է գծատիրական լացի տեխնոլոգիային` ցուցադրելով «երեքմանեթանոց լացողի» հմտություններ, բացի այդ, հանդես է գալիս որպես հայրենի ճորտատեր իշխանությունների արժանի աշակերտ ու հպատակ, քանի որ «փող չունենք»-ը նաեւ մեր իշխանությունների կարգախոսն է: Փող չկա, կա միայն գերշահույթ: Փաստորեն, երբ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ պայքարի ժամանակ ժողովրդի մեջ «գծատեր» բառը վերածվել էր հայհոյանքի, դա հիմնավորված էր:

 

 

 
«Ամոթ է եւ վիրավորական, որ Դուք այդպիսի պրիմիտիվ հարց եք տալիս ԵՊՀ ռեկտորին: Ես վերակացո՞ւ եմ… ո՞ր շրջանում ենք ապրում, ո՞ր երկրում ենք… այդ հարցը, որ Դուք ձեւակերպում եք, օրինակ, Ձեզ հաշիվ տալի՞ս եք, թե ինչ հարց եք տալիս` դա վիրավորանք է, չէ՞»:

Արամ Սիմոնյան Yerkir.am
Հեչ էլ ամոթ չէ, քանի որ չենք կարծում, թե հարց տվողը տեղյակ չի եղել ԵՊՀ ռեկտորի նախկին «քաջագործություններից» ու մտքի պոռթկումներից եւ չի իմացել, թե ինչ կարելի է սպասել Արամ Սիմոնյանից, հատկապես որ հարցը վերաբերում էր ԵՊՀ աշխատողների նկատմամբ իրականացվելիք հնարավոր ճնշումներին` կուտակային կեսաթոշակների ծրագրին դեմ արտահայտվելու համար: Հիշո՞ւմ ենք՝ ոչ վաղ անցյալում նույն Ա. Սիմոնյանի թեթեւ ձեռքով ինչպես էին ճնշվում դասադուլ անող ուսանողները, իսկ նրանց փոխարեն քաջալերվում էր «քառակուսի» դեմքով «ուսումնատենչ» ախալքալաքցին:

 

 

 

 

«Հայաստանի ապագան սլավոնական ուղեծրում է, ՄՄ անդամակցման թուղթն այն պայմանագիրն է, որ պատմաբանները համարձակ կարող են դնել Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի կողքին»:

Դավիթ Հակոբյան 1in.am
Պարզվում է` Հայաստանի միակ մարքսիստը ոչ միայն մարքսիստ է, այլեւ «մաքսիստ», այսինքն` Մաքսային միության հանդեպ առանձնակի թուլություն ունեցող: Մի կողմից իհարկե լավ է, որ «մաքսիստ» մարքսիստը, ի տարբերություն «արեւմտամետ մաքսիստների», միշտ էլ չի թաքցրել իր համակրանքը «մեծն ռուսի» նկատմամբ, երկերեսանիություն չի արել, սակայն մյուս կողմից Դ. Հակոբյանի մոտ «մաքսիզմն» արդեն պաշտամունքի է վերածվում եւ նույնիսկ ստվերում է թողնում մարքսիզմը: Համենայնդեպս, միայն մարքսիստ եղած ժամանակ Հակոբյանը դեռ նման պատմական «խորը» վերլուծություններ չէր անում:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս