2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը հերթով ներկայացնում են իրենց նախընտրական ցուցակները, իսկ հանրության ուշադրության կենտրոնում արդեն ոչ միայն անուններն են, այլև այդ անունների անցած ճանապարհն ու կուտակած կարողությունը։ ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել առաջադրված 19 կուսակցությունների և դաշինքների առաջնորդներին՝ նրանց կենսագրությունն ու ունեցվածքը։
Այս անգամ ներկայացնում ենք «Հայաստանի շնորհապետական կուսակցությանը», որի ընտրացուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը՝ ընտրություններին մասնակցելով 4 համարի ներքո։
Ի՞նչ ունեցվածք ունի Գուրգեն Սիմոնյանը
Գուրգեն Սիմոնյանի հայտարարագիրը բավական համեստ պատկեր է ներկայացնում։
Նա անշարժ գույք չի հայտարարագրել։ Տրանսպորտային միջոցներից ունի միայն 2015 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականին։
Բանկային հաշիվներում մնացորդներ և կանխիկ դրամական միջոցներ հայտարարագրված չեն։
Հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են ընդհանուր 171 հազար 375 դրամ։ Գումարները ստացվել են «Մխիթարյան» կրթահամալիրից, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից և Հայ-ռուսական համալսարանից։
Միևնույն ժամանակ հայտարարագրվել է 1 միլիոն 178 հազար 946 դրամի չափով վարկային պարտավորություն։
Գիտական ու ակադեմիական ուղի
Սիմոնյանը ծնվել է 1985 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, այնուհետև ուսումը շարունակել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։
2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան։
Նա դասավանդել է մի շարք բուհերում ու կրթական հաստատություններում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, Լոմոնոսովի անվան ՄՊՀ երևանյան մասնաճյուղում, Գլաձոր համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և այլ կրթօջախներում։
Գուրգեն Սիմոնյանը նաև ավելի քան երկու տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է։
Կենսագրության մեջ չնշված ուշագրավ հանգամանք
Սիմոնյանի անցած ուղին, սակայն, հետաքրքիր դրվագ ունի, որը նրա հրապարակային կենսագրություններում չի շեշտվում։
Մասնավորապես, պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա հայտարարագրից պարզ է դառնում, որ նա մինչև 2021 թվականի հոկտեմբերի 27-ը աշխատել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական։
Այսինքն՝ ներկայում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող թեկնածուն փաստացի աշխատել է գործող իշխանության՝ ՔՊ-ի կառավարման համակարգում։
Թեև այս դրվագը բացակայում է նրա կենսագրական հիմնական նկարագրություններից, հայտարարագրային տվյալները ցույց են տալիս, որ Սիմոնյանը ժամանակին ներգրավված է եղել պետական կառավարման համակարգում՝ արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։
Սոնա Գրիգորյան


























































































