Գյուղացիները դժվարանում են վճարել հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օգնությունը պետք է լինի առարկայական եւ տեղին: Մենք պետք է օգնենք միայն սոցիալապես անապահովներին»: Սա ասել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով 2012-ին ուժգին կարկտահարությունից տուժած գյուղերին օգնելու հարցին: Այս հայտարարությունից շուրջ երկու տարի է անցել, սակայն գյուղացիները դեռ չեն «տեսել» այդ առարկայական ու տեղին օգնությունը: Այսօր տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսություններ հայտնվել են դժվարին կացության մեջ` չկարողանալով մարել նախորդ տարիներից վերցրած վարկերը:

Հաշվի առնելով վերջին տարիներին եւ ամիսներին գյուղացիական տնտեսություններին տարերային աղետների հասցրած վնասները` «Ժողովուրդ»-ը ՀՀ Կենտրոնական բանկից հետաքրքրվեց` փոխհատուցման կամ տոկոսադրույքների զիջման մեխանիզմներ առաջադրվելու են, թե ոչ: Ի պատասխան` ԿԲ-ից տեղեկացրեցին. «Առեւտրային բանկերն իրենք են գնահատում իրենց հաճախորդների ռիսկայնությունը եւ իրենց ծառայությունները: Կենտրոնական բանկերն ամբողջ աշխարհում չեն միջամտում բանկերի կողմից տոկոսադրույքների ձեւավորման գործընթացին, իսկ վարչարարական միջամտությունը կարող է հանգեցնել վարկավորման կտրուկ նվազման, հետեւաբար եւ` տնտեսական ակտիվության անկման»:

Իսկ թե ինչպես է որոշվելու չմարված վարկերի հարցը, արդյոք վարկային պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն տրվելու է գյուղացիական տնտեսություններին, թե ոչ` այս հարցերին ի պատասխան ԿԲ-ից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին. «Այնուամենայնիվ, գիտակցելով գյուղատնտեսության համակարգային նշանակությունը Հայաստանի տնտեսության համար, ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է ակտիվ համագործակցել առեւտրային բանկերի հետ գյուղվարկերի պայմանները բարելավելու ուղղությամբ: Մինչ այսօր բարելավվել են եղանակային պայմաններից տուժած եւ իրենց բանկ այդ խնդրանքով դիմած հազարավոր գյուղացիական տնտեսությունների վարկերի պայմաններ:

Մասնավորապես, վերանայվել են վարկերի տոկոսադրույքները, արտարժութային վարկերը փոխարինվել են դրամայինի, ինչպես նաեւ երկարաձգվել են մարումների ժամկետները, ինչի արդյունքում նվազել են ամսական մարումները: Այս գործընթացներն իրականացվել են անհատական մոտեցման սկզբունքով եւ հաշվի են առնվել հասցված վնասները, նախնական վարկի պայմանները եւ առաջարկվել են առավել արդյունավետ լուծումներ: Միաժամանակ կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ կիրառվել են բացառություններ կարգավորման դասական ինստիտուտների կողմից վերը նշված փոխարկման գործընթացն այս ոլորտում խրախուսելու նպատակով՚:

ԿԲ-ի` «Ժողովուրդ»-ին տրամադրած տվյալների համաձայն` վարկերի տոկոսադրույքն այս տարի նախորդ տարիների համեմատ փոփոխվել է: Այսպիսով, ներկայում ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ կառավարության հատուկ ծրագրով տրամադրված գյուղատնտեսության վարկերի պորտֆելի մնացորդը տատանվում է 28-29 մլրդ դրամի շուրջ: Այս ծրագրային միջոցներով տրամադրված գյուղվարկերը հասանելի են գյուղացիներին 10, իսկ որոշ բնակավայրերում` 8 տոկոսով :

Նշենք, որ այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից գյուղացիների հետ կնքվել է ավելի քան 75 մլրդ դրամի վարկային պայմանագիր` միջինը 14 տոկոս անվանական տոկոսադրույքով, որն, ի դեպ, մոտ 1.3 տոկոսային կետով նվազել է նախորդ տարվա համեմատ: Հաշվի առնելով այդ ընթացքում կատարված մարումները` գյուղվարկերի մնացորդը 2014թ. առաջին 5 ամիսների ընթացքում աճել է 15 տոկոսով կամ 24.2 մլրդ դրամով` 2014թ. մայիսի վերջի դրությամբ կազմելով 183.1 մլրդ դրամ:

Այս ամենով հանդերձ` հարկ է նկատել, որ արվածը բավարար չէ, եւ եթե ՀՀ կառավաիրությունն իրոք ցանկանում է աջակցել գյուղացուն եւ կասեցնել արտա•աղթը, ապա անհրաժեշտ է մտածել միջոցներ գտնելու եւ վարկային համաներում հայտարարելու մասին :

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս