«japonika» ընկերության հիմնադիր, ազգությամբ հայ Փոլ Ղազարյանը մեկ միլիարդ դոլարի ներդրումներ է արել տնտեսական խորը ճգնաժամի մեջ հայտնված Հունաստանի պարտատոմսերի շուկայում: Օրերս հունական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայազգի միլիարդատերը խոսել է Հունաստանի հանդեպ ունեցած մեծ սիրո մասին, իր ներդրումները, սակայն, պայմանավորելով հատուկ տնտեսագիտական հաշվարկով: Ավելին, նա մեծ քարոզարշավ է սկսել` Հունաստանի տնտեսական վարկանիշի բարձրացման նպատակով:
Այս տեղեկատվությանը ծանոթանալուց հետո փորձեցինք հիշել, թե քանի հայ միլիարդատեր կա աշխարհում, եւ բացի Քըրք Քըրքորյանից, նրանցից քանիսն է երբեւէ եղել Հայաստանում կամ մտածել այստեղ ներդրումային ծրագիր իրականացնելու մասին: Անգամ ՀՀ-ում ներդրումներ արած սփյուռքահայ միլիոնատերերի ցանկը շատ մեծ չէ, եւ թերեւս չի անցնում մեկ տասնյակը: Ընդ որում, հատկանշական է, որ նրանց մի մասը Հայաստանում իր գործունեությունը սկսել է Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման վերջին տարիներին, իսկ մնացած` գերակշիռ մասը` Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության առաջին տարիներին: Սկսած Վաչե Մանուկյանից, Թուֆենկյաններից, Հովնանյան եղբայրներից, ավարտած վերջերս վախճանված Ջ. Գաֆէսճյանով՝ որեւէ մեկի բիզնեսը Հայաստանում վերջին տարիներին չի ընդլայնվել: Ավելին, սփյուռքահայ միլիոնատերերը, օրինակ` Վահագն Հովնանյանը, մեկ անգամ չէ, որ դժգոհել են Հայաստանում առկա ներդրումային մթնոլորտից եւ բիզնես դաշտում գործող խայտառակ կանոններից:
Միակ բացառությունը, որի անունը նոր ծրագրերի իրականացման համատեքստում նաեւ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների պաշտոնավարման շրջանում է շրջանառվել, Էդուարդո Էռնեկյանն է: Եթե իհարկե, ՀՀ ԱԳՆ շենքի վաճառքը կարելի է լուրջ ներդրումային նախագիծ համարել:
Եվ ուրեմն` ո՞րն է պատճառը, որ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների պաշտոնավարման շրջանում մեր հայրենակից մեծահարուստները որեւէ նշանակալի ներդրում չեն արել ՀՀ-ում: Վստահաբար իշխանությունները կասեն` տնտեսական ճգնաժամը, սակայն ինչքան հիշում ենք, ՀՀ կառավարությունն արդեն մեկ անգամ չէ, որ հայտարարել է այն հաղթահարելու մասին: Բացի այդ` խորը ճգնաժամում գտնվող Հունաստանի պարտատոմսերի շուկայում մեր հայրենակցի ներդրումն ի ցույց է հանում այդ փաստարկի հարաբերականությունը:
Իրականում խնդիրն այս իշխանությունների հանդեպ գործարար շրջանակների խորը եւ անշրջելի անվստահությունն է, որն այլեւս հնարավոր չէ վերականգնել եւ ոչ մի «Doing business»-ի նկարած ցուցանիշներով: Քանի որ բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում գործում են միանգամայն այլ` «փայ մտնելու» կանոններ: