Թեեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի նախագիծն արդեն պատրաստ է, սակայն իշխանությունները չեն շտապում գաղտնազերծել այն: Ավելին, պարզվում է, իշխանական վերնախավում ՄՄ-ին անդամակցելու բացասական հետեւանքների վերաբերյալ լուրջ անհանգստություն կա: Ընդ որում, այդ հետեւանքները կզգացվեն առաջին հերթին տնտեսության վրա:
ՀՀԿ-ականներն իրենք էլ չեն թաքցնում բացասական հետեւանքները: Սակայն մյուս կողմից փորձում են համոզել, թե բացասականից բացի՝ կան նաեւ դրական գործոններ, ու իրենք դեպի ՄՄ են գնում այդ դրականը քաղելու համար: Չնայած բոլորի համար ակնհայտ է, որ ՄՄ-ին անդամակցելու որոշումը Սերժ Սարգսյանը կայացրել է առաջին հերթին սեփական իշխանությունը հնարավորինս երկարաձգելու համար` քաղաքական հաշվարկներից ելնելով:
Թե ՄՄ-ին ՀՀ անդամակցությունն ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ, դժվար չէ կռահել: Տնտեսագետների պնդմամբ՝ ՄՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը պարտավորվում է ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ միասին վարել մաքսային միասնական քաղաքականություն, կայացնել միասնական տնտեսական որոշումներ: Ասել է թե՝ այսպես սահմանափակվում է ինքնիշխան երկրի` ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը: Բացի այդ՝ երրորդ երկրից ՀՀ ներկրվող ապրանքների մասին տեղեկատվությունը հասանելի է լինելու նաեւ ՄՄ անդամ մյուս երկրներին, ասել է թե՝ հնարավոր չէ ՌԴ-ից, Բելառուսից կամ Ղազախստանից գաղտնի տնտեսական որեւէ քայլ անել:
Լուրջ խնդիրներ են ծագելու նաեւ Հայաստանից ՄՄ անդամ չհանդիսացող երկրներ ապրանքներ արտահանելու կամ այնտեղից ներկրելու հարցում: Մասնագետները պնդում են, որ եվրոպական երկրները քաղաքական նկատառումներով, թեկուզ` կախված ՌԴ-ի հետ հարաբերություններից, հնարավոր է՝ որոշակի սահմանափակումներ կիրառեն ՄՄ անդամ պետություններից արտահանվող ապրանքատեսակների հանդեպ: Առավել եւս, որ մի շարք ապրանքատեսակներ պարզապես չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին: Արդյունքում՝ Հայաստանը ստիպված լինի իր արտադրանքը սպառել ՄՄ-ի շրջանակներում:
Երեկ ԱԺ-ում դեռեւս կուլիսային մակարդակով խոսվում էր, որ առաջին հերթին կաճեն շաքարի, ձեթի, թռչնամսի եւ մի շարք այլ` առաջնային անհրաժեշտության ապրանքատեսակների գները, քանի որ ՄՄ-ն այս եւ մի շարք ապրանքատեսակների վրա ունի սահմանված բարձր մաքսավճարներ: ՄՄ-ին ՀՀ անդամակցության դեպքում կկրճատվի նաեւ Հայաստանի շուկան, եւ չի բացառվում, որ ՀՀ-ն մնա ռուսական, բելառուսական ու ղազախական ապրանքների հույսին: Այլ կերպ ասած` հնարավոր է վերադարձ դեպի խորհրդային անցյալ, երբ քաղաքացին ստիպված էր սպառել ոչ թե այն, ինչ ինքն էր ուզում, այլ ինչ հրամցնում էր պետությունը, իսկ արտասահմանյան արտադրության մեքենաներ կամ ապրանքատեսակներ ունենալը համարվում էր շռայլություն:
ՄՄ-ին անդամակցելու դեպքում գնաճի հավանականությունը հաստատեց նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: «Դա հնարավոր սցենար է»,-ասաց նա: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ավանեսյանը չհերքեց, որ ՄՄ-ին անդամակցելու դեպքում հնարավոր են նաեւ որոշ վնասներ, միայն թե, ըստ նրա, օգուտները կգերազանցեն վնասները: Մյուս կողմից, սակայն, ըստ Ավանեսյանի, դեռ չի երեւում, թե ՄՄ-ին անդամակցելու դեպքում ինչը կարող է հիմնական խոչընդոտ լինել. «Ես մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ` ՄՄ-ին անդամակցելու ամբողջովին ռիսկերը եւ գլխավոր սուբյեկտների պահվածքը կանխատեսել հնարավոր չէ»:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, թե ՄՄ-ին անդամակցելը ՀՀ-ի համար շահավետ է: Սակայն հարցին, թե կա ՄՄ-ին անդամակցելու դեպքում ՀՀ-ի տնտեսական օգուտների ու վնասների հաշվարկ, ասաց. «Սա հարց է, որը բավական երկար ժամանակ ուսումնասիրելու անհրաժեշտություն ունի, եւ դրա համար կարծում եմ` մի քանի ամիս պետք է աշխատել, որ ռեալ փաստենք, թե որ ոլորտում ինչ է սպասվում: Բայց, ընդհանուր առմամբ, տնտեսական շահավետությունը ՄՄ-ի հետ ընդհանուր մաքսային ռեժիմի պայմաններում մեր շուկայի համար արդարացված է»: Նրա խոսքով՝ տնտեսական շահավետությունն ու գրավչությունն ավելի մեծ կլինի, եթե հնարավոր լինի շահագործել աբխազական երկաթուղին: Իսկ հարցին, թե հնարավոր է՝ Հայաստանը ստիպված լինի գերազանցապես ՄՄ անդամ երկրներից ներկրել ապրանքատեսակներ, նա նշեց. «Բնականաբար, դա էլ կա, բայց սա սպառողի եւ պահանջարկի համապատասխանության, այսինքն` զուտ շուկայի խնդիր է»:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ