«ՎՏԱՆԳՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրված երգչուհի Մարգարիտ Շահինյանը հայ ժողովրդական երգեցողություն է դասավանդում Երեւանի պետական կոնսերվատորիայում եւ «Առնո Բաբաջանյան» երաժշտամանկավարժական քոլեջում։ Նրա հետ զրուցեցինք երիտասարդության խնդիրների, հայկական երգարվեստի այսօրվա վիճակի, երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին։

-Այսօր նույնիսկ շնորհալի, լավ ձայնային տվյալներ ունեցող երգիչ-երգչուհիներն են եթերը, բեմերը լցնում անճաշակ, կարելի է ասել, ապազգային երաժշտությամբ։ Ո՞վ է դրանում մեղավոր։
-Նախ պետք է պետության, կառավարության կողմից քարոզչական աշխատանքը վերանայվի, նոր ծրագրեր կազմվեն: Պետք է, օրինակ, կարգավորվեն բոլոր հեռուստաալիքների ծրագրերը, եթերը ողողվի ազգային ճշմարիտ մաքուր արվեստով, այլ ոչ թե, թող կոպիտ չհնչի, փողոցային հակաարվեստով։ Ինձ համար, համենայնդեպս, եթե ինչ-որ բան ոչ պրոֆեսիոնալ է, արդեն հարիր չէ մեր ազգային հեռուստատեսությանը։
-Բայց չէ՞ որ հեռուստաընկերությունները մասնավոր են, անկախ։
-Մասնավոր են, բայց դրանց վերահսկում են թե՛ օրենքով (կա համապատասխան հանձնաժողով՝ ՀՌԱՀ), թե՛ առանց օրենքի՝ ներքին կարգով։ Նրանք իրենց բիզնեսն ունեն, բայց անպայման հաշվետու են կառավարությանը, ու եթե հանկարծ որեւէ հեռուստաընկերություն սուր քննադատի կառավարությանը, իշխանություններին, հաստատ նրան պատասխանատվության ենթարկելու ձեւը կգտնեն։ Իսկ եթե գիտեն՝ ինչ է արվում, ուրեմն կարող են ազգային ուղղություն տալ նրանց ծրագրերին։ Հասկանում եմ նաեւ, որ ուզում ենք եվրաինտեգրվել, տուրք ենք տալիս եվրոպականին, ամերիկյանին։ Բայց գոնե դա լինի բարձրարժեքը, այլ ոչ թե հակառակը։ Եվ, ամենակարեւորը, դա պետք չէ անել ազգայինի հաշվին։ Գործից հոգնած` տուն ես գնում, միացնում հեռուստացույցը, ցանկանում ընտանիքով մի լավ հաղորդում դիտել ու… Այդ անվերջանալի անբարոյական մեքսիկական, բրազիլական սերիալները, խեղկատակ ֆիլմերը, շոուները, այսպես կոչված նովելները… Պարզապես զզվելի է։ Ընդ որում, այդ ամենը ցուցադրվում է հիմնականում երեկոյան ժամը 7-10-ը… Ո՛չ գեղեցիկ մշակութային ծրագրեր կան, ո՛չ գիտական հարցազրույցներ, ո՛չ պատմական հաղորդումներ: Որոշ բացառություններն էլ եղանակ չեն փոխում։ Չեմ ուզում հավատալ, որ դա արվում է երիտասարդներին հոգով ու մարմնով անբարոյական դարձնելու նպատակով։
-Խոսեցիք հեռուստատեսության մասին, բայց բեմահարթակներում, ակումբներում տեղի ունեցողը Ձեզ դո՞ւր է գալիս…
-Իհարկե ոչ։ Օրինակ` առեւտրական կետերը շատ լավ վերահսկում են, ասում են՝ այսքան աշխատեցիր, այսքանը պիտի ինձ տաս։ Իսկ ինչո՞ւ չի կարելի է նաեւ, ասենք, ակումբները վերահսկել։ Կարելի է ենթադրել, որ այդտեղից էլ փող են վերցնում, որ ինչ ուզեն՝ անեն։ Պետությունը պետք է ունենա ազգային անվտանգության ծրագիր, հիմնադրույթներ նաեւ մշակույթի բնագավառում, քանի որ այս ամենը վտանգում է հայկական ինքնությունը։ Մեր մշակութային արժեքները համաշխարհային մասշտաբով հավասարը չունեն, բայց գիտակցաբար կորցնում ենք, սա է ամենավտանգավորը։ Մի՞թե մեր նախնիներն ստեղծել են, որ մենք ոչնչացնենք։
-Իսկ մի՞թե մյուս, օրինակ, կրթության բնագավառում ամեն ինչ կարգին է։
-Ես փաստերով կարող եմ ասել, որ դպրոցներում էլ ահավոր վիճակ է. մանկավարժներն իրենց դիրքում չեն, կարող են սուր բանավիճել 4-5-րդ դասարանի երեխայի հետ, անհարկի պատժել նրան։ Ընդհանրապես պետությունը գրեթե ոչինչ չի անում երեխաների համար, իսկ խաղալիքներն ու թանկարժեք կարուսելները խնդիր չեն լուծում։ Ասում են՝ բյուջեում փող չկա, կառավարությունը փող չունի, բայց յուրաքանչյուր պատգամավոր, նախարար օտար բանկերում միլիոններ, միլիարդներ ունի։ Կոնսերվատորիայում սովորում, տարեկան վճարում են 800 հազար դրամ, բայց ավարտում ու մնում են պարապ. չկան համապատասխան աշխատատեղեր, բնագավառներ։ Եվ նրանց միակ նպատակը հանրապետությունից դուրս գնալն է. կարծում են՝ դրսում կարող են հանապազօրյա հացը վաստակել։ Պայքար է գնում նույնիսկ ամենացածր մակարդակի ակումբներում եւ ռեստորաններում տեղավորվել-երգելու համար։ Այսօր ժողովրդական երգի բնագավառում պետական կոլեկտիվները սահմանափակ են՝ մի երգի-պարի անսամբլ, մի աշուղական երգի անսամբլ եւ վերջ։ Գուսանական երգի անսամբլը համարյա գոյություն չունի. անտեսված է։ Էլ չեմ խոսում Արամ Մերանգուլյանի փառահեղ կոլեկտիվի մասին… Երաժիշտները թափառում են, չգիտեն՝ որտեղ նվագեն։ Ունենք ժողովրդական երգարվեստի ահռելի պաշար, գանձարան, բայց նորավարտ ու մեր սերնդի երգիչները, կոմպոզիտորներն անգործ են… Մի խոսքով՝ անհրաժեշտ է ազգային արվեստը հավուր պատշաճի ներկայացնելու, այն ամեն կերպ քարոզելու լուրջ մշակութային ծրագիր։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս