Կառավարությունը հունիսի 26-ի նիստում ընդունեց «ՀՀ Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին» որոշումը: Այս փաստաթղթի վերնագիրն ինքնին ոչինչ չի հուշում: Բայց կառավարության որոշման բովանդակությանը ծանոթանալու դեպքում բավականին հետաքրքիր փաստեր են բացահայտվում:
Այդ որոշման առաջին կետով հավանություն է տրվել համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին: Իսկ արդեն նախագծի 2-րդ կետը հանձնարարական է` ուղղված ՀՀ բնապահպանության նախարարին` «բանակցել միջազգային դոնոր երկրների կամ կազմակերպությունների հետ… Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքի համաձայն ծրագրի մշակման եւ իրականացման ֆինանսավորման համար` առաջին փուլում ապահովելով ենթաավազանային պիլոտային ծրագիր` առաջնահերթությունը տալով ձկնաբուծական տնտեսություններին»:
Այս համակարգի ներդրմամբ փորձ է արվում ջրօգտագործման ծավալների նկատմամբ առցանց հսկողություն իրականացնել եւ շահառուների համար հասանելի դարձնել այդ տեղեկատվությունը: Թվում է` սա նորմալ ծրագիր է, ի վերջո` նաեւ այս ոլորտն է արդիականացվում եւ այնտեղ եւս առցանց հսկողություն սահմանվում: Բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք: Կառավարությունը նաեւ որոշում էր կայացրել` թույլատրել Արարատյան դաշտում 70 նոր հորեր փորելու եւ 42 փակված հորատանցքերը բացելու մասին: Այդ նպատակով նույնիսկ 550 մլն դրամ է հատկացվել ՀՀ պետական բյուջեից:
Տեղի ունեցածն ուշագրավ է մեկ այլ առումով. այն բանից հետո, երբ մեծ աղմուկ բարձրացավ Արարատյան դաշտում արտեզյան ավազանի ջրային պաշարներն օրենսդրական կոպտագույն խախտումներով, անխնա օգտագործման մասին, երբ քրեական գործ հարուցվեց այդ առնչությամբ, Տիգրան Սարգսյանի կառավարությունը ստիպված էր քայլեր ձեռնարկել ապօրինի հորատանցքերը փակելու ուղղությամբ:
Այդ ծրագրի առաջին փուլն իրականացվեց 2013թ. դեկտեմբերին: Իսկ արդեն այս տարվա ապրիլի 3-ին` Տիգրան Սարգսյանի կառավարության վերջին նիստում (հիշեցնենք, որ այդ օրը երեկոյան նա հրաժարականի դիմում էր ներկայացրել-Ա.Գ.) որոշում էր ընդունվել` խստացնելու հորատանցքերի օգտագործման նկատմամբ հսկողությունը եւ հաստատել «Ապօրինի շահագործվող, ինչպես նաեւ չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվության, դրանց լուծարման եւ կոնսերվացման կարգը»: Փաստաթղթով արգելվել է Արարատի ու Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը:
Կառավարության որոշմանը կից փաստաթղթերից տեղեկանում ենք. «Արարատյան դաշտի հորատանցքերի թիվը կազմում է 3314, որից ջրօգտագործման թույլտվությամբ 952, լուծարման ենթակա 389, կոնսերվացման ենթակա 993, առանց ջրօգտագործման թույլտվության 562 եւ ժամկետանց ջրօգտագործման թույլտվությամբ 418»: Մոտ մեկ ամիս անց` 2014թ. ապրիլի վերջին ՀՀ բնապահպանության նախարարության կայքը հայտնում է. «ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում լուծարվել, կոնսերվացվել եւ բերվել են փականային ռեժիմի 82 հորատանցք, իսկ 7 խորքային հորի կոնսերվացման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են»: Ըստ շրջանառվող լուրերի` այն ժամանակ, այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից ավելի քան 600-650մլն դրամ էր տրամադրվել:
Ու հիմա ստացվում է, որ նախորդ կառավարությունը փակում է ապօրինի հորատանցքերը եւ խստացնում կարգը` բնապահպանական աղետի վտանգի պատճառով, իսկ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն, ընդհակառակըª ամիսներ հետո որոշում է կայացնում նոր հորեր ու հորատանցքեր բացելու մասին: Սա, մեղմ ասած, աբսուրդ է, եթե չասենք` հանցագործություն` հաշվի առնելով բնապահպանական աղետի վտանգը: Էլ չենք խոսում ՀՀ պետական բյուջեի ծախսերի մասին, երբ մի կողմիցª 650 մլն դրամ է տրամադրվում մի նախաձեռնության համար, հետոª 550 մլն դրամ տրամադրում հակառակն անելու նպատակով:
Իսկ կառավարությունն այսպես է վարվում մեկ նպատակով` վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ օլիգարխ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Ալեքսանյանի բիզնեսի համար. հայտնի ապօրինի ջրօգտագործողներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, ԱԺ օլիգարխ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին ու Գագիկ Ծառուկյանին պատկանող ձկնաբուծական ընկերություններն են` «Մխչյան ֆիշ», «Ալեքս Գրիգ», «Էկոֆիշ Թրեյդ» ՍՊԸ-ները, որոնք ժամանակին նաեւ ստիպված են եղել փակելու հորատանցքերը:
Հ. Գ. Իսկ ով պետք է գնահատական տա ՀՀ քաղաքացիների հարկերից գումարված պետբյուջեի ծախսերի համար, երբ միեւնույն քաղաքական ուժի իշխանության պայմաններում երկու վարչապետեր միեւնույն հարցի վերաբերյալ դրսեւորել են 180 աստիճան մոտեցում, արդյունքում ծախսելով մոտ 1 մլրդ դրամ:
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ