Ոնց հասկացա՝ էնքան էլ դժգոհ չեք վիճակից. Շանթ Հարությունյանը` ոստիկանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական քննությունը:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստի սկզբին հատնեց, որ պաշտպան Ռուբեն Սարգսյանը չի ներկայացել նիստին` հորեղբոր մահվան պատճառով:

Ուստի՝ դատարանը Սարգսյանի պաշտպանյալին հարցրեց` փաստաբաններից ում կցանկանար իրեն պաշտպաներ այսօրվա նիստին, ինչին ի պատասխան՝ ամբաստանյալը մատնանշեց Արա Զաքարյանին:

Ապա վերջինս ընթերցեց տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանի նախաքննական ցուցմունքը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպան Արա Զաքարյանը միջնորդել էր՝ ներկայացնել տուժող ոստիկանի նախաքննական ցուցմունքը` պատճառաբանելով, որ ինքն էական հակասություններ է նկատել դատաքննությանն ու նախաքննությանը տված ցուցմունքների միջև:

Ինչպես տեղեկանում ենք Արա Զաքարյանի կողմից ընթերցված տուժողի նախաքննական ցուցմունքից, Գեղամ Խաչատրյանը նշել է ամբաստանյալներ Վարդան Վարդանյանի, Շահեն Հարությունյանի, Ավետիս Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի, Արմեն Մարտիրոսյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի անունները, որոնց գործողությունների հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել:

Տուժողն իր ցուցմունքում հայտնել է, որ մինչև դեպքի օրը ճանաչել է միայն Շանթ Հարությունյանին, վերջինիս համախոհներից ոչ մեկին ինքը չի ճանաչել:

Պաշտպանի հարցին, թե տուժողն իր ցուցմունքում նշել է, որ հորդորել է Շանթ Հարությունյանին չխանգարել երթևեկությանը, սակայն տեսաձայնագրությունից բոլորովին այլ բան է երևում, ի՞նչ կասի այս հակասության մասին Գ. Խաչատարյանը, վերջինս պատասխանեց, որ տեսաձայնագրության մեջ կարող է չլսվել և չերևալ իր խոսքերն ու քայլերը:

Ապա պաշտպանը հարցրեց, թե ինչու տեսաձայնագրության մեջ չի երևում զինվորական համազգեստով մարդու հարձակումը: Արա Զաքարյանն առաջարկեց նաև ցուցադրել տեսաձայնագրությունը, իսկ Շանթ Հարությունյանը տեղից ասաց, թե «ախպոր պես պետք չի»:

Առերեսման ընթացքում տուժողն ասաց, որ ունի գերազանց հիշողություն, իսկ դատաքննությանը, ըստ պաշտպանի, տուժողն ասել է, որ չի բողոքում հիշողությունից: «Հիմա Ձեր հիշողությունը նորմա՞լ է, թե՞ գերազանց»,- հարցրեց Արա Զաքարյանը, իսկ դատարանը հարցը հանեց:

«Դուք ասացիք, որ հիվանդանոցում եղած ժամանակ Ձեզ այցելել են շուրջ 200 գործընկերներ: Հիմա կասե՞ք` նրանցի՞ց եք լսել, որ Արմեն Հովհաննիսյանը հրել է Ձեզ, թե՞ Դուք իմացել եք: Ես ցանկանում եմ իմանալ, որ եթե ինքը Արմեն Հովհաննիսյանին չի ճանաչել ու իր գործընկերների հետ դրա մասին չի խոսել, ապա ինչպե՞ս է իմացել, որ իրեն հարվածողը Արմեն Հովհաննիսյանն է»,- ասաց պաշտպանը, և դատարանը կրկին հանեց հարցը` պատճառաբանելով, որ պատասխանն արդեն հնչել է:

Ապա հարց հնչեցրեց ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանը, թե տեսաձայնագրությունում հստակ երևում է, որ տուժողը հայհոյում է իրենց, ինչո՞ւ դրա մասին չի խոսվում, իսկ դատարանը հարցը հանեց:

Նախաքննական ցուցմունքում ասվել է, որ Շանթ Հարությունյանը գոռգոռալով ասել է, թե «լխկելով» կշարժվեն Բաղրամյան քսանվեց, իսկ տեսագրություններից մեկում երևում է, թե ինչպես է Շանթ Հարությունյանին լրագրողը հարցրել` ու՞ր եք գնում, Շանթն ասել է` «հո դու չեքիստ չես, որ ասեմ, կարողա մի հատ էլ ծանուցագիր գրեմ, տամ քեզ:

«Ես ասել եմ այն, ինչ լսել ու տեսել եմ: Չեմ կարող ասել, թե տեաձայնագրությունում ինչ է ասվել»,- պատասխանեց տուժողը:

Իսկ Շանթ Հարությունյանը տեղից ասաց. «Ա՛յ մարդ, թողե՛ք` մի բան էլ ես ասեմ: Էս ի՞նչ ձայնազրկութուն է»:

Դատավոր Մարտիրոսյանը կրկին նկատողություն արեց, իսկ Հարությունյանն ասաց, որ ինքը պետք է հայտարարություն անի, ինչը դատարանն արգելեց:

«Ուզում եմ իմանալ` ինքն իրա՞ նախաձեռնությամբ է ասել, որ թուրքի շպիոն ա, թե՞ պատվերով»,- գոռալով խոսեց Շանթ Հարությունյանը` նկատողություն ստանալով դատարանից:

Տուժողն ասաց, որ նման բան չի եղել:

Այսքանով այս տուժողի հարցաքննությունն ավարտվեց:

Պաշտպանական կողմը միջնորդություն արեց` յուրաքանչյուր տուժողի հարցաքննելուց հետո հայտարարությամբ հանդես գալ, ինչին ի պատասխան՝ դատարանն ասաց, որ պետք է հասցնել գոնե մեկ տուժողի հարցաքննել, ուստի՝ անհրաժեշտ է օրվա վերջում տուժողի հարցաքննությունն ավարտել:

«Պարո՛ն Զաքարյան, վաբշե քիչ տվե՛ք տուժողներին հարցեր: Չե՞ք տենում` ինչ ա կատարվում»,- ասաց Շանթ Հարությունյանը:

Ապա ցուցմունք տվեց տուժող Պետրոս Հայրապետյանը: Վերջինս պատմեց, որ ընդհանուր միջադեպը տևել է 10-15 րոպե:

Շանթ Հարությունյանն ասաց, որ տուժողի ցուցմունքն իրեն դժոհելու առիթ չտվեց, և հարցրեց. «Դուք Ձեզ տուժող ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, որովհետև ոնց որ թե էնքան էլ դժգոհ չեք վիճակից: Պրինցիպի, դուք ավելի հարգված եք, քան իշխանության ներկայացուցիչները»:

«Ես տուժող եմ, որովհետև ցավեր եմ ունեցել: Եթե տուժող չլինեի, հիվանդանոց չէի գնա»,- պատասխանեց Հայրապետյանը:

Տիգրան Պետրոսյանի հարցին, թե որտեղից է իմացել տուժողը դեպքի մասին, պատասխանեց, որ «տեղեկությունը տարածվել է»:




Լրահոս