ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հերթական հարցազրույցն է տվել:«Հրատապ» ներկայացված այդ հարցազրույցում, սակայն, բացի բոլորիս հայտնի մտահոգիչ իրողությունների արձանագրումից եւ ներկայիս իշխանությունների հասցեին առավել կոշտ քննադատությունից, որեւէ հրատապ ասելիք չկար: Համենայնդեպս` այնպիսի ասելիք, որի հեղինակը չէր կարող լինել ցանկացած շարքային ընդդիմադիր գործիչ: (Ի դեպ, հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի` շարքային ընդդիմադիր գործիչ դառնալու կանխատեսումն արել էր Ռ. Քոչարյանը` դեռեւս 2007-ին):
Արձանագրելով Ղարաբաղի շուրջ օրեցօր մտահոգիչ դարձող իրավիճակը` Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն իր նախորդ հարցազրույցների, այս անգամ դրսեւորում է խիստ զգուշավորություն` բավարարվելով սահմանային միջադեպերի հետ կապված վիճելի դիտարկմամբ, թե` Հայաստանի արձագանքը զուսպ եւ անհամաչափ է, քանի որ «հայկական կողմը զգուշանում է»: Լավ է՝ չի ասվում՝«վախենում» է:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ձգձգմանը, ապա այստեղ էլ, վերանայելով անդամակցության անշրջելիության մասին իր նախորդ պնդումները` Տեր-Պետրոսյանը հիմա էլ պնդում է, թե ձգձգման պատճառը Հայաստանի իշխանություններն են, որոնք «չեն գտել հայ-ղարաբաղյան սահմանում մաքսակետեր տեղադրելու հարցի լուծման բանալին»: Այդպիսով` փաստորեն, Տեր-Պետրոսյանն անուղղակիորեն ընդունում է, որ իր կանխատեսման մեջ սխալվել է եւ անդամակցության գործընթացը կարող է եւ շրջելի լինել, թեեւ` դրա հետեւանքներն, անշուշտ, բավականին ծանր կլինեն մեզ համար:
Հարցազրույցի միակ հրատապ ասելիքը, թերեւս, ԲՀԿ-ին ուղղված հրապարակային ուղերձն է. տեղի չտալ իշխանությունների «բլիթներին» կամ«սպառնալիքներին» եւ հաստատուն մնալ սահմանադրական փոփոխությունների հարցում որդեգրած ընդդիմադիր դիրքորոշմանը: Սա, հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանի` վարչապետ դառնալուց հետո երկրորդ «հրատապ» ահազանգն է, որը հնչեցնում է Տեր-Պետրոսյանը` իր հերթին փորձելով ԲՀԿ-ին առաջարկել«իրենց գծում» մնալու դեպքում սպասվելիք «բլիթը»`«աշնանը ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ» ակնկալվող իշխանափոխության տեսքով:
Ասել է թե` Տեր-Պետրոսյանի ծրագիրը հայտնի «քաղաքագիտական վերլուծությունից» ի վեր չի փոխվել. ներկայիս ավազակապետական համակարգը փոխարինել ոչ վաղ անցյալում այդ նույն համակարգի մասը կազմող ԲՀԿ-ով, որը համակարգից տարանջատվել է զուտ ֆորմալ առումով, այն էլ` մասնակի: Իսկ բովանդակային առումով ԲՀԿ-ի` ավազակապետական համակարգից տարանջատվելու միակ հետեւանքն այն եղավ, որ աստիճանաբար շրջանառությունից դուրս մղվեց «ընդդիմադիր» հասկացությունը` փոխարինվելով «ոչ իշխանական» եզրույթով:
Հ. Գ. Թեեւ Տեր-Պետրոսյանը պնդում է, որ քաղաքագիտական սպեկուլյացիաներն իր ժանրը չեն, այնուամենայնիվ վիճելի պնդում է: