Այսպես կոչված, «քրչի բազար»-ը փակման շեմին է: Մի կողմից՝ ոստիկանության կենտրոնի բաժնի նորակառույց շենքն է գրավել «Դինամո» մարզադաշտի հարևանությամբ գտնվող շուկայի մեծ մասը, մյուս կողմից՝ հնոտիքի շուկայում նույնպես տնտեսական ճգնաժամը երբևէ չհեռանալու պայմանով խարիսխ է գցել:
Այս շուկայում մաքառող ծնունդով Կրասնոսելսկից, բայց այլևս երբեք ծննդավայր չվերադառնալու երդում տված Նունեն ասում է, որ առևտուրը նախկինում մինչև 30.000 էր հասնում. իսկ հիմա, եթե ինքն ամիսը 5000 դրամի առևտուր անի, իր համար դա հարսանիքի է հավասար:
Ձախողակ վաճառականն ապրում է բաց երկնքի տակ, և չնայած անընդհատ նշում է, որ արդեն 15 տարի իր տունն ու աշխատավայրը քրչի բազարն է, այնուամենայնիվ, շատ էր նեղվում, որ հատկապես վերջին տարիներին հարևան տների բնակիչներն իրենց ավելի են արհամարհում ու աղբն անմիջապես իր քթի տակ են լցնում:
«Քրչի բազարի» «տիրուհու» կյանքում վերջերս փոփոխություն է տեղի ունեցել: Ոստիկանության շենքի բացումից հետո նա այդտեղ աշխատանք է գտել. ամեն առավոտ տարածքն ավլում է ու ամիսը 16.000 դրամ վաստակում:
Դավիթ Վանեսյան, Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան