Այրվել են ոստիկանի կոշիկներն ու տաբատը, և ինչպես միշտ, մրմռացել են աչքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը:

Այսօրվա կայացած նիստում ցուցմունք տվեց տուժող Ազիզ Միրզոյանը, ով ասաց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում:

Տուժողի պատմելով` ինքը նախորդ տարվա նոյեմբերի 5-ին մի քանի հոգու տեսել է Ազատության հրապարակում, ովքեր հետագայում պարզվել է ակցիայի մասնակիցներից էր: Տուժողը պատմեց նաև, որ դեպքի օրը ինքը ծառայություն իրականացնելիս է եղել, և հանրահավաքի մասնակիցների բաց թողած պայթուցիկներից իր աչթերը արցունքոտվել են:

Տուժողի հարցաքննությունն այսքանով ավարտվեց:

Հաջորդը ցուցմունք տվեց տուժող Ռազմիկ Խառատյանը.

«Այդ օրը ոչ մի արտասովոր բան չի եղել: Լսել ենք, որ ակտվիստները երթի են պատրաստվում, բայց երթուղին չենք իմացել: Հետո ակտիվիստները դուրս եկան մայթ, ծուխ բարձրացավ, պայթյունի ձայներ լսեցինք: Նրանց մոտ նկատել ենք փայտե ձողեր, որոնք հիշեցնում էին բահի կոթ: Ոստիկանների օրինական պահանջները չէին կատարում»,- պատմեց ակտիվիստը:

Պաշտպան Արա Զաքարյանի հարցին՝ ո՞ր օրինական պահանջը չեն կատարել, տուժողը պատասխանեց՝ ակտիվիստները դուրս էին եկել մայթ: Պաշտպանը հարցրեց՝ինչի՞ց է տուժողը որոշել, որ այդ պահանջն օրինական է, պատասխանեց, թե օրենքում կա հատուկ կետ, որով արգելվում է հասարակական վայրերն այլ նպատակների համար գործածելը: Արա Զաքարյանը չհասկացավ պատասխանը և խնդրեց պարզաբանել, իսկ նա ասաց, թե ինքն արդեն պատասխանել է հարցին:

Պաշտպանական կողմի հարցին, թե ինչպես են մրմռացել աչքերը, Խառատյանը պատասխանեց, որ շատ չեն մրմռացել, ինքը բժշկի օգնությունից հրաժարվել է:

Իսկ Արա Զաքարյանի այն հարցին, թե նրանից ինչքան հեռավորության վրա են հնչել կրակոցները, տուժողն ասաց՝ ոչ շատ հեռու: «Սկզբում քիչ էին, հետո շատացան պայթյունները»,- հավելեց Խառատյանը:

Պաշտպանի հաջորդ հարցին, թե ոստիկանների մոտ ինքը բարձրախոս տեսել է, դրական պատասխան տվեց, և Արա Զաքարյանը հարցրեց, թե նա կզգար, եթե բարձրախոսով խոսեին, դատարանը հարցը հանեց:

Տուժողն ասաց, որ ինքը տեսել է, թե ինչպես են ակտիվիստները ծեծում քաղաքացիական հագուստով մարդուն, և պաշտպանական կողմի հարցին, թե տուժողը գիտեր` ով է այդ մարդը, պատասխան հնչեցրեց՝ ոստիկան է, ինչը հասկացել է այն բանից, որ ակտիվիստներն ասել են, թե «միլիցա է, խփե՛ք»:

Վարդան Վարդանյանի հարցին, թե ինչպես կարող էր տուժողը 25 մետրից լսել հորդորները, եթե 5 մետրից նկարող տեսախցիկը չի ֆիքսել հորդորները, Խառատյանը պատասխանեց. «Դա կամերայի խնդիրն է»:

Ապա Վարդանյանը հարցրեց, թե ինչու հավատաց, որ քաղաքացիական հագուստով տղամարդը ոստիկան է եղել: Վարդանյանը հակադարձեց, թե միգուցե իրենցից է մեկը եղել և ցանկացել է ոստիկանների աշխատանքը խախտել:

«Կարող ա ասում էր՝ Հռոմի պապն ա, պիտի խաչակնքվեի՞ր»,- հարցրեց ամբաստանյալը, իսկ տուժողն ասաց. «Հարգելի՛ քաղաքացի, իմ պարտքն է մարդկանց կարգի հրավիրել, երբ իրավիճակը դուրս է գալիս վերհսկողությունից»:

Ապա ամբաստանյալ Ալեք Պողոսյանը ցանկանում էր հարց ուղղել, սակայն Վարդան Վարդանյանն ու Շանթ Հարությունյանը միջամտեցին` ասելով. «Պա՞րզ չի, որ էս մարդն իրա շեֆերի վրով բան չի ասելու, թողե՛ք գնա: Արի՛ դուրս, արի՛ դու»,- ասաց Վարդանյանը` դիմելով տուժողին: Վարդանյանն ասաց, նաև, որ տուժող Գեղամ Խաչատրյանի հայհոյելու մասին պետք չէ խոսել, քանի որ դա ոչ մի ոստիկան չի հաստատելու դատարանի դահլիճում:

Հաջորդը ցուցմունք տված տուժող Հարություն Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ ինքը դեպքի օրը տեսել է դիմակավորված անձանց, քաղաքացիական հագուստով ոստիկաններին, որոնցից ինքը մի-երկու հոգու է ճանաչել:

«Այդ օրը կոշիկներս են այրվել, ականջս է վնասվել, աչքերս են մրմռացել, տաբատիս փողքերն են վառվել: Ես տեսել եմ, թե ինչպես են հարվածում քաղաքացիական հագուստով ոստիկանին` ընկած վիճակում գտնվող: Նրա անունը չգիտեմ, բայց դեմքով գիտեմ»,- ասաց Հարություն Գրիգորյանը:

Տուժող Արթուր Վարդգեսյանն էլ դատարանին հայտնեց, որ նախքան դեպքը և դեպքից հետո էլ ամբաստանյալներից ոչ մեկի հետ առնչություն չի ունեցել:

«Նկատեմ եմ քաղաքացիների մոտ փայտե մահակներ, քաղաքացիական հագուստով քաղաքացու, ով գոռում էր, որ ինքը ոստիկան է, նրան էլ ակտիվիստները մահակներով սկսեցին խփել` գոռալով, թե միլիցա էր, խփեք: Հետո այդ ոստիկանին տեսա արյունոտված գլխով: Պայթյունների հետևանքով աչքերս են մրմռացել, ու այդ օրը բոլորի աչքերն էլ մրմռացել են»,- պատմեց տուժող ոստիկանը:

Վերջինս ասաց նաև, որ այդ օրը տեսել է մոտ 25 տարեկան, ակնոցներով երիտասարդի, ով մյուսների հետ խփում էր ոստիկանին: Նրա խոսքով` հետագայում իմացել է, որ այդ երիտասարդը ամբաստանյալ Սևակ Մնացականյանն է:

Հինգերորդ տուժողը, որ այսօր ցուցմունք տվեց դատարանում, Ազատ Հովսեփյանն էր, ով պատմեց, որ ինքը տեսել է, թե ինչպես են Շանթ Հարությանն ու մյուսները մահակներով ու պայթուցիկներով շարժվում դեպի Մաշտոցի պողոտա:

«Նրանք պայթուցիկներ էին նետում, ինչի արդյունքում շնչառությունն էր վատանում»,- ասաց տուժողը, և պաշտպանի հարցին, թե տեսել է քաղաքացիական հագուստով ոստիկաններին, տուժողն ասաց, որ ինքը լսել է, ոչ թե տեսել և նրանց չի ճանաչում:

Պաշտպանը հարց ուղղեց, թե տուժողը տեսել է, որ որևէ ոստիկանի ծեծեն ակտիվիստները, տուժողն ասաց, որ տեսել է, թե ինչպես են հարվածում Ոստիկանության կենտրոնի բաժնի պետի տեղեկալ Վարդան Գևորգյանին:




Լրահոս