Մեր ուժերից վեր է միջազգային կառույցների վրա ազդելը. Համլետ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյանը  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը չի նախապատրաստվում պատերազմի, սակայն նաեւ չի դադարեցնի սահմանային գնդակոծությունները` քանի դեռ միջազգային կառույցները հանդես չեն եկել դատապարտող հայտարարությամբ:

-Պարոն Հարությունյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերն ազերիների կողմից գնդակոծության են ենթարկվում: Սակայն որեւէ միջազգային կառույց, այդ թվում եւ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, չեն արձագանքում կատարվածին: Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված նրանց  «լռությունը»:

-Ճիշտն ասած, ինձ համար էլ է զարմանալի, որ որեւիցե միջազգային կառույց` Եվրամիությունը, ՀԱՊԿ-ն, խոշոր տերությունները ոչ մի արձագանք չեն տալիս կատարվածին: Ըստ երեւույթին, բոլորը զբաղված են ուկրաինական դեպքերով եւ, բնականաբար, այստեղ կատարվողը համարում են ընդամենը սահմանային միջադեպեր, դրա համար էլ չեն արձագանքում: Չնայած` դա էլ չլիներ, իբրեւ թե ե՞րբ են արձագանքել:

-Այսինքն` ՀՀ-ում եւս պետք է ուկրաինական դեպքերը կրկնվե՞ն, պատերազմ վերսկսվի՞, որպեսզի արձագանքեն կատարվածին:

-Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում էլ պետք է արձագանքեն, բայց որ չեն արձագանքում, ես ի՞նչ կարող եմ անել: Մեր ուժերից վեր է ինչ-որ մի ձեւով նրանց վրա ազդելը: Ուղղակի սահմանում մերոնք` մեր բանակի զինվորները, պետք է ադեկվատ պատասխան տան ու նաեւ մի քիչ էլ հուժկու հարված հասցնեն, որպեսզի ադրբեջանցիներն այդպես ցանկացած դեպքում չկարողանան գնդակոծել:

-ՀԱՊԿ պայմանագրի համաձայն` մասնակից պետությունները պարտավոր են համատեղ ջանքերով դիմակայել, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ վերացնել իրենց ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը: ՀՀ իշխանություններն ինչո՞ւ չեն փորձում ՀԱՊԿ-ին հիշեցնել այդ մասին:

-Կարծում եմ` իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այդ հրաձգությունները, ռմբակոծությունները դադարեն: Դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է համապատասխան հայտարարությամբ հանդես գան, բայց մենք տեսնում ենք, որ երբ անգամ կրակում են նրանց մեքենայի վրա, որեւէ հայտարարություն չի լինում: Դա նշանակում է` միջազգային կառույցներն իրենց անտարբերությամբ ոգեւորում են Ադրբեջանի իշխանություններին:

-Իսկ մեր իշխանությունները…

-Իշխանություններն ի՞նչ մեղք ունեն, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ քաղաքականություն է վարում: Ու գտնում եմ, որ այս պարագայում ովքեր էլ լինեն ՀՀ իշխանությունները, Ադրբեջանը միեւնույն է` իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու է: Կարծում եմ` այստեղ իշխանության գույնը, իշխանության ձեւը չի օգնում: Ագրեսորը միշտ էլ իր ագրեսիվ քաղաքականությունն է վարելու:

-Բայց ըստ Ձեզ` Ադրբեջանն իրապես պատրաստվում է պատերազմի՞:

-Ոչ, Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմական գործողությունների չի դիմի, իմ կարծիքով` Ադրբեջանի ռազմավարությունն այս էտապում սահմանի վրա խուճապ ստեղծելն է: Նաեւ Ալիեւն իր ժողովրդի համար է անում, որպեսզի իր ժողովրդին ցույց տա, որ ինքը հզոր բանակ ունի, որ իրենք ուժեղ են եւ այլն:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի պահվածքը, երբ սահմանի վրա լարված իրավիճակ է, իսկ նա ամեն օր անկարեւոր այցեր ու ընդունելություններ է ունենում` այդ ընթացքում որեւէ անգամ ժամանակ չգտնելով այցելել գնդակոծվող սահմանամերձ գյուղեր:

-Ես չեմ կարող գնահատել նախագահի պահվածքը, նա մեր զորքերի գլխավոր հրամանատարն է, ինքը ժամանակի առումով ավելի ճիշտ կորոշի այդ այցելությունները: Ինքը երբ հարմար կգտնի` կարող է եւ գնալ: Բայց ես չեմ կարծում, որ իր գնալով սահմանամերձ գյուղերում ինչ-որ բան կփոխվի: Ադրբեջանը շարունակելու է իր քայլերը մինչեւ միջազգային կառույցները նրան կզսպեն, հանդես կգան դատապարտող հայտարարությամբ: Ի վերջո, ագրեսորի բնութագրումն Ադրբեջանին պետք է տրվի միջազգային կառույցների կողմից, քանի որ նրանք գնդակոծում են ոչ միայն մեր զինվորների դիրքերն, այլեւ խաղաղ բնակչությանը: Հենց խաղաղ բնակչության հանդեպ այդ ագրեսիան պետք է համապատասխան պատասխան ստանա միջազգային կառույցների ու հանրության կողմից: Միշտ էլ նման գործողություններ են կատարվել, իսկ Եվրոպան քար լռություն է պահպանել` սկսած 19-րդ դարից, ու կարծես թե դա Եվրոպայի դասական քաղաքականությունն է:

-Բայց դրա մասին քար լռություն են պահպանում նաեւ հայրենի իշխանությունները: Ճի՞շտ եք համարում այդ պահվածքը:

-Անընդհատ մամուլը գրում է սահմանում տիրող իրավիճակի մասին, ՀՀ ՊՆ-ն եւս անընդհատ արձագանքում է: Եթե մենք այսօր պահանջում ենք, որ պատերազմ պետք չէ սկսել, մենք պետք է անենք հնարավորինը, որ խաղաղությունը պահպանվի: Ինչ-որ տեղ, այո, մենք զիջում ենք, բայց դա էլ պետք է, որպեսզի խաղաղությունը պահպանվի: Մենք չպետք է ագրեսորի դերում հանդես գանք: Չնայած մի կողմից էլ` հակառակորդը պետք է հուժկու հակահարված ստանա, որպեսզի լռի: Թուրքին մինչեւ չծեծես, նա երբեք բարեկամ չի դառնում:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս