Կիևի ոստիկանությունը ձերբակալել է 32 մարդու, այդ թվում՝ երկու անչափահասի, որոնք մեղադրվում են քաղաքի կենտրոնում ռեստորանի գրավման փորձի համար: Դեպքի վայրը զննելու ժամանակ հայտնաբերվել են ատրճանակի նման 7 առարկա, 12 զրահաբաճկոն, ինչպես նաև՝ փայտեր, մահակներ, մարտական նռնակների և պայթուցիկ փաթեթների նման իրեր: Ինչպես հայտնել են Ուկրաինաի ՆԳՆ-ից, ձերբակալվածները չեն թաքցրել, որ հարձակման համար նրանց վճարել են:
Շևչենկոյի բուլվարում գտնվող ռեստորանի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: Սկզբում հաստատություն է մտել 15 մարդ, որոնք ներկայացել են որպես «Մայդանի ինքնապաշտպանության» անդամներ: Նրանք պահանջել են վճարել իրենց շենքի վարձակալման համար կամ ազատել տարածքը:
Երբ ռեստորանի աշխատակիցները մերժել են նրանց, Մայդանի կողմնակիցները դուրս են վռնդել ռեստորանի անձնակազմին և փոխել կողպեքները՝ մնալով ներսում փակված:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հանդիպել են մահակներով զինված ևս 40 մարդու դիմադրության, որոնք այդ նպատակով եկել են ռեստորանի մոտ: Արդյունքում՝ 1 ոստիկան վիրավորվել է, ոստիկանությունը ձերբակալել է 35 իրավախախտի: