ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՇԱՀԵՐՆ ՈՒՆԵՆ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սպառնալիքներին Սերժ Սարգսյանի արձագանքը միանգամայն համարժեք է. դա հաղթող երկրի նախագահի արձագանք է:

-Պարո՛ն Թորոսյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ադրբեջանական վերջին դիվերսիայի հետ կապված, որեւէ լուրջ հայտարարությամբ հանդես չեկան: Ինչո՞ւ:
-ԵԱՀԿ Մինսկի խումբը հստակ քաղաքականություն է իրականացնում, այն է՝ մերձեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները եւ միջնորդել, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Եթե նկատել եք, նրանք մշտապես ձեռնպահ են մնում կողմերից որեւէ մեկին առավելություն տալու հարցում: Եթե Ադրբեջանի կողմից լինում են դիվերսիաներ կամ պատասխան հարվածներ մեր կողմից, նրանք հավասարապես հորդորում են դադարեցնել շփման գծում բախումները, դադարեցնել դիպուկահարների գործողությունները եւ վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Դա է պատճառը, որ մենք միշտ դժգոհում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների քայլերից, համարում ենք, որ դրանք ադրբեջանամետ են, իսկ ադրբեջանցիներն էլ մշտապես դժգոհում են, որ նրանց քայլերը հայամետ են: Ուստի արդյունքում նրանք փորձում են գոհացնել երկուսիս էլ, միեւնույն ժամանակ չբավարարելով երկու կողմերի ամբիցիաները: Սա նրանց մոտեցումն է:
-Բայց համապատասխան արձագանք չի լինում նաեւ մյուս միջազգային կառույցների կողմից՝ թե՛ եվրոպական, թե՛ ՀԱՊԿ:
-Սա շատ նուրբ խնդիր է: Իհարկե, մեզ համար շատ ցանկալի է, որ թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, թե՛ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն կամ ՀԱՊԿ-ը, բոլորն էլ արձագանքեն հավուր պատշաճի, հայտարարեն, որ այո՛, դատապարտում են Ադրբեջանի իրականացրած գործողությունները: Բայց պետք է հասկանալ, որ միջազգային գործընկերները, դրանք կառույցներ են, պետություններ են, որոնք ունեն իրենց շահերը եւ հարաբերությունները մեր հակառակորդի հետ, ուստի չեն ցանկանում առավելությունը տալ կոնֆլիկտի մի կողմին՝ նսեմացնելով մյուսին: Համենայնդեպս, հակամարտությունների փորձը ցույց է տալիս, որ դրանով ոչ թե նպաստում են հակամարտությունների կարգավորմանը, այլ ավելի են սրում հարաբերությունները կողմերի միջեւ: Միջազգային կազմակերպությունները մշտապես էլ փորձում են ձեռնպահ մնալ հստակ, որեւէ կողմին աջակցող դիրքորոշումից:
-Որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ չե՞ք կարծում, որ այսօր Հայաստանի դիվանագիտությունը «կաղում» է, եւ նման իրավիճակներում, չգիտես ինչու, մշտապես մեր գլուխը «կախ» է: Եվ սա այն դեպքում, երբ մենք չենք նախահարձակ կողմը: Արդյո՞ք ճիշտ է այդչափ կրավորական կեցվածքը:
-Գլուխը կախը անհասկանալի էր, որովհետեւ ես չգիտեմ, թե որ հարցում է մեր գլուխը կախ… եթե մեր դիվանագիտությունը կաղում է, նշանակում է՝ շահել է ադրբեջանական դիվանագիտությունը: Բայց ես չեմ տեսնում, որ որեւէ պետություն, նույնիսկ իսլամական աշխարհի երկրներից, ադրբեջանամետ հայտարարություն անի: Շատ զգույշ են բոլորն այս հարցում: Հետեւաբար, չեմ կիսում այն տեսակետը, որ մեր գլուխը կախ է, դիվանագիտական սեղանի շուրջ մենք մեր իրավունքները պաշտպանում ենք շատ լավ, եւ կարծում եմ, որ մենք գլուխ կախելու որեւէ խնդիր չունենք:
-Բայց, պարո՛ն Թորոսյան, Ադրբեջանի նախագահի օրումեջ հնչող սպառնալիքները, որոնք ԼՂ նկատմամբ հավակնություններից արդեն վերածվել են բուն Հայաստանը որպես «պատմական ադրբեջանական հողեր» հետ բերելու մասին հոխորտանքի, մինչ օր այդպես էլ չեն ստացել համարժեք արձագանք: Մինչեւ ե՞րբ պետք է այդ ամենը հանդուրժվի:
-Մի պահ Ձեզ դրե՛ք Ալիեւի տեղը. պարտված, տարածքները կորցրած երկիր, որը որեւէ հույս չունի այդ տարածքները վերադարձնել… իսկ հասարակությանը ինչպե՞ս պետք է կերակրել՝ ընդամենը ռազմական հռետորաբանությամբ: Իհարկե, անընդունելի ու պարսավելի է, բայց դա իր ազգակիցների աչքում մնալու ճանապարհներից մեկն է, կարծում եմ:
-Ալիեւի եւ նրա ընտրազանգվածի հարաբերություններն իրենց խնդիրն է, մեզ հետաքրքրում է մեր պետության, մեր երկրի պահվածքը: Որքանո՞վ եք համարժեք համարում Ալիեւի հնչեցրած սպառնալիքներին Սերժ Սարգսյանի կողմից տրված պատասխանը:
-Մեր նախագահը բոլորովին այլ կարգավիճակում է. հաղթած երկրի նախագահն ասում է, որ մենք վերադարձրել ենք մեր պատմական հողերը, մենք պայքարում ենք Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար, հասել ենք այդ նպատակին եւ պատրաստ ենք կոնֆլիկտը կարգավորել խաղաղ ճանապարհով: Միեւնույն ժամանակ նշելով, որ մենք պատրաստ ենք պատերազմի, եթե Ադրբեջանը դրան ձգտում է: Բնականաբար, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ոճը, տոնը եւ խոսքի որակը պետք է տարբեր լինեն:
Հ.Գ. Մինչ խոսվում է համարժեք պատասխանի մասին, հունվարի 28-ին ԼՂ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակից մահացավ Սիսիանից զորակոչված զինծառայող Կարեն Գալստյանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

 
ՀԱԿԱՍԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐՈՎ

Երեկ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացավ 2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը, որի ընթացքում ցուցմունքներ տվեցին 2 կարեւոր վկաներ՝ ժամկետային զինծառայողներ Հրաչյա Մարգարյանը եւ Արշակ Պետրոսյանը: Քանի որ նրանց կողմից նախաքննության ընթացքում, ապա դատարանում տրված ցուցմունքների միջեւ կային էական հակասություններ, մեղադրող Արթուր Զաքարյանը դատարանին միջնորդեց հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները, ապա դատավարության կողմերը վկաներին հարցեր տվեցին:

Նիստի ընթացքում որպես վկա հարցաքննվեց Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը: Իսկ մայրը՝ Լուիզա Ստեփանյանը, դատարանին խնդրեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին «մասսայական գնդակահարել» կամ էլ ցմահ ազատազրկել: Իշխան Ստեփանյանը եւս դատարանին խնդրեց ամբաստանյալին ցմահ ազատազրկել:
Վկաների տված ցուցմունքներով ներկայացվեց կատարված հանցագործության ընդհանուր պատկերը: 2013թ. մայիսի 15-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի ծխարան հանդիսացող տաղավարում զինվորական կանոնագրքի կանոններն են յուրացրել 4 զինծառայողներ՝ Լյուքս Ստեփանյանը, դատարանում որպես վկա հանդես եկած վերոհիշյալ 2 զինվորներն ու եւս մեկ զինվոր՝ Հրաչյա Սարգսյանը: Այդ ժամանակ զորամասի պահակատան մոտ ինքնաձիգով հերթապահող Դավիթ Խաչատրյանը հարցրել է, թե ժամը քանիսն է: Լյուքս Ստեփանյանն ասել է, թե ինքը ժամացույց չունի՝ Դավթին կոչելով «պզուկոտ»: Դավիթը պահանջել է իրեն այդպես չկոչել: Սակայն Լյուքսը շարունակել է նրան այդպես անվանել: Ժամապահ Դավիթ Խաչատրյանը երկու քար է նետել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, սակայն դրանք չեն դիպել: Լյուքս Ստեփանյանը մի քանի անգամ հայհոյել է Դավթին, վերջինս դրանց չի պատասխանել, նրանից պահանջել է վերջ տալ հայհոյանքներին: Հետո Դավիթը ավտոմատն իջեցրել է գոտկատեղի մոտ: Լյուքսն ասել է՝ «դե կրակի, չկրակողի…», եւ հնչել է անձին ուղղված հայհոյանք: Հաջորդ պահին Դավիթ Խաչատրյանը մոտ 25 մ հեռավորությունից արձակել է մենահատ կրակոց, որի հետեւանքով Լյուքս Ստեփանյանը տեղում զոհվել է, իսկ Հրաչյա Սարգսյանն առողջության համար ծանր վնասվածք է ստացել:
Տուժող Հրաչյա Սարգսյանը դատական նիստին ներկա չէր: Դատարանում շատ էին Լյուքս Ստեփանյանի հարազատներն ու համագյուղացիները, նրանց մի մասին դահլիճում տեղ չլինելու պատճառով այդպես էլ չհաջողվեց ներկա լինել նիստին:
Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 6-ին՝ ժամը 12-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՕՐԻՆԱԽԱԽՏ ՄՈԼԻԲԴԵՆ

2012թ. ապրիլի 25-ին «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերությունն աչքի ընկավ արտադրական տարածքում խոշոր պայթյունով, ինչի հետեւանքով ընկերության մի շարք աշխատակիցներ տարբեր աստիճանների այրվածքներ ստացան ու տեղափոխվեցին հիվանդանոց: Պատճառը տեխնոլոգիական գործընթացի խախտումն էր: Ուշագրավն այն էր, որ այս ընկերությունը փորձաքննության էր ենթարկվել «ԴԱՄԻ» ՍՊԸ-ի կողմից, որի տնօրենը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբորորդի Դավիթ Սարգսյանն է:
Եվ ահա նույն ընկերությունն էլի հայտնվել է աղմկալի պատմության կենտրոնում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: 2013-ի դեկտեմբերի 30-ին տնօրեն Կարեն Կարապետյանն «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ի անունով «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հայտարարագրել է 60,150 կգ ֆեռոմոլիբդեն, որը, սակայն, սահմանված ժամկետում Բագրատաշենի մաքսակետ չի հասցվել եւ ՀՀ մաքսային տարածքից չի արտահանվել: Արդյունքում տնօրենը տուգանվել է ընդամենը 100.000 դրամով: Նշենք, որ ընկերության հիմնադիր տնօրենն էլ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն է:

 

ԴԱՏԱՐԿ ԽՈՍՔԵՐ

Հայոց բանակի օրվա առթիվ քաղաքական գործիչների կողմից շնորհավորանքների եւ գեղեցիկ խոսքերի պակաս այս տարի էլ չունեցանք: Եվ ուշագրավն այն է, որ ավելի շատ շնորհավորում ու բանակի մասին լուրջ դատողություններ էին անում եւ, ինչու չէ, նաեւ ճոխ-ճոխ խոսում այնպիսի գործիչներ, որոնց կենսագրություններում զինվորական ծառայության տարեթվերն իսպառ բացակայում են: Բայց քիչ է մնում իրենց ներկայացնեն որպես հայոց բանակի հիմնասյուներից մեկը: Բացառություն չդարձավ նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը հրապարակեց իր ուղերձը՝ նշելով. «Իբրեւ հայ ժողովրդի անբաժանելի մի մասնիկ՝ մեր բանակը եւս կրեց անցումային փուլի բոլոր դժվարությունները, բայց պատվով իրականացրեց ու իրականացնում է իր առաքելությունը: Այսօր արդեն հայոց բանակը կայացած է եւ մեր հպարտությունն է»:
Այո՛, մեր բանակը կայացած է եւ պատվով է իրականացնում իր առաքելությունը, բայց այդ կայացման գործընթացում չկա եւ չի եղել Գագիկ Ծառուկյան անունը մի պարզ պատճառով՝ ԲՀԿ-ի հայրենասեր եւ ժողովրդասեր առաջնորդը պարզապես իր շատ գործընկերների նման չի ծառայել բանակում: Հետեւաբար այլընտրանքի ղեկավարը կարող էր ընդամենը բավարարվել սովորական համեստ շնորհավորանքով, քանի որ բանակի կրած դժվարություններին նա ոչ մի կերպ մասնակից չի եղել:




Լրահոս