Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Աստվածաշունչ մատյանում Սուրբ Աստվածամոր մասին տեղեկությունները կցկտուր են, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և մեզ են փոխանցվել եկեղեցու սրբազան ավանդության շնորհիվ:
Ավանդության համաձայն` Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո:

Շուրջ 12 տարի Սուրբ Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզման ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Սուրբ Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում:

Սուրբ Կույսը նաև պատվիրել է Ս. Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սուրբ Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սուրբ Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Սուրբ Աստվածամայրը գնացել է վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Ս. Հովհաննեսը վերցրել է մի տախտակ և տվել Սուրբ Աստվածածնին ու խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա:

Սուրբ Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Սուրբ Աստվածամայրն ավանդել է հոգին:

Սուրբ Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին «ննջում» և ոչ թե «մահ» բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Ս. Բարդուղիմեոս առաքյալը, ով բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Դա նշանակում էր, որ Հիսուսն, իր խոստման համաձայն, երկինք էր փոխադրել Իր մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմված պատկերը տալիս են Ս. Բարդուղիմեոսին` որպես մխիթարություն:

Ըստ Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Սուրբ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում: Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, Սուրբ Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն:

Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Սուրբ Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սուրբ Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:




Լրահոս