Միասնաբար ոտքի ենք ելնելու մեր երկրի պաշտպանության համար. Գ. Սահակյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի քաղաքական ուժերի՝ վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը և ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երկօրյա այցով եղել են Տավուշի մարզում։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

ՀՀ ԱԺ նախագահի և խորհրդարանականների առաջին հանդիպումը սահմանամերձ Մովսես համայնքի հենակետի դիրքապահների հետ էր։ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ և ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորներն ու զինվորականները հակառակորդի՝ վերջերս իրականացրած դիվերսիոն գործողություններին տվեցին համարժեք պատասխան և հերթական անգամ ապացուցեցին հայ զինվորի ոգու անպարտելիությունը, Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը։

Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները նշել են նաև, որ հայ սահմանապահները զգոն ու մշտարթուն են և լավ են գիտակցում, որ մեր հայրենիքի անվտանգության ու անձեռնմխելիության առաջին պաշտպաններն են, և մեր երկրի ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ամուր ձեռքերում է։

Զինվորների հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Մովսես համայնքի բնակիչների հետ: Անդրադառնալով սահմանամերձ համայնքների խնդիրներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են այդ խնդիրների լուծման ուղղությամբ: «Այսօր բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են մի գաղափարի՝ հայրենիքի պաշտպանության շուրջ: Դուք Հայոց բանակի մի մասն եք, և անհրաժեշտության դեպքում մենք միասնաբար ոտքի ենք ելնելու մեր երկրի պաշտպանության համար»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Այնուհետև ԱԺ նախագահն ու խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ներկա են գտնվել մեր երկրի սահմանները պաշտպանող զորամասերից մեկի՝ Մեհրաբի գնդի կազմավորման 14-ամյակի հանդիսավոր արարողությանը։ Ներկաները նշել են, որ զորամասն իր մեծ ներդրումն ունի Հայաստանի հյուսիսարևելյան դարպասները պաշտպանելու գործում և բարձր մարտունակության շնորհիվ կասեցնում է հակառակորդի ոտնձգությունները։

Խորհրդարանականները, շնորհավորելով զինվորներին և սպայական անձնակազմին տոնի կապակցությամբ, նշել են, որ չնայած իշխանությունների հետ առկա խնդիրներին ու տարաձայնություններին՝ քաղաքական ուժերը միակամ են ժողովրդի և բանակի հետ երկրի անվտանգության պաշտպանության հարցում։

Զորամասի ակումբում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասել է, որ առաջիկայում օրենսդրական բարեփոխումների արդյունքում կլուծվեն սահմանամերձ համայնքների առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ։
Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահը և պատգամավորները եղել են նաև սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վազաշեն համայնքներում և դիրքերում: Հանդիպումների ընթացքում սահմանամերձ համայնքների բնակիչները խորհրդարանականների հետ զրուցել են իրենց մտահոգող հարցերի շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս համայնքների բնակչության խնդիրները իշխանությունների ուշադրության կենտրոնում են, և ամեն ինչ արվում է խնդիրների լուծման ուղղությամբ։

Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպել են սահմանամերձ Բերքաբեր և Բարեկամավան համայնքների բնակիչների հետ: Բարեկամավանում նրանք մասնակցել են զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:

Երկօրյա այցի ավարտին Տավուշի մարզի Բերդ համայնքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Մեղրի և հատապտուղների փառատոնին: ՀՀ ԱԺ նախագահն այցելել է նաև Տավուշի պատմամշակութային թանգարան:

nkar2

nkar3

nkar4

nkar5

nkar




Լրահոս