Ղազախական Tengrinews լրատավական գործակալության փոխանցմամբ, Մինսկում կայացած գագաթաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ղազախ լրագրողներին տված բրիֆինգում ասել է, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում հանդիպելու են Մաքսային միության երկրների ղեկավարները, որի ընթացքում նախատեսվում է լուծել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցության հարցը: Ահա այս տեղեկատվությունը հիմք ընդունելով` երեկ ողջ լրատվական դաշտն արդեն հեղեղված էր Հայաստանի առաջիկա անդամակցության մասին վերլուծություններով ու մեկնաբանություններով:
Մինչդեռ հիշեցնենք, որ տակավին վերջերս` Սոչիում կայացած հայտնի հանդիպումից հետո տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը Հայաստանի` այս տարի ԵՏՄ-ին անցամակցելու վերաբերյալ հարցին պատասխանել էր բառացիորեն հետեւյալ կերպ. «Անդամակցությունը մենք երբեք չէինք ենթադրում, որ այս տարվանից կլիներ: Խոսքը երեւի ստորագրման մասի՞ն է… Ես չեմ կարծում, որ այս տարի չենք ստորագրի: Ես կարծում եմ՝ կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչեւ աշուն: Տեսնենք»:
Այսպիսով` մեր երկրի ղեկավարը հայտարարում է, որ այս տարվա ընթացքում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին խոսք չի կարող լինել, եւ աշնանը նախատեսվում է ընդամենը պայմանագրի ստորագրումը: Սակայն, չգիտես ինչու, անգամ իշխանական քարոզչամեքենան առավել արժանահավատ է գնահատում Ղազախստանի նախագահի` վերը նշված հայտարարությունը` մոռանալով Սերժ Սարգսյանի ասածի մասին:
Իսկ դրա պատճառը, թերեւս, հասկանալի է՝ առաջին անգամ չէ« որ Մաքսային միությանն անդամակցելու հարցի շուրջ ՀՀ իշխանությունների նախանշած ժամկետները հետաձգվում են, իսկ ընթացակարգերն էլ` փոփոխվում: Ի վերջո հիշենք, որ հենց մայիսի վերջին Աստանայում կայացած գագաթաժողովում էլ Ս. Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց անդամակցության պայմանագիրը ստորագրել արդեն հունիսի 15-ին, սակայն ինչպես տեսանք` որոշում կայացնողները հարցն առկախեցին: Էլ չասած, որ մինչ Աստանան ՀՀ իշխանությունները պնդում էին, թե Հայաստանը դառնալու է ԵՏՄ հիմնադիր անդամ, սակայն ինչպես տեսանք` ԵՏՄ-ն հիմնադրվեց առանց մեզ:
Եվ հիմա` Նազարբաեւի այս հայտարարությունից հետո պաշտոնական Երեւանի լռությունը թերեւս ավելորդ անգամ սխալված չլինելու զգուշությամբ է պայմանավորված: Ինչի արդյունքում« սակայն« ՀՀ քաղաքացիների համար այդպես էլ անհասկանալի է մնում. ի վերջո Հայաստանը հոկտեմբերի 10-ին ստորագրելով անդամակցության պայմանագիրն արդյոք արդեն իսկ համարվելու է ԵՏՄ լիիրավ անդամ, թե ոչ: Թեեւ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում արդեն իսկ սովորական է դարձել սեփական երկրի ճակատագրի հետ կապված կարեւորագույն որոշումների մասին դրսից եւ առավելապես օտարների շուրթերով տեղեկանալը: Սպասենք Նազարբաեւի հաջորդ ասուլիսին: