Մեզ հետ զրույցում ԽԱՉԻԿ ԵՂՈՅԱՆՆ ասաց, որ ինքն այդպես էլ չընդունեց կուսակցական դառնալու առաջարկը, թեեւ քիչ էր մնում` համաձայներ:
-Ձեզ երբեւիցե որեւէ կուսակցության անդամ դառնալու առաջարկ չե՞ն արել:
-Մի քանի տարի առաջ ինձ առաջարկեցին «Օրինաց երկիր» կուսակցության Շենգավիթ համայնքի երիտասարդների թեմում լինել: Ես երբեւիցե չեմ հարել ոչ մի կուսակցության, չեմ էլ հարի: Բայց իմ այդ վիճակից համարյա թե գայթակղության էի գնում ու քիչ էր մնում համաձայնություն տայի, բայց Աստված այնքան մեծ գտնվեց, որ ես շուտ հասկացա ու հետ կանգնեցի:
Կուսակցական չեմ, բայց արդեն 15 տարի «Գախեքս» երիտասարդական մշակութային միությունն եմ ղեկավարում: Այդ միության անդամներ են մարդիկ, ում հետաքրքիր է մշակութային կյանքը: Ես էլ իմ հերթին փորձում եմ որեւէ կերպ օգնել երիտասարդությանը, վերջերս էլ բոլորովին անվճար տեսահոլովակ նկարեցի Մրոյի սան Հարություն Բարեղամյանի համար:
Ինչպես Պարույր Սեւակն է ասել. «Ժամանակը մի գետ է, որի մեջ չլողալ ուղղակի չի կարելի, բայց արվեստագետն այն մարդն է, որն այդ գետում չի խեղդվում»: Իհարկե, պետք է լողանք, պետք է փող աշխատենք, շոու բիզնես անենք, բայց չխեղդվենք այդ շոու բիզնեսի մեջ:
-Մենք ունե՞նք շոու բիզնես:
-Իհարկե, եթե ես առնում եմ մի երգչի 100 դոլարով ու վաճառում 200-ով, բիզնե՞ս չի: Մի քիչ գրդոնի է նման, բայց բիզնես է: Շոու բիզնեսը մեզ մոտ սխալ են հասկանում, բայց դա իսկապես բիզնես է, աշխարհում այն 3-րդ տեղն է զբաղեցնում, եթե անօրինական բիզնեսները` նարկոբիզնեսն ու զենքի բիզնեսը, չհաշվենք, ապա` առաջին: Մենք պատերազմը նոր ավարտած պետություն ենք, մեր միակ շուկան Ամերիկան է, այն էլ միայն Արմենչիկ է ուզում, բա ուզում եք լավ բիզնե՞ս լինի:
-Արմենչիկի երգերից մի օր կբարձրանա՞նք:
-Արմենչիկը շոուբիզնեսային է, ինքը հեշտ է վաճառվում, եթե նրա համար վճարում են եւ ուզում իրենց հարսանիքներին տեսնել, ուրեմն շոու բիզնես կա: Դա շոու բիզնես է` անկախ իր չափերից: Օրինակն ինձ վրա բերեմ. մի գիշերվա ընթացքում ստացած հոնորարով կարողացա մյուս օրն ինձ մեքենա գնել:
-Այդ ինչպե՞ս:
-Մի շատ մեծ տարածքի բացման արարողության կազմակերպչական հարցերը վստահել էին ինձ ու դրա համար այնքան գումար վճարեցին, որ ես մեքենա գնեցի: Դա 5 տարի առաջ էր, հիմա ես երազում եմ այդ չափի հոնորարի մասին: Մեր երկրում կայուն ոչինչ չկա:
-Քանի որ ոչ մի տեղ մշտական չեք աշխատում, ենթադրում եմ, որ կայուն եկամուտ էլ չեք ունենա:
-Դրա համար էլ չեմ ամուսնանում (ծիծաղում է-Ե.Ռ.): Ստեղծագործող մարդը ֆինանսի չի սպասում, իր գործն է անում: Ես շարունակում եմ գրել, շուտով գիրքս լույս կտեսնի:
-Միայն ստեղծագործելով հնարավո՞ր է տուն պահել: Այլ բիզնես չունե՞ք:
-Որպես ինձ քույր` ասե՛ք` ինչ անել: Ինձ ոչ ոք չի պահի իր մոտ, որովհետեւ ես ճիշտ խոսող եմ: Ընկերոջս հետ որոշել ենք մի փոքր բար բացել, որ թեկուզ մի քիչ եկամուտ ապահովի: Ես չեմ կարող գնալ որեւէ սերիալի ռեժիսոր լինել ու տեսնելով բազմաթիվ թերություններ` հանգիստ աշխատել: Չեմ հիշում` որ սերիալն էր, մի պահ տեսա, երբ հայոց լեզվի ուսուցչուհին քանոնով խփում է աշակերտի ձեռքին հերիք չէ, մի հատ էլ ասում է. «Տղա՛ ջան, դու եկել ես ստեղ ժամանց անցկացնելո՞ւ»: Ու ինքը ֆիլմում հայոց լեզվի ուսուցչուհի է խաղում: Բա ես ո՞նց կարող եմ այդտեղ ստոպ չտալ ու չասել` ա՛յ սիրելի «աստղ», որ 5000 դրամով եկել, սերիալում նկարահանվում ես, հայերեն խոսե՛լ իմացիր ու երկրորդն էլ` քանոնով երբ խփում ես երեխայի ձեռքին ու հանրայնացնում, դու մանկավարժության նուրբ մասնագիտությանը դեմ քայլ ես անում, կարելի է ասել` սադիզմ ես քարոզում:
Ինձ կասեն` ընկե՛ր, դու գժվել ես, բա ո՞նց հասցնենք վաղվա սերիան, ընկել ես մանրուքների հետեւից:
-Եթե շատ մեծ հոնորարով առաջարկեն սերիալ նկարել, չե՞ք համաձայնի:
-Անկեղծ եմ ասում` չեմ ուզենա նկարել: Ես այդ արագի մեջ արված բաները չեմ սիրում: Ավելի լավ է քիչ հոնորարով առաջարկեն 10 կամ 30-մասանոց ֆիլմ նկարել, որը կունենա ասելիք, սկիզբ, ընթացք, ավարտ: Չեմ ուզում, որ ամեն առավոտ սցենարիստը ռեժիսորի պահանջով կամ իր մտահղացմամբ որոշի` ինչ գրի, կամ ինչ անեն, որ ինտրիգ լինի` հերոսուհին տանիքից ընկնի, որ մարդիկ փող տան: Մեքենայի տակ գցելով ու տանիքից ընկնելո՞վ եք սերունդ դաստիարակում: Ինչքան տեսահոլովակ ենք նայում, մեքենայի տակ են ընկնում: Կարելի է մի քիչ հուզական տեսարաններ անել, բայց ոչ արյունլվիկ բաներ ցուցադրել, որ աղջիկը խղճահարությունից սիրի տղային: Ռեժիսուրայում ու շատ այլ ոլորտներում բացակայում է ենթատեքստային գաղափարը: Որովհետեւ շատերը Ստանիսլավսկի չեն կարդացել, մեթոդը չեն ուսումնասիրել: Էլ ի՞նչ պահանջենք նրանցից:
-Բավականին համարձակ եք խոսում:
-Ես վախենալու բան չունեմ: Կարծում եք` տե՞ղ են հասնում ասածներս: Թքած ունեն մեր նման խոսողների վրա: Հույսս միայն Աստված է, ու կարծում եմ, որ նաեւ իմ ազգի համար մշտական աղոթքներս են բոլորիս պահում եւ ինձ ուժ տալիս:
«ԻՆՁ ԿԱՍԵՆ` ԸՆԿԵ՛Ր, ԴՈՒ ԳԺՎԵԼ ԵՍ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ