«Հաշմանդամություն ունեցող կինն էլ ունի մայրանալու իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի շրջանակներում «Դիսըբիլիթի ինֆո» (Disability info) տեղեկատվական ՀԿ-ն Ամավիրի մարզի հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար կազմակերպեց սեմինար-քննարկում` վերարտադրողական, սեռական առողջության, իրավունքի թեմաներով:

Ըստ պաշտոնական տվյալների` 2014-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 193836 անձ: Նրանցից 14,1% կազմում են 18-40 տարեկան անձինք:

«Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի ղեկավար Զարուհի Բաթոյանը մտահոգություն հայտնեց, որ քաղաքաշինական խոչընդոտների, տեղեկատվության պակասի եւ համապատասխան ծրագրերի բացակայության պատճառով նրանցից շատերը դուրս են մնում երկրում իրականացվող գործընթացներից:

Այնուհետեւ մանրամասնեց. «Հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ունեն նույն խնդիրները, ինչ մյուս երիտասարդները: Սակայն բացի տեխնիկական խոչընդոտներից, այս պարագայում կա նաեւ հասարակության վերաբերմունքի խնդիրը: Օրինակ` հաշմանադամություն ունեցող կնոջն այնպես չեն վերաբերվում, ինչպես մյուսներին, նրանից նույն սպասելիքները չունեն, ասենք, որ նա էլ կարող է երեխա ունենալ եւ նրա խնամքը տանել: Բազում խոչընդոտներ կան, որ հոգեբանորեն ճնշում են թե՛ կնոջը, թե՛ նրա ընտանիքին»: Զարուհի Բաթոյանի փոխանցմամբ` Արմավիրի մարզում նման դասընթացների անցկացումը կարեւոր է հատկապես այն պատճառով, որ այստեղ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող նորաստեղծ «Արեւի շող» կազմակերպությունն է գործում, որի աշխատանքներին խթանել է պետք: Զարուհի Բաթոյանը հավելեց. «Երեւանում երիտասարդները քիչ թե շատ ներգրավված են նման ծրագրերում, բայց մարզերի հաշմանդամություն ունեցող անձինք դուրս են մնում նման ծրագրերից»:

«Արեւի շող» ՀԿ-ի շահերի պաշտպան Արտյոմ Սահակյանը նշեց, որ իրենց մարզում հաշմանդամություն ունեցող անձինք ունեն տեղաշարժման, տեղեկատվության, դեղորայքի հասանելիության, հասարակություն ինտեգրվելու խնդիր: Այնուհետեւ նշեց. «Մեր մարզում ընդհանրապես մայթերը բացակայում են, եւ հաշմանդամություն ունեցող անձի համար չափազանց դժվար է քաղաքում տեղաշարժվելը, չկան թեքահարթակներ»: Արտյոմ Սահակյանը կարեւորեց նման ծրագրերի անցկացումը եւ շեշտեց, թե հույս ունի, որ դասընթացից հետո երիտասարդների մտածելակերպում շատ բան է փոխվելու. «Հատկապես կանանց եւ աղջիկների մոտ կան հոգեբանական խնդիրներ. նրանք, ովքեր ունեն հաշմանդամություն, նույնիսկ չեն էլ ցանկանում մտածել մայրանալու մասին, ինչի պատճառը տեղեկատվության պակասն է, խանգարում են կարծրատիպերը»:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում տեղեկատվական նյութեր են հրապարակվել Disabilityinfo.am եւ ikin.am կայքերում` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց ընտանիքի անդամներին: Մինչեւ հոկտեմբեր պատրաստ կլինի «Առողջ լինելու իմ իրավունքը» գրքի աուդիոտարբերակը` տեսողության խնդիր ունեցող անձանց համար: Ծրագրի ընթացքում կազմակերպվել է նաեւ սեմինար-քննարկում լրագրողների համար` ինչպես գրագետ լուսաբանել հաշմանդամություն ունեցող երիտասարդների վերարտադրողական առողջության խնդիրները:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս