ԿՈՍՏՅՈՒՄԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանում ձեւավորված ներքաղաքական պատկերը էականորեն տարբերվում է նախորդ ընտրաշրջաններից: Եվ հիմնական տարբերությունն այն է, որ ընտրություններին մասնակցող անխտիր բոլոր ուժերն էլ պատրաստ են համագործակցել իշխանական  Հանրապետական կուսակցության հետ: Նոր ԱԺ-ում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չեն բացառել ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ «Ժառանգություն»-ը, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ ՀԴԿ-ն: Նշված բոլոր ուժերի ղեկավարներն էլ այդ հարցի շուրջ արդեն իսկ հրապարակել են իրենց տեսակետը: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանի` հատկապես վերջին օրերին կրկին կոշտացրած հակահանրապետական եւ հակասերժսարգսյանական հռետորաբանությանը, այնուամենայնիվ, Կոնգրեսի առաջնորդը ՀՀԿ-ի հետ համագործակցությունն անհնարին չի հայտարարել: Իսկ դատելով ՀՀԿ-ի հետ երկխոսության անցած ամառվա փորձից, պարզ է, որ նման համագործակցությունը ոչ միայն տեսականորեն, այլեւ գործնականում եւս պետք չէ բացառել: Կասկածից դուրս է, որ «Միավորված հայեր»-ն ու Կոմկուսը եւս հաճույքով կհամագործակցեին ՀՀԿ-ի հետ, եթե իհարկե, նրանց նման առաջարկ անող լիներ: Զուտ ազգային միասնականության եւ հանդուրժողականության տեսանկյունից, այս իրավիճակը թերեւս  կարելի է դրական համարել, միայն թե խնդիրն այն է, որ դրա արդյունքում հերթական անգամ այսպես թե այնպես խաբվելու է այս իշխանություններից  դժգոհ շարքային ընտրողը: Քանի որ կարող է ստացվել այնպես, որ նա ձայնը տա  իրեն արմատական ընդդիմություն ներկայացնող որեւէ ուժի, սակայն կարճ ժամանակ անց ստիպված լինի հետեւել, թե ինչպես է այդ ուժը «կառուցողական համագործակցության» մեջ մտնում իշխանության հետ: Կարճ ասած` այսօրվա ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին էլ այս կամ այն չափով կարող է սպառնալ ՕԵԿ-ացումը: Ու որպեսզի դրա արդյունքում իրենք էլ նույնչափ չվարկաբեկվեն, ներկայում ընդդիմադիր դաշտում խաղացող ուժերի ղեկավարները, քննադատելով հանդերձ ՀՀԿ-ին ու անձամբ Սերժ Սարգսյանին, աշխատում են այդուամենայնիվ, չանցնել սահմանը եւ ամեն դեպքում իրենց համար նահանջի ու մանեւրելու տեղ թողնել: Նման գործելաոճի վերջին դրսեւորումներից էր ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի` օրերս հրապարակած հոդվածը, որտեղ վերջինս առանց անունը նշելու, սակայն բավականին թափանցիկ կերպով ակնարկելով իշխանության բարձրագույն ներկայացուցչին,  նրան անվանում է ստահակ եւ կարծիք հայտնում, որ  «ստահակի բանը բուրդ է. ազնիվ խաղում նա ոչ միայն չի շահի, այլեւ կկորցնի ամեն ինչ` սկսած «Պատեկ Ֆիլիպ» ժամացույցից, վերջացրած «Բրիոնի» կոստյումով, եւ այդ ամենը կուղարկեն պետբյուջե…»: Հեղափոխական ուժի առաջնորդը խուսափում է  ուղիղ խոսել ու հստակ նշել, թե ով է իր ասած ստահակը: Ի վերջո, քաղաքական շրջանակներում բոլորն էլ գիտեն, թե ով է նախընտրում «Բրիոնի» բրենդի կոստյումներն ու «Պատեկ Ֆիլիպ» ժամացույցը: Ուրեմն` ի՞նչն է խանգարում Հովհաննիսյանին իր քննադատությունը «կոստյումային» մակարդակից վեր հանել:




Լրահոս