ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-Ի ՔԵՄԲՐԻՋՅԱՆ ԿԱԴՐԸ. Ե՞Վ

ՀՀԿ քվոտայով պատգամավոր ու նախարար դարձած քչերը կարող են պարծենալ այնպիսի կենսագրությամբ, ինչպիսին ունի Սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը: Հենց միայն այն, որ երիտասարդ նախարարը ծառայել է հայոց բանակում, արդեն իսկ նրան շահեկանորեն առանձնացնում է երիտհանրապետական գվարդիայի շատուշատ ներկայացուցիչներից:

Տնտեսագիտության թեկնածու է, սակայն գիտական աստիճանը միջոց չի դարձրել՝ բանակից ազատվելու համար: Արտեմ Ասատրյանը 1994 թվականին ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի էկոնոմիկայի պետական կարգավորում ֆակուլտետը: Նրա ավարտած տարում այլեւս ծիծաղելի էր հնչում էկոնոմիկայի պետական կարգավորում հասկացությունը, որովհետեւ ամեն ինչ գլխիվայր շրջվել էր: Ու գուցե դա էր պատճառը, որ նա ընդունվել է ՀՀ կառավարման դպրոց եւ ավարտել 1997 թվականին: 2000 թվականին էլ ավարտել է նույն այս դպրոցի ասպիրանտուրան:
Իսկ 1998-ից Ասատրյանը սկսել է իր աշխատանքային գործունեությունը. 1998 թ. – ՀՀ կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամ՝ կենսաթոշակային ապահովագրության վարչության նպաստների բաժնի պետ, 1998-2006թթ. – ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն՝ կենսաթոշակային ապահովության (2002 թ. հունվարից՝ սոցիալական ապահովագրության եւ կենսաթոշակային ապահովության) վարչության պետ, 2006-2007թթ. – ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն` «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն, 2007-2011թթ. – ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, 2011թ. – համատեղությամբ նաեւ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
2011թ. ՀՀ վարչապետի՝ մարտի 25-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, իսկ 2012թ. հունիսի 16-ից՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Հիշեցնենք, որ այս պաշտոնում նա երկու անգամ վերանշանակվեց՝ 2013թ. մայիսին, ապա այս տարվա ապրիլին:
Ինչպես նկատեցիք, մեր հիշատակած Քեմբրիջը բացակայում է: Հարվարդը նույնպես: Բանն այն է, որ պարոն նախարարը մասնակցել է այդ հռչակավոր բուհերում սեմինարների եւ հավաստագրեր ստացել: Դե, դա էլ վատ չէ: Բայց նրա կենսագրության մեջ մեզ ուրիշ բան է հետարքրքրում: Արտեմ Ասատրյանը նախարարությունում մշտապես զբաղվել է կենսաթոշակներով, այսինքն՝ մերթ Վազգեն Խաչիկյանի ենթական է եղել, մերթ՝ նրա շեֆը: Եվ Խաչիկյանի ու «ընկերների» բոլոր ապօրինությունները տեղի են ունեցել Ասատրյանի կառավարման շրջանում: Ինչպե՞ս է պատահել, որ նա չի նկատել բազմաթիվ յուրացումներն ու խախտումները, իսկ Խաչիկյանի հեռացումից հետո զբաղեցրել նրա պաշտոնը… Մի՞թե նրան բանի տեղ չեն դրել եւ բաժին չեն հանել եւ կամ արհամարհել են… Բայց այդպես չի լինում: Ամենասովորական տրամաբանությունը հուշում է, որ Ասատրյանն առնվազն պիտի տեղյակ լիներ կատարվածի մասին:
Մի հանգամանք էլ. Արտեմ Ասատրյանը չափազանց արագ է բարձրացել կարիերայի աստիճաններով, ընդամենը 35 տարեկան հասակում, ունենալով 9 տարվա աշխատանքային ստաժ, դարձել է փոխնախարար: Կարելի է վստահորեն ասել, որ ունենք հրաշամանուկ, որն էլ հետո արդեն նշանակվել է նախարար… Նկատենք, որ նրա կարեւորագույն վերելքներն արձանագրվել են այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հայտնվեց վարչապետի պաշտոնում: Այստեղ այլեւս մեկնաբանությունները դառնում են ավելորդ:
Արտեմ Ասատրյանը խնամքով թաքցնում է իր ունեցվածքը, չնայած որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ նախարարը բիզնեսներ ունի, որ չի ապրում իր համեստ աշխատավարձով: Ճիշտ է, նրա ընտանիքը երբեք ի ցույց չի դնում իր ֆինանսական հնարավորությունները, սակայն հպանցիկ հայացքն էլ թույլ է տալիս ասել, որ նա համեստ կենսակերպով ապրողներից չէ: Բայց եթե իր ֆինանսական կարողությունները թաքցնում է նախարարը, ապա չի կարողանում թաքցնել իր հակասական հայտարարությունները, միեւնույն հարցի վերաբերյալ տարբեր, տրամագծորեն հակառակ դիրքորոշումները: Այդպիսով նա ակնհայտ է դարձնում այն իրողությունը, որ իրեն վերեւից ինչպես թելադրում են, այնպես էլ ինքը խոսում է: Օրինակները բազմաթիվ են: Հիշենք միայն պարտադիր կուտակային կենսաթոշակայինի շուրջ ծավալված քննարկումներում նախարարի հակասական դիրքորոշումները:
Օրինակ` մտաբերենք, թե ինչպես ԱԺ-ում նախարարը պատգամավոր Սամվել Ֆարմանյանի՝ վաղօրոք համաձայնեցված հարցին ի պատասխան, հայտարարեց. «Մասնավորապես, ներկայացված երեք մոտեցում էր, որոնցից առաջինն այն էր, որ պետք է լինի կամավոր, երկրորդը՝ որ տնօրինվող եկամուտը չպետք է նվազի։ Եթե մենք նայում ենք այս առաջարկների բովանդակությանը, հասկանալի էր, որ եթե անձը կամավոր որոշում է կայացնում մասնակցել համակարգին, դա իր որոշումն է, եւ իր աշխատավարձից կատարվող հատկացման հաշվին, բնականաբար, ապահովում է իր լրացուցիչ կենսաթոշակային ապահովվածությունը»… «Դրանք այս օրենսդրական փաթեթով առաջարկվող լուծումները պարունակում են»: Դրանից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հրապարակավ ստախոս անվանեց նախարարին, ով խորհրդարանի առջեւ ստում էր… բայց, Ա. Ասատրյանի համար, դա, բնականաբար, առանձնապես նշանակություն չունեցավ: Առավելեւս, որ նման դեպքեր մինչ այդ էլ էին գրանցվել:
Ի դեպ, Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականից հետո խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն այլեւս մտադիր չեն Ասատրյանին պահել կառավարության կազմում, անգամ հայտնի էր, թե ով էր փոխարինելու նրան: Բայց մի որոշակի պահի Սերժ Սարգսյանը մտափոխվեց եւ Ասատրյանին նորից նշանակեց: Փաստորեն Ասատրյանը շատ արժեքավոր կադր է Սերժ Սարգսյանի համար, առավելեւս, որ կրծքով պաշտպանում է «տխրահռչակ կուտակայինը» եւ շոյվում, երբ իրեն հայտարարում են «կուտակային համակարգի հայրը»:
Թեպետ` այն բանից հետո, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ Քառյակից, նորից է խոսվում Ասատրյանի պաշտոնանկության հավանականության մասին, քանզի ընկեր դաշնակները ցանկանում են իրենց վերադարձնել սոցիալական ապահովության համակարգը…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ

 

 

ՄԱՐԶԵՐ

ՆՈՐ ՀԱՆՔԱՎԱՅՐ
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի ընկերություն Վազաշենի պղնձի եւ ոսկու հանքավայրում աշխատողներ է ընդունում՝ խոստանալով բարձր աշխատավարձ: Տեղեկության հետքերով զանգահարեցինք Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանին, ով ասաց, որ իրենց գյուղից ընդամենը 3 կին է աշխատանքի ընդունվել: Այդ կանայք ճաշ են պատրաստում ընկերության 10 աշխատակիցների համար: Վերջիններս Վազաշենի հանքավայրից նմուշներ են վերցնում, ուսումնասիրում: Այդ աշխատակիցները գիշերում են Վազաշենի տարածքում գտնվող, նախկինում Հայաստանի մինիստրների խորհրդին պատկանած պանսիոնատում, որը, մեր տեղեկություններով, սեփականաշնորհվել է Միքայել Բաղդասարովի կողմից: Անցյալ տարի, երբ քննարկվում էր Վազաշեն-Պառավաքար 3,2 կմ երկարությամբ սահմանագոտու վտանգավոր հատվածները շրջանցող ճանապարհի կառուցման հարցը, լուրեր տարածվեցին, թե պետական բյուջեի միջոցներով այդ ճանապարհը կառուցվում է ոչ թե սահմանի այդ հատվածում երթեւեկի անվտանգությունն ապահովելու, այլ՝ ոսկու եւ պղնձի հանքավայրը շահագործելու նպատակով: Վազաշենի գյուղապետն ասաց, որ հանքավայրը կառուցվող շրջանցիկ ճանապարհից ավելի ցած ընկած հատվածում է գտնվում: Լորիկ Բադիրյանի վկայությամբ՝ եթե որոշվի հանքավայրը շահագործել, ապա Վազաշենի վարչական տարածքում գտնվող, անտառային նշանակության այդ հողերի կադաստրային նշանակությունը կփոխվի, եւ դրանից հետո հնարավոր կլինի հանքավայրը շահագործել: Բադիրյանի խոսքով՝ հանքավայրն ավելի շատ պղինձ է պարունակում, քան ոսկի: Գյուղապետը, սակայն, չգիտեր այն ընկերության անունը, որը պատրաստվում է հանքավայրը շահագործել։ Նա միայն ասաց, որ այդ գործում ներգրավված է օտարերկրյա ներդրող:

 

ՔԱՐՈԶԻՉՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ
Մի քանի օր առաջ Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում գտնվող տանս դուռը թակեցին: Շեմին երկու տղամարդ էին՝ մեկը շուրջ 40 տարեկան, մյուսը՝ 25: Նրանցից ավագը, բարեւելուց հետո ինձ հարցրեց. «Ի՞նչ կարող ենք անել, երբ ուժասպառ ենք լինում»: Պատասխանեցի, որ նման դեպքերում պառկում եմ, հանգստանում: Պարզվեց, որ այդ հարցը գրքույկի վերնագիրն էր, որը նրանք տվեցին ինձ: Բացի այդ, տվեցին նաեւ Եհովայի վկաների «Դիտարան» հանդեսը: Նրանք պատմեցին աշխարհի վերջի, Եհովայի թագավորության մասին: Պարզվեց, որ երկու քարոզիչներն էլ Նոյեմբերյանի տարածաշրջանից էին՝ Վրաստանին սահմանակից Դեբեդավան եւ Բագրատաշեն գյուղերի բնակիչներ: Նախկինում Եհովայի վկաների քարոզիչները Երեւանից էին Նոյեմբերյան գալիս, հիմա արդեն «տեղացի կադրեր» կան: Հայ առաքելական եկեղեցու սպասավորները զբաղված են հիմնականում ծիսական արարողություններ կատարելով: Այդ արարողությունները կատարվում են գրաբարով, ուստի անհասկանալի են ժողովրդի համար: Մարդկանց հոգիներում առկա բացը լրացնում են Եհովայի վկաները, որոնք չեն զլանում այցելել տներ եւ բնակիչներին քարոզել: Ադրբեջանին սահմանակից տարածաշրջանում զենքը մերժող եհովականների թվի մեծանալը լավ բան չի խոստանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԴԵՖԻՑԻՏ ՈՒՆԻ
ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքն այս գարնանը տեղի ունեցած ցրտահարության պատճառով կանգնել է խնդրի առաջ: Բանն այն է, որ համայնքը հնարավորություն չունի սեպտեմբեր ամսվա ոռոգման ջրի խորքային հորերի պոմպերի ծախսած էլեկտրաէներգիայի վճարումները կատարել: Այդ պատճառով ՀՀ կառավարության վաղվա նիստում որոշում կկայացվի համայնքի դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով 4 մլն դրամ հատկացնել: Նշենք, որ նախագիծը կազմվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կողմից: Նախագծի նպատակն է կարգավորել համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրները:

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՏՐՎԻ
«ԷՌԱ ՊՊ» ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու հայտ է ներկայացրել, որը ՀՀ կառավարության վաղվա նիստում կընդունվի եւ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն կտրամադրվի` 5 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նախորդ տարվա որոշմամբ՝ «ՌԱՕ ՄԱՐՍ» եւ «ԵրՄՄԳՀԻ» ընկերությունների տարածքներում ստեղծվել է ազատ տնտեսական գոտի: Եվ 2013թ. օգոստոսի 1-ին գործարկվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին, իսկ երկու շաբաթ անց ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ միջեւ կնքվել է վերը նշված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիրը: Տեղեկացնենք, որ «ԷՌԱ ՊՊ» ՍՊԸ-ն նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում իրականացնել լուսատեխնիկական սարքերի արտադրություն:
Ըստ ծրագրի՝ առաջին եռամսյակում ընկերության արտադրանքի արտահանման ծավալները կկազմեն մոտ 0.3 մլն դոլար, իսկ 2015թ. ավարտին՝ 3 մլն դոլար: Լուսատեխնիկական սարքերը հիմնականում կարտահանվեն Ռուսաստանի Դաշնություն: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է առաջին փուլում ստեղծել 15 նոր աշխատատեղ, իսկ 2015 թ. ավարտին` 35: Ծրագրված ներդրումները կկազմեն մոտ 1 մլն դոլար:

 

 




Լրահոս