ՄԻ ՕՐ ԿՈՒՆԵՆԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է: Եվ, չնայած այն փաստին, որ արդեն որերորդ տարին միջազգային իրավապաշտպան freedom house կազմակերպությունը Հայաստանը համարում է  ոչ ազատ մամուլ ունեցող երկիր, այնուամենայնիվ, այսօր մեր մասնագիտական տոնն է, քանի որ Հայաստանը միգուցե եւ չունի ազատ մամուլ ընդհանուր առմամբ, սակայն ունի միանգամայն ազատ առանձին լրատվամիջոցներ եւ էլ ավելի ազատ լրագրողներ: Մեր բոլորիս մասնագիտական եւ քաղաքացիական երազանքն է ապրել այնպիսի երկրում, որտեղ 100 տոկոսով գործում է խոսքի ազատության հիմնարար իրավունքը, ինչը ժողովրդավարության  ամենամեծ ցուցիչն է: Եվ որքան էլ այսօր փորձ արվի ներկայացնել, թե անկախության առաջին տարիներին Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության կղզյակն էր, այդուամենայնիվ, հանուն արդարության, պետք է նշենք, որ  թե՛ 90-ականների սկզբում, թե՛ առավել եւս դրանից հետո, Հայաստանում  ազատ մամուլ` դասական իմաստով չի եղել: Ցավոք, այսօր  եւս իրավիճակը շատ ավելի բարվոք չէ: Իշխանությունների կողմից պարբերաբար թմբկահարվող   լայնախոհությունն ու հանդուրժողականությունն առավելապես դրսեւորվում են   միայն  տեսանելի էֆեկտի ապահովման համար, իսկ իրականում լրատվամիջոցների  վրա ճնշումները չեն պակասում: Միակ տարբերությունը, թերեւս, դրանց կիրառման պակաս արմատական ձեւերի մեջ է: Այսօր իշխանություններն ավելի շատ գերադասում են «թավշյա» ճնշումների բանեցումը` դա իրականացնելով միջնորդավորված կերպով: Այդ նպատակին էր ուղղված նաեւ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը, որը, խոսքի ազատության տեսանկյունից բարեփոխում թվալով, իրականում նպատակ ուներ պարզապես սննկացնել անցանկալի լրատվամիջոցներին: Արդյունքում` 2010թ. մայիսի 18-ից (երբ կատարվեցին օրենսդրական փոփոխությունները) մինչեւ 2011թ. ավարտը լրատվամիջոցների դեմ 38 դատական հայց ներկայացվեց:  Այս նույն շարքից էր նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը, որը կոչված էր  ապահովել անցումը եթերային  անալոգային հեռարձակումից  թվային հեռարձակման: Դրա արդյունքում 2011թ-ից  մայրաքաղաքում հեռարձակվող  հեռուստաընկերությունների թիվը  կրճատվեց` 22-ից հասնելով 18-ի, եւ լուծվեց իրական գերխնդիրը` Ա1+ը լիցենզիա չստացավ:  Իշխանությունների կողմից  խոսքի ազատության սահմանափակման  զինանոցը այսքանով չի սպառվում: Ցավալին այն է, սակայն, որ դրանում իրենց  տեղն ունեն նաեւ մեր որոշ գործընկերներ եւ լրատվամիջոցների շահերի պաշտպանության նպատակով հատկացվող միջազգային գրանտների հաշվին գոյատեւող կազմակերպություններ: Դրա լավագույն օրինակն է ճիշտ մեկ տարի առաջ այս օրը ստեղծված  Մարդու իրավունքների պաշտպանին կից   Տեղեկատվական վեճերի խորհուրդը, որը, կոչված լինելով պաշտպանել խոսքի ազատությունը, իր մեկամյա գործունեության ընթացքում առավել հաճախ հանդես է եկել  հակառակ դիրքերից` իր փորձագիտական եզրակացություններով փորձելով սահմանափակել այն:




Լրահոս