ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում

Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խաղ էր խաղում: Հ. Ղարագյոզյանին շատ հազվադեպ կարելի է տեսնել խորհրդարանում, իսկ ներկա գտնվելիս էլ հայրենի օրենսդրին չի էլ հետաքրքրում, թե ինչ է կատարվում իր շրջակայքում: Այնպիսի տպավորություն է, որ եկել է ներկա «ստանալու» ու հաճելի ժամանակ անցկացնելու համար: Ի դեպ, Հարություն Ղարագյոզյանն ԱԺ պատգամավոր է դեռեւս Գերագույն խորհրդի ձեւավորման տարիներից:

 

 
ՀԱՐՑ. Արագածոտնի մարզի Մելիքգյուղի բնակիչները մտահոգված են իրենց շրջակա միջավայրի աղտոտման խնդրով: Համայնքում գործող «Մեգո գոլդ» ընկերությունը շահագործում է ոսկու հանքը եւ մտադրված է տարածքում պոչամաբար կառուցել: Կցանկանայի տեղեկանալ՝ այս ընկերության կողմից հանքի շահագործումը օրինակա՞ն է, թե՞ ոչ, եւ եթե այո, ապա ուսումնասիրվել է արդյո՞ք պոչամբարի կառուցման դեպքում հնարավոր բացասական հետեւանքների չափը:

Նվեր Պետրոսյան (28 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարի լրամշակված նախագծի վերաբերյալ 30.06.2014թ. տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական ԲՓ-41 եզրակացություն: Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի փոփոխված աշխատանքային նախագիծը գտնվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության փուլում:

ՀՀ Բնապահպանության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մելիքգյուղի բնակիչները ահազանգում են, որ շնչառական խնդիրներ ունեն, այգիները չորանում են, մշտապես ինչ-որ սպիտակ հեղուկանման զանգված է նստում հողերի վրա: Բնապահպանները դիմել են ոլորտի պատասխանատուին, որպեսզի վերջինս չեղյալ հայտարարի դրական եզրակացություն ստացած Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի նախագիծը, սակայն, ինչպես տեսնում ենք, ոչ ոք ականջալուր չի լինում նրանց բողոքներին:

 

 
ՀԱՐՑ. 1980թ. կնքել եմ վաղեմության պայմանագիր՝ հողատարածք գնելու համար, սակայն պայմանագրում կնիք չի խփվել: Հողատարածքի սեփականատերը 2014թ. սեպտեմբերի 11-ին նոտարով այն գրանցել է հորս անունով: Կցանկանայի տեղեկանալ՝ հողի սեփականատերը ի՞նչ օրենքի կամ հոդվածի հիման վրա կարող է այն գրանցել նրա անվամբ: Անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել վաղեմության պայմանագիրը եւ տվյալ հասցեում բնակվելու փաստաթղթերը:

Աշոտ Ավետիսյան (56 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան քաղաքացի Աշոտ Ավետիսյանի հարցման՝ հայտնում ենք, որ հարցումից պարզ չէ, թե վաղեմության պայմանագիրն օրենսդրորերն ինչ է իրենից ենթադրում: Միաժամանակ հայտնում ենք, որ 1980թ. գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքով (ընդունված 1964թ.) օտարման առարկա կարող էր լինել միայն քաղաքացու անձնական սեփականությունը հանդիսացող կամ համատեղ ապրող ամուսիններին եւ նրանց անչափահաս երեխաներին պատկանող բնակելի տունը, իսկ հողի նկատմամբ սեփականության բացառիկ իրավունքը պատկանում էր պետությանը եւ միայն 1991թ. ՀՀ-ում սկսվեց հողամասերի սեփականաշնորհման գործընթացը:
Ինչ վերաբերում է հողամասի սեփականատիրոջ կողմից ներկայումս այն օտարելուն եւ դրա նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն, ապա հայտնում ենք, որ այն իրականացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Երեւանի քաղաքապետարան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանում սեփականաշնորհման գործընթացը սկսվել է դեռեւս 1990-ականներից, այսինքն՝ հարգելի Ա. Ավետիսյանը սեփականաշնորհման իրավունք ձեռք բերելու համար դեռեւս այդ ժամանակվանից պետք է դիմեր՝ հողատարածքը իր անունով գրանցելու համար: Ցավոք, այսօր պարոն Ա. Ավետիսյանի նման մարդիկ շատ կան մեր հանրապետությունում, իսկ դա միայն ու միայն իրազեկված չլինելու հետեւանք է: Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք ուշադիր եւ հետամուտ Ձեր իրավունքների պաշտպանությանը:

 




Լրահոս