Գ. Ծառուկյանի հարցազրույցը՝ «Նեզավիսիմայա գազետային»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանը չէր կարող անտարբեր մնալ իր ժողովրդի նկատմամբ: Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում: Վերջին շրջանում այս երկրում անհանգիստ է. հաճախացել են հանրահավաքներն ու բողոքի ակցիաները՝ տարբեր պահանջներով: Այն մասին, թե ինչ է կատարվում երկրում, «Նեզավիսիմայա Գազետային» բացառիկ հարցազրույցում պատմել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, հանրապետության խոշորագույն գործարար Գագիկ Ծառուկյանը:

– Վերջին շրջանում Հայաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, Երևանում նախատեսված են խոշոր հանրահավաքներ: Ի՞նչ է սա, նոր «մայդա՞ն»:

-​ Սա ընդամենը հաստատումն է այն բանի, որ մարդիկ հոգնել են վատ կյանքից, անարդարություններից, որ տիրում են երկրում: Միաժամանակ՝ երկրում ձևավորվել է զգալի քաղաքական կոնսոլիդացիա, որն ընդունակ է ձևավորել գրագետ քաղաքական օրակարգ:

Դեռևս հինգ-վեց տարի առաջ ես զգուշացնում էի, որ երկրում տարվում է սխալ տնտեսական քաղաքականություն: Բայց իմ ձայնը հասցեատիրոջը չհասավ, և ասօր մենք ունենք այն, ինչ ունենք: Էապես տուժել է փոքր և միջին բիզնեսը, փակվել է մի քանի հազար ձեռնարկություն: Որպես հետևանք՝ ունենք աղքատության մակարդակի աճ, արտասահմանյան ներդրումների կտրուկ անկում, Հայաստանի տնտեսական աճի տեմպերի էական դանդաղում:

Ահա այս պայմաններում իշխանությունից դուրս գտնվող առավել ազդեցիկ քաղաքական ուժերը ձևակերպեցին պահանջների մի փաթեթ՝ բաղկացած 12 կետից: Սկզբունքորեն՝ այն երկար ճանապարհի միայն սկիզբն է:

Իշխանությունը բավարար ժամանակ ուներ, որպեսզի ճիշտ արձագանքեր ու սկսեր այդ պահանջների իրագործումը: Դա նաև լավ հնարավորություն էր քաղաքական ուժերի հետ ուղիղ երկխոսություն սկսելու համար: Սա չարվեց: Ուրեմն այս պայմաններում ի՞նչ է մնում ժողովրդին: Օգտագործել իր սահմանադրական իրավունքը և պահանջել այս պարզ պահանջների իրականացումը:

Ըստ իս, այսպես կոչված, մայդանները հաճախ մարդկանց ցավ ու տառապանք են բերում: Ես դեմ եմ այդ ճանապարհին: Բայց մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը: Դա նույնպես կորուստների է բերում: Իսկ Հայաստանի պես փոքր երկրների համար այդ կորուստները կարող են շատ ցավոտ լինել:

-​ Ցավոք, մենք նաև գիտենք, որ հետխորհրդային «մայդաններում» հիմնական կարգախոսների թվում հակառուսական հռետորաբանությունն է լինում: Որպես ամենախոշոր ոչ իշխանական ուժի ղեկավար՝ Դուք կարո՞ղ եք բացառել նման զարգացման սցենարը:

-​ Ես համոզված եմ՝ Դուք երբևէ չեք լսել ու հետագայում էլ չեք լսի ինձնից կամ իմ թիմակիցներից որևէ հակառուսական հայտարարություն: Այս կեղծ գաղափարն արհեստականորեն է դրվել շրջանառության մեջ: Ես արդեն նկարագրեցի տիրող իրավիճակը: Մարդիկ իրենց կյանքում դրական փոփոխություններ են պահանջում, և դա որևէ կապ չունի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի հետ:

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ՝ դառնալ աշխարհաքաղաքական շահերի բախման առարկա: Ավելի քան մեկ միլիոն իմ հայրենակիցներ մշտապես կամ ժամանակավորապես բնակվում են Ռուսաստանի տարածքում: Իմ բիզնես գործունեության արդյունքում ես սերտ կապեր եմ հաստատել ռուսաստանյան որոշակի գործարար շրջանակների հետ: Ուզում եմ նաև ընդգծել, որ «Բարգավաճ Հայաստան» և «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունների միջև գործում է համագործակցության մասին հուշագիր:

Մյուս կողմից, հայտնի պատմական իրադարձությունների արդյունքում այսօր միլիոնավոր հայեր են բնակվում նաև արևմտյան երկրներում: Ակնհայտ է, որ Հայաստանը պետք է դառնա մի կենտրոն, որը կմիավորեր նրանց բոլորին:

Ինչ վերաբերում է կոնկրետ հայ-ռուսական հարաբերություններին, ապա ես հետևյալ բանաձևի կողմնակիցն եմ. Հայաստանին պետք է ուժեղ դաշնակից՝ ի դեմս Ռուսաստանի: Բայց այս բանաձևն ունի նաև հակառակ կողմը. Հարավային Կովկասում Ռուսաստանին նույնպես պետք է տնտեսապես ուժեղ և դինամիկ զարգացող դաշնակից՝ ի դեմս Հայաստանի: Ես պնդում եմ, որ սա միակ ճիշտ բանաձևն է, որը մեզ հնարավորություն կտա՝ խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում: Ինչքան ավելի ուժեղ լինի Հայաստանը, այնքան ավելի խորը և ամուր կդառնան հայ-ռուսական հարաբերությունները:

-​ Խոսելով բավականին լուրջ խնդիրներից՝ Դուք, այնուամենայնիվ, դրակա՞ն եք Ձեր կանխատեսումներում:

-​ Ես միանշանակ դրական եմ տրամադրված: Ես պարզապես տեսնում եմ, որ խնդիրների մեծ մասը հնարավոր է լուծել կարճ ժամանակահատվածում:

Ես կուզեի ավելացնել, որ հայ ժողովուրդն ունի ստեղծագործական, մարդկային մեծ ռեսուրս: Պատմականորեն այնպես է ստացվել , որ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս այսօր ավելի շատ հայեր են ապրում, քան բուն երկրում: Ողջ աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած հայերի համար Հայաստանն է հայրենիքը: Գրագետ մոտեցման և ճիշտ գործողությունների պարագայում մենք կարող ենք ողջ այդ հսկայական ռեսուրսն օգտագործել Հայաստանի բարգավաճման համար: Երկրները, որոնք չունեն նավթ, չունեն ելք դեպի ծով, արդյունավետ կառավարման դեպքում կարո՛ղ են լավ տնտեսական և քաղաքական արդյունքների հասնել: Պարզապես մենք մեր կառավարման համակարգով, քաղաքական և սոցիալական ինստիտուտների մակարդակով պետք է միշտ մի քայլ առաջ լինենք: Պատմությունն ապացուցել է, որ հայ ժողովուրդը ցանկանում է աշխատել և ստեղծել: Մարդկանց համար պետք է ընդամենը ստեղծել համապատասխան պայմաններ և առողջ մրցակցության մթնոլորտ:

-​ Դուք հաջողակ գործարար եք, ի՞նչը Ձեզ ի վերջո ստիպեց քաղաքականությամբ զբաղվել: Դուք ինքներդ էիք հայտարարում, որ Ձեզ չեք համարում դասական իմաստով քաղաքական գործիչ:

-​ Այո՛, ես բավականին հաջողակ եմ բիզնեսում, դրա հետ մեկտեղ ստեղծել եմ Հայաստանում ամենահայտնի բարեգործական հիմնադրամը, և հանգիստ կարող էի ապրել միայն իմ ընտանիքի համար: Սակայն ինձ դժվար է անտարբեր մնալ, երբ տեսնում եմ, որ իմ ժողովուրդը տուժում է չինովնիկների սխալների պատճառով: Սա իմ դիրքորոշումն է: Եվ դա բնական է: Ես չեմ կարող անտարբեր լինել իմ երկրի, իմ ժողովրդի հանդեպ: Եվ ես արդեն հայտարարել եմ, որ հենց որ տեսնեմ, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, սկսվել է տնտեսական առողջացման գործընթաց, և հասարակ մարդկանց կյանքն աստիճանաբար դեպի լավն է փոխվում, ես պատրաստ կլինեմ թողնել քաղաքական դաշտն ավելի, այսպես ասենք, դասական քաղաքական գործիչներին:

-​ Հաջողության ի՞նչ բանաձև կառաջարկեիք Հայաստանի համար:

-​ Հասարակական և քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա, որը կբերեր բազմակուսակցական իշխանության՝ օժտված իրական ժողովրդական մանդատով: Արդյունավետ կառավարում, արդար խաղի կանոններ բոլորի համար: Իրականանալի՞ է արդյոք այս ամենը: Ես համոզված եմ, որ՝ միանգամայն: Ահա թե որտեղից է իմ լավատեսությունը: 

Թարգմանությունը` Zham.am-ի




Լրահոս